ԱՆԿԱԽ։ Ադրբեջանում «ծաղկում» է մարդկանց թրաֆիքինգը

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում մեկնարկել է 41-ամյա Այնուր Մամեդովայի գործով դատավարությունը: Վերջինս մեղադրվում է մարդկանց թրաֆիքինգի կազմակերպման, կանանց Թուրքիայում սեռական և աշխատանքային ստրկության մեջ ներգրավելու մեջ: Նրա դեմ ներկայացվել են Ադրբեջանի քերական օրենսգրքի «մարդկանց թրաֆիքինգ» և «մարմնավաճառության մեջ ներգրավում» հոդվածներով մեղադրանքներ: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը, հետաքննության նյութերից պարզվել է, որ իրեն որպես կին գործարար ներկայացած Ռոզա մայրիկը սեռական ստրկության է ենթարկել 5 կանանց՝ ստիպելով թուրքական Իգդիրում գտնվող «Ծիածան» առողջարանական կենտրոնում զբաղվել մարմնավաճառությամբ: Այնուր Մամեդովան հերքել է մեղադրանքները՝ պնդելով, որ այդ կանայք ինքնակամ են տղամարդկանց սեռական ծառայություն մատուցել: Սակայն վերջինիս գործողություններից տուժած կանայք դատական նիստի ընթացքում պատմել են, որ Այնուրը իրենցից խլել է փաստաթղթերը, ահաբեկել և շանտաժի է ենթարկել իրենց: Պարզվել է, որ բոլոր կանայք խաբեությամբ, իբրև թե խանութներում որպես վաճառող, հարուստների տանը որպես ծառայող, ռեստորանում որպես աման լվացող աշխատելու խոստումով հրավիրվել են Թուրքիա: Արդեն տեղում կանայք իմացել են իրենց աշխատանքի իրական բնույթը: Դատավարությունը շարունակվում է: Ադրբեջանի ներքին գործերի նախարարության վիճակագրության համաձայն՝ երկրում մարդկանց թրաֆիքինգի հետ կապված հանցագործությունների թիվն ավելանում է: Ըստ կառույցի տվյալների՝ 2015 թ-ին Ադրբեջանում հայտնաբերվել է թրաֆիքինգի 108 դեպք, ինչը 22 տոկոսով գերազանցում է 2014 թ-ի ցուցանիշը: 2016 թ-ին գրանցվել է 141 փաստ, իսկ 2017 թ-ի՝ 142: Վերջին 12 տարիների ընթացքում Ադրբեջանում մարդկանց թրաֆիքինգով զբաղվելու մեղադրանքով պատասխանատվության է ենթարկվել 486 մարդ, հաջողվել է գտնել 761 տուժածների՝ օգնելով նրանց ինտեգրվել հասարակության մեջ: «Ադրբեջանցի կանայք դառնում են սեռական թրաֆիքինգի զոհ ինչպես հենց իրենց երկրում, այնպես էլ Թուրքիայում, Ռուսաստանում և Միացյալ Արաբական Էմիրություններում: Ադրբեջանցի տղամարդիկ Թուրքիայում, Պակիստանում, Միացյալ Արաբական Էմիրություններում և իրենց հայրենիքում ենթարկվում են հարկադիր աշխատանքի»,- նշված է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի զեկույցում: Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի ղեկավար Էլդար Զեյնալովը հայտնել է, որ պաշտոնական տվյալները չեն համապատասխանում իրականությանը: Իրականում արևմտյան երկրներում մարմնավաճառությամբ զբաղվող ադրբեջանցի կանանց թիվն ավելի շատ է: Այդ մասին վկայում է այն, որ տարեկան Միացյալ Էմիրությունների հասարակաց տներում հայտնաբերվում են 4-5 հազար կանայք, որոնց մոտ 30 տոկոսն Ադրբեջանի քաղաքացիներ են:

 

Հեղինակ՝ ԱՆԿԱԽ նորություններ http://ankakh.com/article/95622/adrbyedjanum-%C2%ABtsaghkum%C2%BB-e-mardkants-thrafiqinge

Share