Գյումրիի երիտասարդներն ընդդեմ թրաֆիքինգի

Երրորդ տարին անընդմեջ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը «ԱՐՏ ՍԱՅԹ ստուդիա»-յի հետ համատեղ իրականացնում է  «Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ երիտասարդների իրազեկության բարձրացում» ծրագիրը, որի նպատակն է կանխարգելել վտանգը՝ դասընթացների և ինտերակտիվ մրցակցային խաղերի միջոցով:   

Ծրագիրը սովորաբար իրականացվում է այն վայրում, որն այդ տարի ճանաչվել է երիտասարդական մայրաքաղաք: Դասընթացներ և ինտերակտիվ խաղեր արդեն իսկ անցկացվել են Սիսիան և Ստեփանավան քաղաքներում, իսկ այս տարի հերթը Գյումրիինն էր:

Ծրագիրն իրականացնելու համար հավաքագրվեց 20 երիտասարդ Գյումրի քաղաքից: Մասնակիցները ուսանողներ, ավագ դպրոցի աշակերտներ, պետական և հասարակական կառույցների կամավորներ, մանկավարժներ և ծրագրավորողներ էին:

photo-1

Ծրագրի դասընթացային հատվածը իրականացվեց Գյումրիի Երիտասարդական պալատում հոկտեմբեր ամսին և նպատակաուղղված էր մասնակիցներին ուսուցանել մարդկանց թրաֆիքինգի, միգրացիայի և Գյումրիի պատմամշակութային արժեքների մասին:

Թրաֆիքինգի հարցերով փորձագետ Ռոբերտ Գրիգորյանը  հանդիպման ժամանակ պարզաբանեց թրաֆիքինգ հասկացությունը, տվեց վիճակագրական տվյալները ՀՀ-ում և արտասահմանում և ներկայացրեց, թե որ դեպքը կարող է որակավորվել մարդկանց թրաֆիքինգ, որը՝ ոչ: Փորձագետի օժանդակությամբ տարանջատվեց, թե ինչ միջոցներ են կիրառվում անձին թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկելիս: Բանախոսն անդրադարձավ նաև մարդկանց շահագործման դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման հայեցակարգին, գործողությունների ազգային ծրագրին, ներկայացրեց թրաֆիքինգի դեմ պայքարում խնդիրների վերացման ուղիները և ՀՀ տարբեր գերատեսչությունների գործառույթները:

Հանդիպման ժամանակ  միգրացիայի հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանը խոսեց միգրացիոն հոսքերից և այն ծնող խնդիրներից: Ներկայացրեց, ով է աշխատանքային միգրանտը, փախստականը, ապաստան հայցողը: Համընդհանուր նկարագիր տվեց, թե ինչ է արտաքսումը, ռեադմիսիան, ինչպես նաև խոսեց շենգենյան համաձայնագրի մասին: Մեկնաբանեց արտերկիր մեկնած ՀՀ քաղաքացու գործողությունների հաջորդականությունը՝ տվյալ երկրում իրավական կարգավիճակ ձեռք բերելու համար:  Հատուկ կերպով առանձնացրեց, թե ինչ  պետք  է իմանա ՀՀ  քաղաքացին  ՌԴ  մեկնելիս և  ինչ  փաստաթղթեր  են անհրաժեշտ  ՀՀ  քաղաքացուն` ՌԴ-ում աշխատելու  համար: Հղումներ կատարեց նաև մուտքի և ելքի վիզաների ձեռք բերման, դրանց ժամկետների թարմացման մեխանիզմների մասին:

Դասընթացի վերջին հատվածում փորձագետ Լիլիթ Մակարյանը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց Գյումրիի պատմությանն ու անցած ճանապարհին: Խոսեց քաղաքի անվան ծագումնաբանության տեսակետների մասին: Նա պատմեց քաղաքի զինանշանի ստեղծման, կիրառված խորհրդանշանների մասին: Խոսեց նաև հին ու նոր կառույցներից, կոթողներից, Գյումրիի նշանավոր մարդկանցից, թեմատիկ գրքերից ու ֆիլմերից:

Դասընթացն ամփոփեց փորձագետ Արզուման Հարությունյանը, ով մասնակիցների հնչեցրած յուրաքանչյուր հարցին տվեց մատչելի պատասխան և բացատրություն՝ ուղղորդելով և մոտիվացնելով երիտասարդներին վերոհիշյալ թեմաների վերաբերյալ ավելացնել գիտելիքները և իրազեկող օղակ հանդիսանալ թրաֆիքինգի դեմ պայքարում:

finԴասընթացի անցկացումից հետո մասնակիցներին տրվեց մեկ ամիս ժամանակ՝ ստացած նոր գիտելիքներն ամրապնդելու և առաջիկա խաղին պատրաստվելու համար: Ծրագրի խաղային հատվածին առավել լավ պատրաստվելու համար երիտասարդներին տրամադրվեց թրաֆիքինգի, միգրացիայի և մշակույթի թեմաներով ներկայացումներ և  հղումներ:

Ինչպես և նախանշված էր ծրագրի դասընթացային հատվածից մեկ ամիս անց նոյեմբերի 26-ին մեկնարկեց մրցակցային խաղը՝  Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների կենտրոնում: Դասընթացին մասնակցած 20 երիտասարդներից ձևավորվեց 5 թիմ՝ 4 մասնակցով: Թիմերը խաղին ներկայացան ծրագրի պատասխանատուների կողմից տրամադրված հագուստով և գլխարկներով, որոնք խորհրդանշում էին հայոց եռագույնը:   

Խաղի անկողմնակալությունն ու անաչառությունն ապահովելու համար օգտագործվեց նախօրոք մշակված համակարգչային ծրագիր: Ծրագիրն այնպես է նախագծված, որ յուրաքանչյուր թիմ կարող է տեսնել, թե որ հարցին է ճիշտ պատասխանել, ինչքան ժամանակ է ծախսել հարցին պատասխանելիս և ինչ կարգավիճակ ունի մրցակցային աղյուսակում:

Խաղի ընթացակարգը հետևյալն էր. խաղավարի կողմից հնչում է հարցի նախապատմությունը, ապա՝ հարցը: Վաթսուն վայրկյանի ընթացքում թիմը ընտրում է պատասխանը: Հատկանշական է, որ արդյունքների հաշվարկման ժամանակ դիտարկվում են միանգամից երկու դրույթ. ճիշտ պատասխան և արագություն: Ելնելով խաղի կանոնակարգից՝ առաջին մրցանակային տեղ զբաղեցնում է այն թիմը, որն ամենակարճ ժամանակահատվածում հավաքում է ամենաշատ միավորներ:

Խաղի ընթացքը բուռն էր ու թիմերի միջև ընթացող պայքարը՝ ակներև: Մրցում էին «ԱՌՏ», «Թռիչք», «Help me», «Յուվենտուս» և «Տիգրան Մեծ» թիմերը: Յուրաքանչյուր թիմ փորձում էր գիտելիքներով և արագ կողմնորոշվելու կարողությամբ առաջ անցնել իր մրցակիցներից: Այդ էր պատճառը, որ մ

րցանակային տեղերը խաղի ամբողջ ընթացքում անընդհատ փոխվում էին:

Հնչեց 45 հարց. տասնհինգական հարց մարդկանց թրաֆիքինգի, միգրացիայի և Գյումրիի պատմամշակութային արժեքների վերաբերյալ: Խաղի ողջ ընթացքն առողջ մրցակցության մթնոլորտում էր՝ ոգևորող կազմակերպիչների, հանդիսատեսի և թիմերի երկրպագուների անմիջական մասնակցությամբ:

Խաղն ավարտվեց, և խաղավար Դավիթ Գրիգորյանը հնչեցրեց հաղթող թիմերի անունները:

Հինգերորդ տեղում էր «Տիգրան Մեծ» թիմը, որը գրանցեց 21 միավոր՝ 385 վայրկյանում:

Չորրորդ տեղում էր «Help me» թիմը, որը հավաքել էր 31 միավոր՝ 448 վայրկյանում:

Երրորդ մրցանակային տեղում էր «Յուվենտուս» թիմը, որը գրանցեց 35 միավոր՝ 388 վայրկյանում: Թիմի յուրաքանչյուր մասնակից պարգևատրվեց սելֆի մոնոփոդով:

Երկրորդ մրցանակային տեղում էր «Թռիչք» թիմը, որը գրանցեց 35 միավոր՝ 299 վայրկյանում: Այս թիմի ներկայացուցիչները պարգևատրվեցին անլար ականջակալներով:

Առաջին հորիզոնականում էր «ԱՌՏ» թիմը, որը 311 վայրկյանում 45 հարցերից 37-ին տվեց ճիշտ պատասխան: Այս թիմի ներկայացուցիչները պարգևատրվեցին երաժշտական կենտրոններով:

Մրցանակներն այսքանով չսահմանափակվեցին.      

Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի տնօրեն Ամալյա Եղոյանը հավելեց.

-Մենք, հաղթող թիմին, երկուշաբթի օրվանից հրավիրում ենք Գյումրիի Տեխնոլոգիաների Կենտրոն` մեր աշխատանքային տարածքներից մեկում, մենթորների օգնությամբ Java ծրագրավորման լեզվի միջոցով Թրաֆիքինգի դեմ պայքարի խաղ գրելու համար:

Գյումրիի Երիտասարդական պալատն իր կողմից խաղի 5 թիմերին հանձնեց Գյումրիի պատմամշակութային արժեքները խորհրդանշող մրցանակներ:

Բոլոր պարգևները նպատակային էին՝ հատուկ ընտրված: Դրանք անփոխարինելի են առողջ ապրելակերպ վարող երիտասարդների համար:

photo-2Խաղի և դասընթացի ուղղակի և անուղղակի կազմակերպիչներ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը«ԱՐՏ ՍԱՅԹ ստուդիան», Գյումրիի  քաղաքապետարանը, Գյումրիի Երիտասարդական պալատը, Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը, Գյումրիի «Ցայգ» հեռուստաընկերությունը , փայլուն իրականացնելով իրենց աշխատանքը, Գյումրիի  երիտասարդներին հնարավորություն տվեցին համալրել և ամրապնդել գիտելիքների պաշարը:

Խաղի ֆոտոշարքը այս հղումով՝ https://www.facebook.com/pg/Anti-Trafficking-Information-Platform-in-Armenia-815159858497419/photos/?tab=album&album_id=1510364445643620

Դասընթացի ֆոտոշարքը այս հղումով՝ https://www.facebook.com/pg/Anti-Trafficking-Information-Platform-in-Armenia-815159858497419/photos/?tab=album&album_id=1480227385323993

«Ցայգ» հեռուստաընկերության ռոպորտաժները դասընթացի և խաղի վերաբերյալ այս հղումներով՝

https://www.youtube.com/watch?v=BQTNWUcBA0c (դիտել 4:24-7:54 հատվածը)

https://www.youtube.com/watch?v=NSNQkZuLdP8