Դեսպան Վահրամ Կաժոյանի ելույթը մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ԵԱՀԿ դաշինքի 18-րդ հանդիպման ընթացքում

«Յուրաքանչյուր ոք ունի իր դերակատարությունը. ինչպես համատեղ հասնել փոփոխության», 2018 թվականի ապրիլի 23-24, Վիեննա

«Հարգելի տիկին Ժարբուսինովա,
Պարոն Մոդերատոր,
Մեծարգո դեսպաններ,
Հարգելի գործընկերներ,
Տիկնայք և պարոնայք,

Արդեն տասնամյակից ավելի է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ակտիվորեն պայքարում է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ և այդ տարիների ընթացքում ձեռք է բերել շոշափելի արդյունքներ: Դա հնարավոր է դարձել այդ հարցի հետ առնչվող բոլոր շահագրգիռ կողմերի՝ պետական կառույցների, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների միջև հաստատված արդյունավետ համագործակցության շնորհիվ:

Հայաստանը հիմնականում հանդիսանում է թրաֆիքինգի ծագման երկիր տղամարդկանց, կանանց և երեխաների, և հատկապես աշխատանքային և սեռական թրաֆիքինգի՝ կանանց և տղամարդկանց համար: Վերջին ժամանակներում մարդկանց թրաֆիքինգի միտումները փոխվել են նախորդ տարիների համեմատ, երբ հայ կանայք սեռական շահագործման նպատակով թրաֆիքինգի էին ենթարկվում հիմնականում Թուրքիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ): Ներկայումս աճում է ներքին թրաֆիքինգը կանանց սեռական շահագործման և տղամարդկանց հարկադիր աշխատանքի ուղղությամբ: Այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է մնալ ծագման երկիր ԱՄԷ-ի և Թուրքիայի համար կանանց և աղջիկների սեռական շահագործման տեսանկյունից, իսկ Ռուսաստանի և Թուրքիայի համար տղամարդկանց հարկադիր աշխատանքի տեսանկյունից։

Այս տարիների ընթացքում մենք նախաձեռնել ենք բազմաթիվ բարեփոխումներ ազգային մակարդակով, ինչպես նաև ակտիվորեն համագործակցել ենք ոլորտում ներգրավված բոլոր միջազգային կազմակերպությունների հետ: Սկսած 2004 թվականից ՀՀ կառավարության կողմից ընդունվել է հինգ գործողությունների ազգային եռամյա ծրագիր: Ներկայումս գործում է հինգերորդ ազգային ծրագիրը՝ 2016-2018 թվականների համար: 2010 թվականից սկսած հակաթրաֆիքինգային աշխատանքները ուղղված են պետության կողմից իրականացվող միջոցառումների արդյունավետության առավելագույն մակարդակի ապահովմանը, հատկապես կանխարգելման և զոհերին աջակցության ուղղությամբ՝ ստեղծելով անհրաժեշտ կառուցվածքային, օրենսդրական և ֆինանսական հիմք, ինչպես նաև զարգացնելով ոլորտում գործող կառույցների կարողությունները: Թրաֆիքինգի դեմ պայքարի ընթացիկ քաղաքականության շարունակությունն ապահովելու համար իրականացվում են նաև հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումներ: Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի խորհուրդն իր հավանությունն է տվել www.antitrafficking.am պաշտոնական կայքի գործունեությունը, որը հիմնադրվել է «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից: Խորհուրդն անցկացնում է նաև ամենամյա մրցանակաբաշխություն` մարդկանց թրաֆիքինգի և շահագործման երևույթի և դրա դեմ պայքարի վերաբերյալ լավագույն լրագրողական լուսաբանման համար:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Պալերմոյի արձանագրության, Եվրոպայի խորհրդի «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի մասին» կոնվենցիայի պահանջներին և այլ միջազգային պարտավորություններին համապատասխանեցնելու նպատակով, ընդունվել է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև օրենքի կիրարկումն ապահովող 7 ենթաօրենսրդրական ակտերը:

Օրենքը կարգավորում է թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված, այդ թվում՝ օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց նույնացման և աջակցության, նրանց համապատասխան կացության կարգավիճակ տրամադրելու և անվտանգ վերադարձի ընթացակարգերը:
Օրենքի դրույթների համաձայն՝ թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անցանց նույնացումը և նրանց տրամադրվող աջակցությունը փոխկապակցված չէ վերջիններիս կողմից իրավապահ մարմինների հետ համագործակցելու հանգամանքից:Աջակցությունը ներառում է նաև պետության կողմից տրամադրվող միանվագ դրամական փոխհատուցում:

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված զոհերի նույնականացման կարևոր առանձնահատկություններից մեկը, որն ամրագրվել է նոր Օրենքով, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի ստեղծումն է՝ որպես առանձին մարմին, որում ներկայացված են մասնագետներ թե իրավապահ մարմիններից և սոցիալական աջակցության գործընկերներից և թե հասարակական կազմակերպություններից՝ ներգրավված զոհերի աջակցության տրամադրման ծրագրերում: Այսինքն, ցանկացած պահի, երբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները կասկածում են, որ անձը կարող է լինել թրաֆիքինգի կամ շահագործման զոհ, նրանց անմիջապես ուղղորդում են այդ անձին դեպի զոհերի նույնացման հանձնաժողով և տեղեկացնում վերջինիս:

Երկրորդ կարևոր կետը` օրենքի ընդունումով չեղարկվեց 2008 թ. ընդունված «Մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ ենթարկված անձանց գային ուղղորդման կարգը» և վերանայվեցին թրաֆիքինգի ենթարկված անձանց նույնացման ընթացակարգերը: Փոփոխությունները կատարվել են հիմք ընդունելով Մադինա Ժարբուսինովայի Հայաստան կատարած այցի արդյունքում լույս տեսած զեկույցը Եվրոպայի խորհրդի GRETA առաջին գնահատման զեկույցը և ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մեր գործընկերների կողմից իրականացվող մոնիտորինգի արդյունքները: Ներկայումս, նոր օրենքի համաձայն, զոհի նույնացումը կատարվում է երկու փուլով` նախնական նույնացում և նույնացում, ինչը լիովին տարանջատված է քրեական դատավարությունից և որևէ կերպ չի դիտարկում որպես զոհի կողմից իրավապահ մարմինների հետ համագործակցության նախապայման:

Միջգերատեսչական համագործակցությունը մեր հաջողությունների գրավականն է զոհերի նույնացման, ուղղորդման, աջակցության և վերաինտեգրման բոլոր փուլերում, ինչպես նաև նրանց անվտանգ վերադարձի գործընթացներում: Զոհերի կարիքներն ու շահերը ընկած են նրանց պաշտպանության հիմքում , քանզի այդ համագործակցության հիմնական նպատակն է` նրանց իրավունքների վերականգնումը:

Սա հնարավոր դարձավ մի քանի պատճառներով.

Առաջին հերթին ես կցանկանայի նշել քաղաքական կամքը: Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից մեկն է:

Երկրորդը կարողությունների շարունակական ուժեղացումն է բոլոր այն օղակներում, որոնք ներգրավված են զոհերի նույնացման, ուղղորդման, աջակցության և վերաինտեգրման գործընթացներում՝ այդ թվում ոստիկանության աշխատակիցների, սոցիալական աշխատողների, զբաղվածության գործակալությունների, խոցելի խմբերի հետ աշխատող հասարակական կազմակերպությունների, լրագրողների, ուսուցիչների, տեղական իշխանությունների, առողջապահական հաստատությունների, հյուպատոսական ծառայությունների, սահմանապահների և այլն:

Եվ վերջապես, դա ինչպես հորիզոնական, այնպես էլ ուղղահայաց ջանքերի համակարգումն է, ներառյալ առաջնագծի դերակատարները, թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի անդամները և Խորհրդի ներկայացուցիչները:

Ավելին, 2015 թ. հունիսի 4-ին Երևանում կայացավ Համընդհանուր իրավունքների ամենամյա մրցանակաբաշխությունը, որին մասնակցեցին ՀՀ պետական պաշտոնյաներ, օտարերկյա դիվանագետներ, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խումբը «Կառավարության բարեփոխիչ» անվանակարգում արժանացավ 2015 թվականի Համընդհանուր իրավունքների մրցանակին:
Մեր միջազգային գործընկերների կարծիքով, թրաֆիքինգի դեմ պայքարի խմբի աշխատանքը կարող է ծառայել որպես դերակատարների միջև գերազանց համագործակցության և համակարգվածության մոդել: Վերջին տարիներին աշխատանքային խմբի արդյունավետ, բազմաքայլ ու բազմանդամ համագործակցության շնորհիվ հնարավոր դարձավ իրականացնել աշխատանքային շահագործման ենթարկված ՀՀ մի քանի քաղաքացիների վերադարձը Հայաստան:

Շնորհակալություն։»

Share