Թրաֆիքինգի զոհերի աջակցության մասին նոր օրենքի պարզաբանումը Արագածոտնի և Կոտայքի մարզերի պետական կառույցների ներկայացուցիչներին

«Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն «Թրաֆիքինգի դեմ պայքարի իրավական հարթակի հասանելիության դյուրացում» ծրագրի շրջանակներում  Կոտայք և Արագածոտն մարզերի զբաղվածության պետական գործակալությունների,  խնամակալության և հոգաբարձության կենտրոնների, քաղաքապետարանների իրավաբանական բաժինների աշխատակիցների համար կազմակերպեց դասընթաց՝ «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին օրենքի իրազեկում» թեմայով: Սեմինարի բուն նպատակը նոր օրենքի դրույթների ներկայացնումն ու պարզաբանումն էր, որպեսզի նշված ծառայությունները իրականացնող աշխատակիցները կարողանան բավար տեղեկատվություն տրամադրել և ճիշտ ուղղորդել պոտենցիալ շահառուներին: Դասընթացին ներգրավված էին Նոր Հաճըն, Կոտայք, Ծաղկաձոր, Եղվարդ, Աբովյան, Չարենցավան, Բյուրեղավան, Ապարան և Թալին համայնքների ներկայացուցիչները:

Դասընթացը վարեցին ոլորտի լավագույն փորձագետներ Դավիթ Թումասյանը (ՀՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության ՀԿԳ ավագ քննիչ,  իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ), Նվեր Սարգսյանը (անկախ փորձագետ) և Արզուման Հարությունյանը («Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ), որոնց շնորհիվ պարզաբանվեց թրաֆիքինգ հասկացությունը և ոլորտը կարգավորող օրենսդրությունը,  ներկայացվեց թե ինչ է հարկադիր աշխատանքը և դրա տեսակներն ու դրսևորման ձևերը: Խոսվեց նաև հարկադիր աշխատանքի տեղական ու միջազգային մոտեցումների մասին:

last

Դասընթացին մասնակից թիրախային մարզերի (Կոտայք և Արագածոտն) համապատասխան կառույցների աշխատակիցներին հստակ  ներկայացվեց մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկվածների անձնական տվյալների պաշտպանության, նրանց տրամադրվող պետական և ոչ պետական աջակցության ծրագրերի մասին: Հնչեցին հարցեր, որոնք անմիջական կապ ունեին մասնակիցների աշխատանքային գործունեության հետ: Բարձրաձայնված խնդիրները գուցե ուղղակի առումով դասընթացի թեմայի շրջանակներում չէին, այնուհանդերձ, փորձագետները տվեցին մասնագիտական խորհրդատվություն և ուղղորդում։ Դասընթացի ձևաչափը գործնական պարապմունքների տեսքով էր՝ համակցված ակտիվ քննարկումներով և խմբային աշխատանքներով:

Վարժանքների ավարտին մասնակիցները հաստատեցին այն համոզմունքը, որ թրաֆիքինգի դեմ պայքարի արդյունավետությունը մեծապես կախված է յուրաքանչյուրիս գիտելիքներից և շրջապատի հանդեպ ունեցած վերաբերմունքից։

Նկատվեց նաև, որ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում աշխատանքային խմբի ընտրած գործունեության մոդելը լավագույն տարբերակն է՝ ցանկալի արդյունքների հասնելու համար։

Դասընթացի ավարտին Ա. Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ծրագրի նվիրատու ԱՄՆ ժողովրդին և ՀՀ կառավարությանը, ինչպես նաև մասնակիցներին, որոնք, իրենց ոչ աշխատանքային օրը նվիրել էին հանրային խնդիրների կարգավորմանը և նոր գիտելիքների ձեռքբերմանը։

Հանդիպման լուսանկարներն այս հղմամբ՝ https://www.facebook.com/media/set/?set=a.1438295639517168.1073741889.815159858497419&type=1&l=b7dbc2d86f 

Share