Կայացավ Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխություն 2015-ը

ByAAVR

Կայացավ Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխություն 2015-ը

Այսօր, ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում արդեն չորրորդ անգամ կայացավ «Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխություն 2015-ը»:

Մրցանակաբաշխությունը չորս տարի առաջ նախաձեռնել է ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդը և մինչ այսօր այն անընդմեջ կազմակերպում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն (Մրցանակաբաշխության ժամանակագրությունը կարող եք տեսնել այստեղ՝ http://goo.gl/Gxp76W):

Լավագույն լրագրողական աշխատանքներն ընտրում է մասնագիտական ժյուրին, որում ընդգրկված են թրաֆիքինգի հարցերով փորձագետներ և լրագրողներ:

Մրցանակաբաշխությունն ամենամյա է, անցկացվում է արդեն չորրորդ անգամ և նպատակ ունի թեմային անդրադարձող լրագրողներին և հեղինակներին խրախուսելու միջոցով նպաստել թրաֆիքինգի երևույթի և դրա դեմ պայքարի աշխատանքների մասին հանրային իրազեկման մակարդակի բարձրացմանը:

Այս տարի մրցույթին մասնակցել են 2014 թվականի մայիսի 15-ից մինչեւ 2015-ի մայիսի 15-ը հրապարակված տպագիր, առցանց, ռադիո եւ հեռուստատեսային լրագրողական նյութեր։

Մրցանակաբաշխությունը իր խոսքով բացեց Հայաստանի փոխվարչապետ, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նախագահ Վաչե Գաբրիելյանը, կարևորելով ԶԼՄ-ների դերը թրաֆիքինգի դեմ պայքարում:

Իր խոսքում Վ. Գաբրիելյանը նաև ընգծեց, որ բոլոր կառույցների՝ հասարակական կազմակերպությունների, պետական մարմինների եւ նաև լրատվամիջոցների աշխատանքը պետք է միտված լինի առաջին հերթին թրաֆիքինգի կանխարգելմանը։

Մրցույթի կազմակերպիչ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լիանա Դոյդոյանի խոսքով, լավագույն լրագրողական նյութերն ընտրվել են մասնագիտական ժյուրիի կողմից, որում ընդգրկված են թրաֆիքինգի հարցերով փորձագետներ և լրագրողներ։

«Տպագիր և առցանց լրատվամիջոցներ» անվանակարգում 1-ին մրցանակը շնորհվել է «Արտակարգ թերթի» լրագրող Աննա Հայրապետյանին՝ «Թրաֆիքինգ. Իսկական ստրկություն» նյութի համար, 2-րդ տեղը Yereven.today խմբագրակազմին՝ «Կյանքի փակուղում հայտնվածները» հրապարակման համար։ «Հեռուստատեսություն և ռադիո անվանակարգում» 1-ին և 3-րդ տեղեր չեն եղել, իսկ 2-րդը շնորհվել է «Երկիր մեդիա»  հեռուստաընկերության լրագրող Կարինե Մանգասարյանին՝ «Հայաստանը թրաֆիքինգի դեմ պայքարում հաջողություններ է գրանցում» հեռուստանյութի համար։

Մրցանակաբաշխության լուսանկարները տե՛ս Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխություն 2015 ալբոմում:

 

Share

About the author

AAVR administrator