ՀՀ-ում մարդկանց շահագործման և թրաֆիքինգի հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստ

2015 թվականի հոկտեմբերի 20-ին կայացավ ՀՀ-ում թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի աշխատանքային խմբի հերթական նիստը:

Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի Հայաստանի հարցերով պատասխանատու Թեդ Մասսեյը, ով Հայաստանում է՝ գնատահելու թրաֆիքինգի դեմ պայքարի հետ կապված իրավիճակը: Ներկայացնելով իր գնահատականն այս ոլորտում՝ նա նշեց. «Շատ հաճելի է Վաշինգտոնից տեսնել Հայաստանում թրաֆիքինգի դեմ ուղղված պայքարի հաջողություններն ու առաջընթացը: Աշխատել եմ տարբեր երկրների հետ, և Հայաստանի փորձը ոչ միայն ԱՊՀ երկրներում, այլ նաև ամբողջ աշխարհում օրինակելի է»:

Մինչ Աշխատանքային խմբի օրակարգին անցնելը, պ-ն Կաժոյանը տեղեկացրեց, որ Աշխատանքային խմբում փոխվել են Էկոնոմիկայի, Ֆինանսների, Արդարադատության, Առողջապահության նախարարությունների և Ազգային Ժողովի ներկայցուցիչները։ Միաժամանակ տեղեկացրեց, որ հնարավոր է՝  ՀՀ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի Խորհրդի կազմում ընդգրկվեն  ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդի և ՀՀ Քնչական կոմիտեի ներկայացուցիչները:

Օրակարգի հիմնական հարցը ՀՀ-ում 2016-2018թթ․-ներին մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի վերաբերյալ աշխատանքային խմբի անդամների կողմից արված առաջարկությունների քննարկումն ու լրամշակումն էր:

Քննարկման առարկա դարձան հանրության իրազեկմանը վերաբերող մի քանի ձևակերպումներ: Խոսվեց ՀՀ սահմանային անցակետերում, ինչպես նաև առողջապահական, կրթական ծառայություններ մատուցող հաստատություններում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման մասին տեղեկատվական նյութերի տրամադրման խնդիրների շուրջ: Վերաձևակերպումներ արվեցին երիտասարդության իրազեկության բարձրացման, ինչպես նաև ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների, սփյուռքի համայնքային և եկեղեցական կառույցների միջոցով արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների շրջանում մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ իրազեկմանը, տեղեկատվական նյութերի տրամադրմանը վերաբերող կետերում:

Ծրագրի 2.1.6 կետը՝ «ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի խորհրդում ներկայացված նախարարությունների և գերատեսչությունների պաշտոնական կայքերում տեղադրել www.antitrafficking.am կայքի հղումը» որոշվեց, որ այն նպատակներից տեղափոխել գործողությունների մաս և ներկայացնել Խորհրդի հաստատմանը:

Մեծ քննարկում ծավալվեց զբոսաշրջային  գործակալություններում, տրանսպորտային ծառայություններ տրամադրող կազմակերպություններում թրաֆիքինգի ռիսկերի վերաբերյալ աշխատակիցների իրազեկության բարձրացման ուղղությամբ:

Խոսվեց ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության հայտարարման մասին, որը ներառված է գործող ազգային ծրագրում։

Քննարկումների արդյունքում ազգային ծրագիրը ստացավ վերջնական տեսք, որը խմբագրելուց հետո կներկայացվի Խորհրդի հաստատմանը։

Լուսանկարները հասանելի են մեր ֆեյսբուքյան էջում այս հղումով՝ 20/10/2015. Աշխատանքային խմբի հերթական նիստը