Մարդկանց թրաֆիքինգի մասին 2017 թ.-ի զեկույցի (TIP Report) վերլուծությունը հայաստանյան հաջողված օրինակով

Մարդկանց թրաֆիքինգն աշխարհում ամենաշահութաբեր հանցագործություններից մեկն է:

Գոյություն ունի թրաֆիքինգի հետևյալ հիմնական տեսակները.

  • սեռական թրաֆիքինգ
  • հարկադիր աշխատանք
  • երեխաների թրաֆիքինգ
  • օրգան-հյուսվածքների վաճառք

Դեպքը թրաֆիքինգ որակավորելու համար անհրաժեշտ են հետևյալ երեք նախապայմանները.

  • գործողություն (մարդուն հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը, ստանալը)
  • միջոց (բռնության գործադրում, սպառնալիք, հարկադրանք, առևանգում, խաբեություն, վստահության չարաշահում, իրավիճակի խոցելիության օգտագործում)
  • շահագործման նպատակ (սեռական շահագործում, հարկադիր աշխատանք, ստրկացում, մարմնի մասերի և օրգանների կորզում)

Վերոնշյալ բոլոր գործողություններն իրականացնում են թրաֆիքյորները, որոնք կարող են անձամբ ճանաչել կամ չճանաչել զոհին: Ըստ ՀՀ Ոստիկանության տվյալների՝ ՀՀ-ում արձանագրվել են դեպքեր, երբ թրաֆիքյորները հանդիսացել են զոհերի ազգականներ կամ բարեկամներ, անգամ նախաձեռնող դերում եղել են հենց ծնողները: Թրաֆիքյորները գեղեցիկ խոստումներով մոլորեցնում են զոհին՝ երաշխավորելով եկամտաբեր աշխատանք հայրենիքում կամ արտերկրում: Խոստումները կարող են լինել սկսած ոչ մասնագիտական աշխատանքի դիմաց կարճ ժամանակահատվածում խոշոր եկամուտներ ստանալուց մինչև մասնագիտական կարիերան արտասահմանյան հանրահայտ կազմակերպությունում սկսելը կամ շարունակելը: Եթե առաջ դա արվում էր միջանձնային շփման, հեռախոսակապի կամ մեկ այլ՝ երրորդ մարդու միջամտությամբ, ապա այսօր բավական է ունենալ համացանց և լինել սոցիալական կայքերից որևէ մեկում:

Թրաֆիքինգն անդրազգային կազմակերպված հանցավորություն է, որի դեմ պետք է պայքարել համատեղ ուժերով: ԱՄՆ Պետդեպարտամենտը, 2001 թվականից սկսած, յուրաքանչյուր տարի հրապարակում է «Մարդկանց թրաֆիքինգի մասին» զեկույցը(TIP Report), որն իր մեջ ներառում է ամբողջական տեղեկատվություն տվյալ տարվա կտրվածքով երկրների կառավարությունների կողմից իրականացված աշխատանքների՝  զոհերի աջակցության, պաշտպանության, կանխարգելման, իրազեկման, քրեական հետապնդման մասին հստակ տեղեկատվություն, ինչպես նաև առաջարկներ տվյալ երկրի կառավարությանը՝ բարելավելու թրաֆիքինգի դեմ պայքարի արդյունքները:

2017թ.-ի զեկույցը մասնավորապես կենտրոնանում է 178  երկրների կառավարությունների պատասխանատվության վերահսկողության բարձրացման վրա. այն է՝ պատասխանատվության ենթարկել հանցագործներին և կանխել մարդկանց թրաֆիքինգը ամբողջ աշխարհում: Զեկույցը նախատեսված է նաև կառավարություններին օգնելու՝ դեպքերի բացահայտման և իրավապահ մարմիններին՝  համապատասխան գործողություններ ձեռնարկելիս:

2017 թվականի «Մարդկանց թրաֆիքինգի մասին» զեկույցն առավել ուշադրություն է դարձնում մարդկանց թրաֆիքինգի ենթարկվածների քրեական պատասխանատվությունը 3P (prosecution, protection and prevention) բաղադրիչով, այն է՝ հետապնդում, պաշտպանություն և կանխարգելում:

Թրաֆիքինգի տեսանկյունից գոյություն ունեն 3 տիպի երկրներ.

  • սկզբնաղբյուր, որտեղից հավաքագրվում են պոտենցիալ զոհերը
  • տարանցիկ, որտեղով տեղափոխում են թրաֆիքինգի զոհերին
  • նպատակակետ, որտեղ իրականացվում է զոհերի բուն շահագործումը

Ըստ վերոնշյալ զեկույցի՝ Հայաստանը սկզբնաղբյուր և նպատակակետ (ավելի փոքր ծավալով) երկիր է աշխատանքային և սեռական թրաֆիքինգի ենթարկվող տղամարդկանց, կանանց և երեխաների համար:

Ըստ «Մարդկանց թրաֆիքինգի մասին» զեկույցի՝ իրականացվող աշխատանքների առումով երկրները ներառվում են հետևյալ հիմնական խմբերում.

3-րդ խումբ երկրներ, որտեղ առկա է թրաֆիքինգ երևույթը, սակայն երկրների կառավարությունները չեն բավարարում թրաֆիքինգի դեմ պայքարի նվազագույն ստանդարտները (TVPA), և այդ ուղղությամբ նկատելի ջանքեր չեն իրականացնում: 2017 թվականին այս շարքում են դասվել Ռուսաստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Բելառուսը, Իրանը և ևս 18 երկիր:

2-րդ սահմանային (Watch List) խումբ: Երկրներ, որոնց թրաֆիքինգի դեմ պայքարում իրականացրած գործողությունները ավելի բարվոք են: Ի տարբերություն 3-րդ խումբ երկրների՝ այստեղ թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցառումներ գրեթե չեն տարվում, սակայն ձեռնարկվում են որոշ կարևոր քայլեր՝ համապատասխանելու վերոհիշյալ չափանիշներին: Այս խմբում 2017 թվականի տվյալներով ներառված   են Բուլղարիան, Հունգարիան, Մոլդովան, Սերբիան, Իրաքը, Սաուդիան Արաբիան և 38 երկիր:

2-րդ խումբ երկրներ, որոնք ոչ ամբողջությամբ են համապատասխանում թրաֆիքինգի դեմ պայքարի իրականացման նվազագույն չափանիշներին, սակայն կարևոր ջանքեր են ներդրվում՝ համապատասխանելու միջազգային չափանիշներին: Վերջին՝ 2017 թվականի զեկույցի 2-րդ խումբ երկրների շարքում են Ադրբեջանը, Թուրքիան, ԱՄԷ-ն, Ղազախստանը, Ղրղզստանը և ևս 75 երկիր:

1-ին խումբ երկրներ, որտեղ ձեռնարկվում են անհրաժեշտ և բավարար կանխարգելման, իրազեկման և պաշտպանության միջոցառումներ, որոնց դրական արդյունքները նկատելի են:

Ըստ 2017 թվականի զեկույցի՝ առաջին խումբ երկրների շարքում են գտնվում Հայաստանը, Վրաստանը և ևս 25 երկիր:

Գոյություն ունեն նաև «Հատուկ դեպքեր» խումբ երկրներ, որտեղ այս թեմայով իրադրությունն ավելի քան բարդ է:

2017 թվականի «Մարդկանց թրաֆիքինգի մասին» զեկույցի այս ցանկում տեղ են գտել 3 երկրներ. Լիբիա, Սոմալի, Եմեն:

Եթե վերլուծենք 2017 թվականի «Մարդկանց թրաֆիքինգի մասին» զեկույցի արդյունքները, ապա կարող ենք ասել, որ 1-ին խմբում են զեկույցում ընդգրկված 178 երկրների միայն 15%-ը, իսկ ամենաբարձր՝ 45% ցուցանիշը 2-րդ խմբինն է:

ՀՀ-ն հինգ տարի անընդմեջ դասվում է առաջին խմբի երկրների շարքին, (2013 թվականից ի վեր) ինչը նշանակում է, որ այստեղ տարվում են բավարար աշխատանքներ՝ կանխարգելելու թրաֆիքինգ երևույթը:

Վերոնշյալ զեկույցի համաձայն՝ 2016 թվականին ամբողջ աշխարհում գրանցվել է թրաֆիքինգի 14,897 հետապնդման դեպք՝ 4033-ով պակաս ի համեմատություն 2015թ.-ի (18,930 դեպք):

2016 թվականին գրանցված հետապնդման դեպքերից 9,071-ի համար հարուցվել է քրեական գործ, իսկ 2015-ին՝ 6,609:

2016 թվականին հայտնաբերվել է 66,520 թրաֆիքինգի զոհ ամբողջ աշխարհում, իսկ 2015 թ.-ին հայտնաբերված զոհերի թիվը 77,823 է:  2016 թվականին հայտնաբերված զոհերի քանակը նախորդ տարվանից 11,303-ով նվազել է:

Վերոնշյալ զեկույցի համաձայն` միջպետական սահմաններին յուրաքանչյուր տարի 600-800 հազար մարդ է թրաֆիքինգի զոհ դառնում, որոնց 80%-ը կանայք ու երեխաներ են:

Ըստ «Մարդկանց թրաֆիքինգի մասին» 2017 թվականի զեկույցի`  ՀՀ-ում 2016 թվականին բացահայտվել է թրաֆիքինգի 16 դեպք, իսկ 2015 թվականին գրանցված դեպքերը 14-ն են եղել (10-ը՝ սեռական, 4-ը՝ աշխատանքային): 2017-ին գրանցված 16 դեպքերից 5-ը եղել են սեռական թրաֆիքինգի դեպքեր, 10-ը՝ աշխատանքային և 1-ը սեռական-աշխատանքային թրաֆիքինգի դեպք: 2016 թվականին, ինչպես և 2015թ.-ին, դատապարտվել են 3 թրաֆիքյորներ, որոնք սեռական շահագործման են ենթարկել զոհերին: Թրաֆիքյորներից երկուսը ստացել են 8, մեկը՝ 5 տարվա ազատազրկում:   2016 թվականի ընթացքում ՀՀ-ում հայտնաբերվել է թրաֆիքինգի 22, իսկ 2015-ին՝ 9-ը զոհ: Հայտնաբերված զոհերից 19-ը՝ հարկադիր աշխատանքի, իսկ 3-ը սեռական շահագործման են ենթարկվել: Հայտնաբերված 19 զոհերն ընդունել են ՀԿ-ների կողմից տրամադրվող կացարանները, որը գերազանցում է նախորդ տարվա թիվը. 2015 թվականին հայտնաբերված զոհերից միայն 5-ն է օգտվել տրամադրվող կացարանից:

ՀՀ-ն նախկին խորհրդային տարածքի եզակի երկրներից է, որտեղ պետական բյուջեում նախատեսված է գումար՝ թրաֆիքինգի կանխարգելման և զոհերի օժանդակության համար: ՀՀ Կառավարությունը 2016թ.-ին 18.8 մլն դրամ ($39.260) գումար է հատկացրել զոհերի պաշտպանության համար, որը ներառում է նաև ՀԿ-ների կողմից տրամադրվող կացարանները:

Ըստ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի իրականացման 2016 թվականի հաշվետվության՝ ֆինանսական միջոցներ է տրամադրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (31,070.500 ՀՀ դրամ), ՀՀ առողջապահության նախարարությունը (2,200.000 ՀՀ դրամ), ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը (8,000.000 ՀՀ դրամ):

ՀՀ բյուջեից ստացված ֆինանսական միջոցները օգտագործվում են ոստիկանության աշխատակիցներին, սահմանապահներին զոհերի նույնացման թեմայով ուսուցմամբ ու իրազեկմամբ, տեղեկատվական նյութերի տրամադրմամբ, քրեակատարողական հիմնարկների աշխատողներին մարդու իրավունքների վերաբերյալ կրթմամբ, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ բնակչության իրազեկման բարձրացման նպատակներով:

«Մարդկանց թրաֆիքինգի մասին» 2017 թվականի  զեկույցում ՀՀ-ի մասով տրված են նաև առաջարկներ, որտեղ ամրագրված է.  «Հետևողական կերպով հետաքննել, բացահայտել և քրեական պատասխանատվության ենթարկել թրաֆիքինգ իրականացնողներին՝ թրաֆիքյորներին, պրոակտիվորեն բացահայտել թրաֆիքինգի պոտենցիալ հանցագործությունները, անգամ այնպիսինները, որտեղ չի նշվում  թրաֆիքինգ բառը: Առաջարկներ բաժնում ԱՄՆ պետդեպարտամենտը խորհուրդ է տալիս 2017-2018թթ.-ին բարելավել ջանքերը հարկադիր աշխատանքի զոհերի հայտնաբերման հարցում, այդ թվում նաև խորացնել զոհերի բացահայտման հետ կապված ուսուցումը պաշտոնյաների համար և աշխատանքային տեսուչներին օժտել կանոնավոր տեսչական ստուգումներ անցկացնելու ու անսպասելի ստուգայցերի միջոցով զոհերին բացահայտելու իրավասություններով, ինչպես նաև մեծացնել համագործակցությունն իրավապահ մարմինների հետ: Առաջարկություններ բաժնում ՀՀ-ին խորհուրդ է տրվում նաև լիցենզավորել, կանոնակարգել ու ուսուցում ապահովել տեղական զբաղվածության ծառայությունների և գործակալների համար, որպեսզի նրանք կարողանան օգնել կանխել ՀՀ քաղաքացիների հարկադիր աշխատանքն արտերկրում, ինչպես նաև շարունակել իրազեկվածությանն ուղղված արշավները՝ հասցնելով գյուղական ու սահմանամերձ համայնքներին և սոցիալական խնամքի հաստատություններից դուրս եկող երեխաներին:

Զեկուցի առաջարկ-խորհուրդների մեջ է մտնում նաև ՀՀ-ի սերտ համագործակցությունը ՌԴ-ի իշխանությունների հետ՝ հայտնաբերելու հարկադիր աշխատանքի զոհ հայ քաղաքացիներին: Կարևորվում են նաև հասարակական կառույցների և գերատեսչությունների ամուր աշխատանքային հարաբերությունները՝ Թուրքիայում թրաֆիքինգի ենթարկված հայ զոհերին հայտնաբերելու, աջակցելու և վերաինտեգրելու համար:

Ըստ 2016 թվականի ընթացքում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից իրականացված աշխատանքների մասին հաշվետվության՝ ՀՀ-ում 2016 թվականի ընթացքում բացահայտվել է 10 դեպք, որից մեղադրանք է առաջադրվել 2 անձանց:

Ըստ ՀՀ ոստիկանության՝ Հայաստանի համար աշխատանքային թրաֆիքինգի առումով հիմնական նպատակակետ երկիր է ՌԴ-ն, իսկ սեռական շահագործման առումով նպատակակետ երկրներ են ԱՄԷ-ն և Թուրքիան, և հիմնական բռնությունը կիրառվում է արդեն բուն շահագործման ընթացքում:

Որոշ երեխաներ երկրի ներսում աշխատում են գյուղատնտեսության, շինարարության և ծառայությունների մատուցման ոլորտներում, որտեղ նրանք խոցելի են աշխատանքային թրաֆիքինգի մասով: Մարդկանց թրաֆիքինգի առումով խիստ խոցելի են մնում գյուղական բնակավայրերի կրթական ցածր մակարդակ ունեցող տղամարդիկ և սոցիալական խնամքի հաստատությունների երեխաները:

ՀՀ-ում տարեցտարի ավելանում են թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված քայլերը, ինչպես նաև գրանցված դեպքերի բացահայտման շուրջ իրականացվում են օպերատիվ գործողություններ: Ըստ ՀՀ Ոստիկանության պաշտոնական տվյալների` Հայաստանը ակտիվորեն փոխհամագործակցում է ՌԴ-ի և ԱՄԷ-ի հետ, իսկ իրավապահ մարմինների հետ փոխհամագործակցությունն իրականացվում է Ինտերպոլի ԱԿԲ-ի (Ազգային կենտրոնական բյուրո), ԱՄԷ-ում երբեմն նաև ՀՀ դեսպանատան միջոցով: ՀՀ-ն չունի դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ, ինչի բացակայությունը տեսանելի խոչընդոտներ է ստեղծում զոհերի, հետախուզման մեջ գտնվող թրաֆիքինգի կազմակերպիչների հայտնաբերման և կանխարգելիչ միջոցառումների իրականացման համար:

2007 թվականից ՀՀ-ում գործում է Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդը, որի անհատական կազմը և աշխատակարգը հաստատում է ՀՀ վարչապետը: Խորհուրդը կազմված է նախագահից, անդամներից և քարտուղարից, որոնք խորհրդի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով: Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են խորհրդի նախագահի կողմից:

Խորհրդի ընթացիկ աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծվել և գործում է Աշխատանքային խումբը (ԱԽ): Աշխատանքային խմբի կողմից մշակվում, այնուհետև խորհրդի կողմից հաստատվում է ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի Ազգային ծրագիրը, ըստ որի՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպումը ՀՀ-ում սկսվել է 2002 թվականից: Այդ երևույթի դեմ արդյունավետ պայքար մղելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվել է ՀՀ-ից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի տեղափոխման և առքուվաճառքի (թրաֆիքինգ) կանխման հայեցակարգը: Ընդունվել և արդեն իսկ իրականացվել են չորս, և ընթացքի մեջ է 2016-2018թթ.-ի Ազգային ծրագիրը:

Առաջին խումբ երկրներում հայտնվելը և 5 տարի անընդմեջ այստեղ ամուր դիրքեր հաստատելը արդյունք է հետևողական պայքարի, սակայն այս հանգամանքը երբևէ չպետք է թուլացնի պետական և ոչ պետական կառույցների զգոնությունը այս ծանր հանցատեսակի դեմ պայքարում:

Նյութը պատրաստեց Գայանե Հայրապետյանը

Share