Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի 2017 թվականի առաջին հանդիպումը

2017 թվականի փետրվարի 16-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ-ում Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի հերթական հանդիպումը, որին ներկա էին գրեթե բոլոր անդամ կազմակերպությունների և գերատեսչությունների ներկայացուցիչները:

Հանդիպման մեկնարկին, ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի միջգերատեսչական խորհրդի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը  ողջունելով աշխատանքային խմբի անդամներին խնդրեց ներկայանալ, քանի որ աշխատանքային խմբում փոփոխություններ էին տեղի ունեցել:

Այնուհետև Վ. Կաժոյանը խոսքը փոխանցեց հանդիպման հյուր, Հայաստանում ԱՄՆ դեսպանության Քաղաքական բաժնի ներկայացուցիչ՝ տիկին Սոմերին, ով նշեց, որ իր համար մեծ պատիվ է ներկա գտնվել նիստին և ավելացրեց. «Արդեն 6 ամիս է, ինչ գտնվում եմ Հայաստանում և  միջոցառումների ժամանակ, որպես լավ օրինակ և մոդել բազմիցս  այս աշխատանքային խումբն են օրինակ բերել: Հատկանշական է, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ևս  իր հանդիպումներում բազմիցս  ակնարկել է, որ թրաֆիքինգի դեմ պայքարում տարված աշխատանքները գոհացուցիչ և օրինակելի են»:

Տիկին Սոմերը ներկայացրեց նաև ԱՄՆ Դեսպանության «Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի» դրամաշնորհային նոր ծրագիրը, որին կարող են դիմել ՀՀ-ում գործող միջազգային այն կազմակերպությունները, որոնք գործունեություն են ծավալում թրաֆիքինգ երևույթի դեմ պայքարում: Դրամաշնորհի  ըձեռնման նախապատվություն կտրվի այն միջազգային ընկերությանը, որի շահերը կհամընկնեն ծրագրի շահերի հետ:

Շահառու կազմակերպությունների առաջարկություններն ստանալուն պես՝ տեղեկատվությունը կտրամադրվի աշխատանքային խմբին: 

Աշխատանքային խմբի անդամ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության «Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի»  ծրագրերի համակարգող Մարիցա Հովհաննիսյանի անմիջական մասնակցությամբ հստակեցվեց,  թե որ կազմակերպություններն են իրավասու դիմել ծրագրին, այնուհետև ներկայացվեց, թե ծրագիրն իրականացնող կազմակերպությունը ինչ գնահատում պետք է մշակի և ինչպիսի զեկույց ներկայացնի որպես դրամաշնորհային ծրագրի հայտատու: 

Տիկին Սոմերը անդրադարձավ նաև TIP (Trafficking in Persons) զեկույցին` առանձնացնելով դրա պահանջներից մեկը, այն է՝ երկրում լավ գործող աշխատանքային տեսչության առկայության ապահովումը:

Օրակարգի հաջորդ հարցն ուղղված էր Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի ՀՀ 5-րդ և 6-րդ պարբերական զեկույցների վերաբերյալ իջեցված հանձնարարականների քննարկմանը:

«Ամքոր Հայաստան» ՀԿ-ի Թրաֆիքինգի դեմ պայքարի ծրագրերի համակարգող Վիկտորիա Ավակովան խոսեց այնպիսի մտահոգիչ հարցերի մասին, որոնցից է կանանց մարմնավաճառությունը: Հանդիպման ընթացքում բարձրաձայնվեց մարմնավաճառությամբ զբաղվող կանանց նկատմամբ կիրառվող վարչական տույժերի, ինչպես նաև մարմնավաճառության պահանջարկը նվազեցնելու միտումով կանխարգելման միջոցների մասին:

Քննարկումների դիտակետից անմասն չմնացին դատական գործերի քննության ընթացքում զոհերին ոչ բավարար խորհրդատվություն տրամադրելու հարցերը և կանանց թրաֆիքինգի վերաբերյալ սահմանափակ տվյալների հասանելությունը:

ՀՀ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ, ՀՀ-ում մարդկանց շահագործման դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի քարտուղար Լուսինե Հակոբյանը ներկայացնելով պետության կողմից նախատեսված ֆինանսական ծախսերի նախորդ (2016թ) տարվա հաշվետվությունը նշեց, որ միակ նախարարությունը, որը ծրագրերի միջոցով ամբողջությամբ իրացրել է ՀՀ պետական բյուջեով հատկացված գումարը ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն է:

Աշխատանքային խմբի քննարկման հաջորդ թեման Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ԵԽ փորձագիտական խմբի (ԳՐԵՏԱ) գնահատման 2-րդ փուլի Հայաստանի վերաբերյալ զեկույցի հանձնարականների մասին էր: Թեմայի շրջանակներում ներկայացվեցին և քննարկվեցին անհապաղ գործողություն պահանջող հարցերը, որոնց շրջանակը ներառում սակայն չեն սահմանափակում աշխատանքային շահագործման նպատակով թրաֆիքինգի կանխարգելմանն ուղղված ջանքերը, երեխաների թրաֆիքինգի կանխարգելմանն ուղղված ջանքերի ընդլայնումը, պատշաճ կացարանի և աջակցության հնարավորության նախատեսումը թրաֆիքինգի տղամարդ զոհերին, ինչպես նաև թրաֆիքինգի զոհերի աջակցության ծրագրերում պետական ​​բյուջեից ֆինանսավորման մասնաբաժնի ավելացումը:

Իրավական դիտարկումներ ՀՀ «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքի և իրավական ակտերի առնչությամբ, թրաֆիքինգի ենթարկված զոհերի, գրանցված դեպքերի, հարուցված քրեական գործերի, քննված գործերի թվերի անհամապատասխանության պարզաբանումներով հանդես եկավ ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Թումասյանը:

Աշխատանքային խմբի օրակարգի դիտարկման կետերից էին նաև տարեկան հաշվետվության կատարողականի և նախորդ ԳԱԾ-ի (Գործողությունների ազգային ծրագիր) մշտադիտարկման հարցերի քննարկումները:

Այլ հարցերի շրջանակը լայն էր՝ սկսած աշխատանքային խմբի հանդիպումներին ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների նիստերին պարտադիր մասնակցությունից մինչև www.antitrafficking.am կայքէջի կայուն ֆինանսավորման խնդիրները:                                                                                     

Աշխատանքային խմբի որոշ անդամների ոչ պարբերական մասնակցությունները նպատակային նիստերին հանգեցրին նրան, որ աշխատանքային խմբի քարտուղար Լ. Հակոբյանն առաջարկեց համապատասխան նախարարություններից ստանալ նոր մասնակցիների անուններ, որոնց անդամակցության հաստատումը կքննարկվի խորհրդի նիստին:

Խոսվեց նաև TAIEX-ի կողմից թեմատիկ դասընթացներ կազմակերպելու առաջարկի, ինչպես նաև որոշ նախարարությունների կայքերում դեռևս www.antitrafficking.am կայքի հղման ոչ առկայության մասին:

Հանդիպման ավարտին Վ. Կաժոյանը բոլորի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ չնայած ՀՀ-ում թրաֆիքինգի խնդրի առնչությամբ դեպքերը սակավաթիվ են, այնուհանդերձ անհրաժեշտ է բարձրացնել կանխարգելման աշխատանքների ծավալներն ու արդյունավետությունը` գրանցված հաջողությունները կայուն պահելու համար։

Կայացավ ևս մեկ շատ կարևոր հանդիպում՝ ուղղված Հայաստանում մարդկանց թրաֆիքնգի դեմ պայքարի աշխատանքների կազմակերպմանն ու իրականացմանը:

Առաջիկայում Խորհրդի նիստն է, որի ժամանակ կտրվեն պատասխաններ և լուծումներ աշխատանքային խմբի կողմից բարձրացված մի շարք հարցերի։

Հանդիպման ֆոտոշարքը այս հղումով՝  Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի 2017 թվականի  առաջին հանդիպումը