Սոցիալական լարվածության թուլացման լավագույն միջոցը սոցիալական գովազդն է

Ինչպես արդեն գրել էինք, ապրիլի 25-ին Մոսկվայում կայացավ «LIME» սոցիալական գովազդի 5-րդ միջազգային փառատոնը, որին Հայաստանից մասնակցում էր երկու կազմակերպություն` «Ռադիո Վանը» և «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, որոնք փառատոնից տուն են վերադարձել մրցանակներով:

Այդ կապակցությամբ 168.am լրատվական կայքը զրուցել է «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արզուման Հարությունյանի հետ: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը`

2003 թվականից Հայաստանում սոցիալական գովազդի տեսահոլովակները հիմնականում առնչվում են «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի անվան հետ: Արզուման Հարությունյանի ստեղծած և ղեկավարած կազմակերպությունն անցնող տարիներին պատրաստել և տարածել է 12-ից ավելի սոցիալական թեմաներով մոտ 100 սոցիալական գովազդ, և այս ամենը` մի երկրում, ուր չկա սոցիալական գովազդի կարգավորման հայեցակարգ:

Բացի մասնակցությունից, արդեն երկրորդ տարին է, Արզուման Հարությունյանը «LIME» փառատոնի կողմից հրավիրվում է՝ որպես ժյուրիի անդամ և վարպետության դասընթացավար: Այս տարի նա հանդես եկավ «Ստեղծարարը` դեմ առ դեմ սոցիալական խնդիրներին» խորագրով դասընթացով:

Փառատոնին մասնակցությունն առիթ էր սոցիալական գովազդի հարցերի շուրջ զրուցելու «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արզուման Հարությունյանի հետ, ով կանգնած է Հայաստանում սոցիալական գովազդի ստեղծման հիմքերում:

Փառատոնին «Աուդիո-Վիզուալ ՀԿ-ն ներկայացրել էր թրաֆիկինգի խնդիրներին նվիրված հոլովակաշար՝ բաղկացած հինգ հոլովակից, իսկ «Ռադիո Վանը» ներկայացրել էր «Գրքեր», «Տունը» և «Հայկական անուրջներ» ռադիո հոլովակները:

– Ժյուրիի անդամ լինելը չէ՞ր խանգարում մասնակցությանը և մրցույթին աշխատանքներ ներկայացնելուն:

– Ոչ, որովհետև փառատոնի կարգն այնպիսին է, որ դու՝ իբրև ժյուրիի անդամ, քո աշխատանքները, բնականաբար, չես գնահատում, և մասնակցող աշխատանքներն ի սկզբանե կոդավորված են լինում, այսինքն՝ ժյուրին չի իմանում հեղինակների մասին, այլ գնահատում է զուտ կատարված աշխատանքը: Գործում էր հեղինակավոր ժյուրի, կազմված այս ոլորտի միջազգային առաջատարներից, և կոնկրետ ինձ համար, իբրև այս ասպարեզում երկար տարիներ աշխատող մասնագետ, մեծ հպարտություն էր ծանոթանալ և նույն հարթակում գործել հեղինակավոր մարդկանց հետ, ինչպես, օրինակ, Անգլիայից եկած մասնագետն էր, ով 60-ականներից կանգնած է անգլիական գովազդի հիմքում` ուսումնասիրել և գրել է Անգլիայի գովազդի ողջ պատմությունը և անձամբ շատ էր հավանել մեր պատրաստած հոլովակները: Այս տարի մրցույթ-փառատոնին, նախկին Խորհրդային Միության երկրների հետ միասին, մասնակցում էին նաև Իսպանիայից, ԱՄՆ-ից, Բրազիլիայից սոցիալական գովազդով զբաղվող առաջատար ընկերություններ:

– Դուք ներկայացրել եք թրաֆիկինգի թեմայով հոլովակներ: Իսկ ի՞նչ հարցերի շուրջ էին այլ երկրների սոցիալական գովազդները:

– Սոցիալական խնդիրները բոլոր երկրներում գրեթե նույնն են, դրսևորումները և տարատեսակներն են տարբեր և այն, թե տվյալ երկիրն իր սոցիալական գովազդի միջոցով ի՞նչ լուծում է առաջարկում խնդրին: Սոցիալական գովազդի համար պարտադիր պայման է ոչ միայն խնդիրը վեր հանելը, այլև` լուծում առաջարկելը:

Ի դեպ, փառատոնին այդպիսի դեկլարատիվ աշխատանքներ էլ կային, որոնք ոչ մի լուծում չէին առաջարկում, և դրանք ի սկզբանե դուրս մնացին մրցակցությունից: Փառատոնին ներկայացված աշխատանքների մեջ գերակշռություն ունեին երեխաներին վերաբերող հոլովակները` ծնողների վերաբերմունքից սկսած՝ մինչև նրանց իրավունքներ, հասարակության մեջ հաշմանդամ երեխաների ներգրավվածությանը, ներառական կրթությանն առնչվող խնդիրներ, կենդանիներին, բնապահպանությանը նվիրված սոցիալական գովազդի հոլովակներ, և այլն:

– Իսկ սոցիալական գովազդի մեջ բարձրացված հարցը լուծում ունենո՞ւմ է, հասնո՞ւմ է իր արդյունքին:

– Միանշանակ արդյունք լինում է, որովհետև սոցիալական գովազդը մի առանձնահատկություն ունի. այն ուղղված է ոչ միայն այն խմբին, որն այդ խնդրի կրողն է, այլև այն խմբին, որը խնդրին լուծում պիտի տա:

Սա լուրջ գործիք է կառավարության ձեռքին, սակայն մեր կառավարությունը, ցավոք, մինչև հիմա չի գիտակցել սոցիալական գովազդի դերն ու անհրաժեշտությունը և համապատասխան վերաբերմունք չունի այս ուժի հանդեպ, այնպես, ինչպես աշխարհի առաջատար երկրներում են վերաբերվում սոցիալական գովազդին: Զարգացած երկրներում պետությունը ոչ միայն ինքն է պատվիրում սոցիալական գովազդ, այլև` օգնում է նրա տարածմանը:

Ընդ որում, նկարահանվում են ամենատարբեր թեմաներով հարյուրավոր հոլովակներ: Մեզ մոտ պետությունը, սակայն, ոչ մի լումա չի ներդնում սոցիալական գովազդի վրա: Մինչև հիմա մեր տեսահոլովակների և աշխատանքների պատվիրատուները եղել են տարբեր երկրներ և միջազգային կազմակերպություններ: Շատ տարօրինակ է` Հանրային հեռուստատեսության եթերից հանվեց առևտրային գովազդը, որպեսզի փոխարենը հեռարձակվի սոցիալական գովազդը:

Իրականում ինչպե՞ս կարող էր դրա փոխարեն գալ մի բան, որի համար չկան կարգավորման մեխանիզմներ: Մեր կազմակերպությունը 2010 թվականին կառավարության համար մշակել է Հայաստանում սոցգովազդի զարգացման հայեցակարգը, որը մեզ անհայտ պատճառով «քնեցվել» է վերևներում, մենք մինչև հիմա չգիտենք, թե ի՞նչ պատճառով այն չի ընդունվել, կամ ի՞նչ թերացումներ են նկատվել հայեցակարգում, ոչ մի գրավոր պատասխան չի տրվել, այն դեպքում, երբ կառավարությունն ինքն էր նպատակ դրել Հայաստանում ձևավորել սոցիալական գովազդի հայեցակարգ:

Այդքանից հետո ես չեմ դադարում առաջ տանել այս ձևով հասարակության մեջ մի բան փոխելու քաղաքականությունը, քանի որ գտնում եմ, որ հասարակության մեջ բարեփոխումների և բարոյական կերպարի լավացման լավագույն միջոցը սոցիալական գովազդն է: Մենք վաղ թե ուշ հանգելու ենք նրան, որ սոցիալական գովազդը ընկալվելու է՝ իբրև հասարակության սոցիալական լարվածության թուլացման լավագույն միջոցը. այդ ճանապարհով են գնացել բոլոր զարգացող երկրները:

– Ի՞նչ տվեց հեղինակավոր փառատոնին մասնակցությունը, և ի՞նչ են տալիս մրցանակներն առհասարակ:

– Մրցանակը նախ՝ անցած ճանապարհդ գնահատելու միջոց է, այն նաև ինքնագնահատական է ինչ-որ տեղ: Իսկ փառատոնից հետո ես հասկացա, որ Հայաստանում ինձ հաջողվել է ձևավորել սոցիալական գովազդի դպրոց, որը ոչ միայն դիմացավ անցնող տարիների ամեն ինչին, նաև` հարձակումներին, այլև կարողանում է իր աշխատանքով ներկայանալ հեղինակավոր մրցույթների: Ե՛վ փառատոնի ընթացքում անցկացված վարպետության դասի, և՛ մեր հոլովակների թեման` թրաֆիկինգը, պատահական չէր ընտրվել, քանի որ դա մեր հաջողված նախագծերից մեկն է, որի միջոցով հնարավոր է եղել ապահովել Հայաստանում թրաֆիկինգի դեմ պայքարի՝ բնակչության իրազեկության բարձրացումը, և որի շնորհիվ Հայաստանը երկու տարի անընդմեջ գտնվում է ԱՄՆ Պետքարտուղարության Թրաֆիկինգի դեմ պայքարի հաշվետվության առաջին խմբի երկրների շարքում:

Share