ԱՎՐՈՐԱ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ: ՑԱՎԸ՝ ԶՈՐՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐ

ByAAVR

ԱՎՐՈՐԱ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ: ՑԱՎԸ՝ ԶՈՐՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐ

Աղբյուր՝ https://auroraprize.com/hy/aurora/article/finalists/12998/-/2018

Ընդամենը 15 տարեկանում խմբակային դաժան բռնաբարության ենթարկված Սունիտա Քրիշնանը սեռական բռնության զոհից վերածվել է մարդու իրավունքների ազդեցիկ պաշտպանի՝ օգնելով սեռական թրաֆիքինգի եւ բռնության ենթարկված հազարավոր կանանց ու երեխաների (ոմանք՝ ընդամենը 3 տարեկան) քաջություն գտնել եւ առաջ ընթանալ հույսով եւ արժանապատվությամբ։
Լինելով ստորին վերջույթների արատով ծնված երեխա՝ Սունիտա Քրիշնանը փոքր հասակից գիտակցել, թե ինչ է նշանակում մերժված լինել։ Մանկության գրեթե բոլոր տարիներն անցկացնելով ուղղիչ գիպսակապի մեջ՝ աղջնակը գիտեր, որ տարբերվում է իր հայրենի երկրի՝ Հնդկաստանի մյուս երեխաներից, եւ մանկության մասին խոսելիս իրեն նկարագրում է որպես «ֆիզիկապես մեկուսի», բայց նպատակասլաց երեխա, որը մեծ կարեկցանքով փորձում էր օգնության ձեռք մեկնել իրենից ավելի անբարենպաստ պայմաններում գտնվողներին։ Երբ Սունիտայի գիպսակապերը վերջապես հեռացվեցին, նա ինքնուրույն սովորեց պարել եւ մեծ բավականությամբ սկսեց պարել սովորեցնել մտավոր խնդիրներ ունեցող երեխաներին։ Նա նույնիսկ նախաձեռնեց երեխաների համար փոքրիկ ուսումնական կենտրոն/դպրոց մերձակա փոքրիկ թաղամասում։

Սակայն երբ աղջնակն ընդամենը 15 տարեկան էր, նրա երջանիկ կյանքը ծանր ցնցում կրեց։ Սունիտան խմբակային բռնաբարության ենթարկվեց ութ հոգու կողմից, որոնց դեմքերը չգիտեր եւ հետագայում եւս չկարողացավ վերհիշել։ «Մեկ գիշերում ամբողջ կյանքս տակնուվրա եղավ»,– պատմում է նա։

Սունիտան կենդանի մնաց, սակայն շուտով գիտակցեց, որ իր պայքարը նոր-նոր է սկսվում։ Ծնողներն ամոթանք էին տալիս, իսկ համայնքը խուսափում էր շփումից՝ մեղադրելով իրեն՝ աղջկան եւ նրա ընտանիքին այդ դեպքը թույլ տալու համար։ Սունիտան պատժվում էր իր իսկ հանդեպ գործված հանցանքի համար՝ մնալով բացարձակապես մենակ եւ առանց մեկի, ում կարող էր դիմել։

Նրա մարմինը ստորացված էր չարագործների կողմից, անունը՝ նսեմացված շրջապատի աչքում, այնինչ Սունիտան թույլ չտվեց ոչ ոքի ոտնահարել իր ներքին կամքը։ Փոխարենը, նա փոփոխության ուժեղ կարիք զգաց եւ իր հետ կատարվածում տեսավ նմանատիպ բռնության ենթարկված երիտասարդ կանանց աջակցելու եւ նրանց մասին իրազեկությունը բարձրացնելու անհրաժեշտություն։

«Շրջապատող աշխարհը սիրում է զոհի մեջ զոհի տեսնել։ Ուզում է, որ զոհն իրեն զոհ զգա՝ լացուկոծ անի, ծածկի դեմքը։ Իսկ ես դրա հակապատկերն եմ»,– ասում է նա։ «Ես արագ հասկացա, որ չունեմ ոչ ոքի կարիքը։ Ինքս բավականին ուժեղ եմ եւ կարող եմ ինձ նեցուկ դառնալ»։

Ստանալով հոգեբան-սոցաշխատողի որակավորում՝ նա սկսեց խորհրդատվություն տրամադրել մարմնավաճառությամբ զբաղվող կանանց, հետո միացավ Ժողովրդական շարժմանը՝ Հնդկաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ անհատների դաշինքին, որը գործում է հանուն առաջադեմ նպատակների։ Այս ամենի հետեւանքով նա ձերբակալվեց եւ դատապարտվեց երկու ամսվա ազատազրկման։ Բանտից դուրս գալով՝ Սունիտան հիմնեց «Փրաջվալա» (Prajwala) հասարակական կազմակերպությունը, որն իր գործունեությունն սկսեց համեստորեն եւ մեկ առաքելությամբ՝ փրկել, ռեաբիլիտացնել եւ վերաինտեգրնել սեռական թրաֆիքինգի զոհերին։ Կազմակերպությունն այժմ դառել է քաղաքացիական հասարակության խոշորագույն կազմակերպություններից մեկն աշխարհում՝ ծավալուն պայքար մղելով սեռական թրաֆիքինգի եւ սեռական ոճրագործությունների դեմ, ու փրկել ավելի քան 18,500 կանանց եւ երեխաների։

Խմբակային բռնաբարությունը, լինելով տրավմաների աղբյուր, Սունիտայի կյանքում վերածվեց մոտիվացիայի մեծագույն աղբյուրի։ «Դա ինձ թույլ տվեց գիտակցել, թե մարդիկ ինչպես են վերաբերվում սեռական հանցագործություններից տուժածներին։ Ստացվում է, որ քեզ նայում են իբրեւ հանցագործի, թեեւ ինքդ ոչ մի մեղք չունես հետդ պատահածում»,– մեկնաբանում է նա։ «Դա եղավ պահը, երբ ես որոշում կայացրի, որ իմ կյանքի առաքելությունն այսուհետեւ էլ լինելու է սա. այս պահից ի վեր իմ բոլոր վայրկյանները նվիրված են լինելու սեռական ոճրագործությունների դեմ պայքարին»։

Նա սկսեց աշխատել տեղի ոստիկանության հետ եւ փրկվածների համար հիմնեց երեք տարբեր ապաստարաններ. առաջինը՝ իբրեւ շտապօգնություն, երկրորդը՝ չափահաս տուժածների համար, իսկ երրորդը՝ երեխաների՝ երբեմն ընդամենը երեք տարեկան։ Ճակատային գծում մարդկանց վերահաս վտանգներից ու վնասից ժամ առաջ փրկելու գործին զուգահեռ՝ Սունիտան նաեւ կենտրոնացած է նրանց երկարաժամկետ օժանդակության եւ հաջող կերպով հասարակություն վերադառնալու համար անհրաժեշտ միջոցներն ապահովելու վրա։

««Փրաջվալան» հիմնելիս ես ցանկություն ունեի ստեղծել ապահով եւ անվտանգ մի համայնք սեռական թրաֆիքինգ վերապրածների համար։ Զոհերին նեցուկ կանգնելու եւ զորացնելու ձգտումս գալիս է ցավից առավել ուժեղ դառնալու սեփական փորձից ու դա հասկանալուց»,– մեկնաբանում է Սունիտան եւ հավելում. ««Փրաջվալան» լքելու պատրաստ յուրաքանչյուր երեխա եւ կին հեռանում են ուժեղ լինելու, արժանապատվության եւ վերագտած ինքնության զգացողությամբ»։

Տեղական ինքնակառավարման մարմինների հետ վարած իրավապաշտպան գործունեության շնորհիվ՝ Սունիտան կարողացել է երաշխավորել, որ ապաստարանը լքելիս եւ հասարակություն վերադառնալիս բոլոր այս կանայք ստանան փոխհատուցում, օրինական քաղաքացիություն, բնակարան եւ աշխատանք։ Առանց այդպիսի ռեսուրսների՝ սեռական բռնությունների եւ սեռական շահագործման զոհերը սովորաբար կրկին հայտնվում են փողոցում՝ ծանր հիվանդ կամ անգամ մահացած։

Սունիտան իր աշխատանքը գնահատում է որպես իսկապես համաշխարհային նախաձեռնություն, որը տարածվում է Հնդկաստանի սահմաններից դուրս՝ դառնալով աշխարհով մեկ սեռական թրաֆիքինգի դեմ պայքարի օրինակ։ «Ես չեմ եկել փոքրիկ կազմակերպություն աշխատեցնելու։ Հակառակը՝ եկել եմ աշխարհը վերափոխելու՝ ի ցույց դնելով Հնդկաստանում կյանքի կոչված հնարավորությունները եւ հասկացնելով աշխարհին, որ կանանց եւ աղջիկների դեմ սեռական հանցագործության ցանկացած տեսակ ողբերգություն է եւ չպետք է այլեւս հանդուրժելի լինի»։

Share

About the author

AAVR administrator