Եվս 3 օր թրաֆիքինգի դեմ պայքարի զոնայում կամ ինչի շնորհիվ է, որ արդեն 2 տարի Հայաստանը թրաֆիքինգի դեմ պայքարի առաջին խմբում է

ByAAVR

Եվս 3 օր թրաֆիքինգի դեմ պայքարի զոնայում կամ ինչի շնորհիվ է, որ արդեն 2 տարի Հայաստանը թրաֆիքինգի դեմ պայքարի առաջին խմբում է

25-27.07.2014

Այս անգամ եռօրյա զոնալ հավաք էին կազմակերպել ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ժողովրդավարության զարգացման ծրագրի պատասխանատուները:

Հավաքի նպատակը «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին ՀՀ օրենք»-ի նախագծի կիրարկման մեխանիզմների մշակումն էր:

Հավաքն առանձնացավ ոչ միայն պետական և հասարակական շահագրգիռ կազմակերպությունների ներկայությամբ, այլև նրանց միջև ծավալված և արդեն ավանդույթ դարձած «կոշտ», բայց և կառուցողական քննարկումներով:

Սա շատ սուբյեկտիվ գնահատական է, որ տալիս եմ ես՝ Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա ՀԿ-ի նախագահ Արզուման Հարությունյանս, որը 3 օր շարունակ ոչ միայն հետևել է դեպքերի զարգացմանը, այլև ակտիվ մասնակցել բոլոր քննարկումներին և լուսանկարել հիշարժան պահերը:

Օրակարգն այնքան հագեցած էր, որ մասնակիցները ժամանակ և ցանկություն չունեին օգտվելու Աղվերանի հաճույքներից և մեծ հաճույք էին ստանում քննարկումներից ու փիլիսոփայական բանավեճերից: Գրեթե պասիվ մասնակիցներ չկային: Գրեթե…

Թե ինչպիսի՞ հարցեր քննարկվեցին, ովքե՞ր էին հրավիրվածներն ու ներկայացնողները, ի՞նչ լուծումներ տրվեցին բարձրացված հարցերին՝ կարող եք ծանոթանալ կից փաստաթղթերում:

Ես ավելի շատ կուզեի անդրադառնալ մասնակիցների սրտացավության, համատեղ աշխատելու ցանկության և միմյանց միջև ճիշտ հարաբերությունների կառուցման հարցերին:

Արդեն 12 տարի լինելով թրաֆիքինգի դեմ պայքարի դաշտում, կարող եմ միանշանակ ասել, որ եզակի աշխատանքային թիմ է ձևավորված, որն անձնուրաց պայքարում է թրաֆիքինգի կանխարգելման ուղղությամբ և օգնում յուրաքանչյուր զոհի առողջ վերադառնալու հասարակություն:

Եվ ի՞նչն է ամենահաճելին՝ դա զգում և գնահատում են ոչ միայն թրաֆիքինգից ազատագրված զոհերը, այլև իշխանություններն ու միջազգային կազմակերպությունները:

Ավարտելով՝ նշեմ, որ Հայաստանի ընդդեմ թրաֆիքինգի թիմը որքան որ սարսափազդու և անհանդուրժող է թրաֆիքյորների հանդեպ, նույնքան պատրաստակամ և հանդուրժող է թրաֆիքինգի զոհերի հանդեպ:

Եվ պատահական չէր, որ Հայաստանի թրաֆիքինգի դեմ պայքարող թիմը իր սրտացավ և սրտաձև կեցվածքով նշանավորեց ՄԱԿ-ի կողմից հայտարարված թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրը՝ Հուլիսի 30-ը:

Արզուման Հարությունյան
«Աուդիո Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ

Share

About the author

AAVR administrator