Թրաֆիքինգի թեմայով հայկական սոցիալական հոլովակաշարի հաղթանակը Մոսկվայի LIME սոցիալական գովազդի միջազգային փառատոնում

ByAAVR

Թրաֆիքինգի թեմայով հայկական սոցիալական հոլովակաշարի հաղթանակը Մոսկվայի LIME սոցիալական գովազդի միջազգային փառատոնում

2015թ.-ի ապրիլի 25-ին Մոսկվայում կայացավ թվով 5-րդ, հոբելյանական «LIME» սոցիալական գովազդի միջազգային փառատոնը:

Փառատոնին աշխատանքներ էին ներկայացվել ոչ միայն Ռուսաստանից և նախկին ԱՊՀ երկրներից, այլև Իսպանիայից, ԱՄՆ-ից և Բրազիլիայից:

Ներկայացված աշխատանքները թվով 670-ն էին, որոնք մրցում էին 5 անվանակարգում: Ամեն տարի փառատոնին մասնակցում են ոչ միայն պրոֆեսիոնալ ստուդիաներ և անհատ ստեղծագործողներ, այլև նորահայտ ուսանողներ և նույնիսկ աշակերտներ, որոնք գաղափարական առումով բավականին մրցունակ են պրոֆեսիոնալների կողքին:

Սակայն երիտասարդների աշխատանքները խրախուսելու և նրանց համար հավասար դաշտ ապահովելու նպատակով փառատոնը հստակ տարանջատել էր պրոֆեսիոնալներին և ուսանողներին: Յուրաքանչյուրը պայքարում էր իր դաշտում, վերը նշված անվանակարգերով:

Փառատոնի ընթացքում փորձագետները վարպետության դասերի միջոցով կիսվում էին ուսանողների և սկսնակ մասնագետների հետ իրենց փորձով և մոտեցումներով:

Այս տարվա ժյուրիի կազմում էր նաև Անգլիայից հրավիրված գովազդի մասնագետ, ով աշխատում է գովազդի պատմության և հետազոտության դաշտում:

Արդեն երկու տարի անընդմեջ «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոսցիացիա» ՀԿ-ի (Աուդիո-Վիզուալ) նախագահ Արզուման Հարությունյանը փառատոնի կողմից հրավիրվում է որպես ժյուրիի անդամ և վարպետության դասընթացավար: Իսկ կազմակերպությունը ներկայացնում է աշխատանքներ, որոնք պատրաստվել են Աուդիո-Վիզուալի կողմից վերջին երկու տարիների ընթացքում: Այս տարի փառատոնին ներկայացվել էր թրաֆիքինգի արդի խնդիրները վեր հանող սոցիալական հոլովակաշար, բաղկացած՝ հինգ հոլովակից:

Հոլովակաշարը միջազգային ժյուրիի կողմից արժանացել է բարձր գնահատականի՝ երկրորդ մրցանակի: Հաղթող ճանաչված հոլովակաշարը պատմում է Հայաստանում թրաֆիքինգի վտանգների և դրանցից խուսափելու մասին:

Հոլովակաշարը ստեղծվել էր «Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվել էր ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի կողմից:

Փառատոնում Հայաստանը ներկայացրել էր նաև Ռադիո Վանը իր երեք շարք ռադիո հոլովակներով՝ Գրքեր, Տունը և Հայկական անուրջներ: Ռադիո Վանի աշխատանքները փայլուն հաղթանակ են տարել՝ գրավելով առաջին և երկրորդ տեղերը:

Այս ամենի մասին մրցանակակիրները հանրությանը պատմեցին Ռադիո Վանի առավոտյան ուղիղ եթերում (ձայնագրությունը հասանելի է այս հղումով՝ Ռադիո ՎԱՆ):

Ինչպես արդեն նշել էինք Արզուման Հարությունյանը փառատոնի մասնակիցներին ներկայացրել է վարպետության դաս «Ստեղծագործողը դեմ առ դեմ սոցիալական խնդիրներին» թեմայով:

Վարպետության դասի թեման եղել է թրաֆիքինգը, որի ընտրությունը պատահական չի եղել, քանի որ այն Աուդիո-Վիզուալի ամենահաջողված նախագծերից մեկն է, որի միջոցով հնարավոր է եղել ապահովվել Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի բնակչության իրազեկության բարձրացումը, և որի շնորհիվ ևս Հայաստանը երկու տարի անընդմեջ գտնվում է ԱՄՆ Պետքարտուղարության թրաֆիքինգի դեմ պայքարի հաշվետվության առաջին խմբի երկրների շարքում: Դասընթացն անցել է ինտերակտիվ, մեծ հաջողությամբ և առցանց հեռարձակվել՝ ինտերնետով:

Շնորհավորելով «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոսցիացիա» ՀԿ-ին և Ռադիո Վանին սոցիալական գովազդի ասպարեզում ձեռք բերած հաղթանակների համար, հույս ենք հայտնում, որ դրանք կծառայեն իրենց նպատակին և Հայաստանում լուծում կստանան ևս մի քանի սոցիալական խնդիրներ:

Փառատոնին հաղթած աշխատանքները հասանելի են փառատոնի պաշտոնական կայքում՝ LIME Festival

Փառատոնի լուսանկարները հասանելի են «Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացում» ծրագրի ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ LIME սոցիալական գովազդի միջազգային փառատոն

Share

About the author

AAVR administrator