Կայացավ «Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխություն 2014ը»

ByAAVR

Կայացավ «Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխություն 2014ը»

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում 2014թ. հունիսի 06-ին տեղի ունեցավ «Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխություն – 2014-ը»:

Invalid Displayed Gallery

Այն նախաձեռնել է ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդը, որը ղեկավարում է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, խորհրդի քարտուղար` ՏԿՆ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյան:

Երրորդ տարին անընդմեջ մրցանակաբաշխությունը կազմակերպում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն: Լավագույն լրագրողական աշխատանքներն ընտրում է մասնագիտական ժյուրին, որում ընդգրկված են թրաֆիքինգի հարցերով փորձագետներ և լրագրողներ:
Մրցանակաբաշխությունն ամենամյա է, անցկացվում է արդեն երրորդ անգամ և նպատակ ունի թեմային անդրադարձող լրագրողներին և հեղինակներին խրախուսելու միջոցով նպաստել թրաֆիքինգի երևույթի և դրա դեմ պայքարի աշխատանքների մասին հանրային իրազեկման մակարդակի բարձրացմանը:

«Հեռուստատեսություն և ռադիո» անվանակարգում երկրորդ տեղին է արժանացել Հանրային Հեռուստատեսության «Ազատ գոտի» հաղորդաշարի լրագրող Աննա Հայրապետյանը` «21-րդ դարի ստրկություն» հաղորդման համար: Նույն անվանակարգում երրորդ տեղին է արժանացել «Արմնյուզ» հեռուստաընկերության լրագրող Գոհար Արամյանը` «Թրաֆիքինգ տերմին. կյանքի փակուղի» ռեպորտաժի համար:

Մեզ հետ զրույցում Աննան նշեց, որ լրագրողին շատ դժվար է լինում աշխատել թրաֆիքինգի թեմայի հետ, երբ գիտելիքները երևութի մասին բավարար չեն: Իր խոսքերով, այս առումով նրան և «Ազատ գոտի» հաղորդաշարի թիմին շատ օգնեց «Երեք օր anti-trafficking տիրույթում» դասընթացը, որն ապրիլ ամսին կազմակերպել էր «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն լրագրողների համար:

«Երբ սկսում ես ուսումնասիրել երևույթը միայն այդ ժամանակ ես հասկանում՝ թե ինչքան քիչ գիտես դրա մասին. թե ճիշտ սահմանումների, թե զոհերի հետ աշխատելու: «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից կազմակերպված եռօրյա դասընթացի ընթացքում մենք շատ տեղեկություններ ստացանք թրաֆիքինգի մասին, որոնք օգնում են ստեղծել աշխատելու բանաձևեր, որոնք պատասխանատվության զգացում են արթնացնում. արդեն կոտրված ճակատագրի հետ իրավունք չունես խաղալու», – ասաց Աննան:

«Տպագիր և առցանց լրատվամիջոցներ» անվանակարգում երրորդ տեղին է արժանացել «Հետք» պարբերականի լրագրող Երանուհի Սողոյանը` «Նելլիին գյուղից ցանկանում են վտարել» հրապարակման համար:

Մրցանակը ստանալիս, Երանուհին իր շնորհակալական խոսքում նշեց, որ կցանկանար, որ լրագրողների համար նման մրցանակներ գոյություն չունենային: Մեզ հետ զրույցում նա մանրամասնեց՝ ցանկանում է, որ թրաֆիքինգի երևույթը այլևս գոյություն չունենա, որպեսզի լրագրողները կարիք չունենան գրելու խեղաթյուրված ճակատագրերի մասին:

Մասնագիտական ժյուրին այս տարի երկու անվանակարգում էլ առաջին տեղեր չի շնորհել, «Տպագիր և առցանց լրատվամիջոցներ» անվանակարգում նաև թափուր է մնացել երկրորդ մրցանակի տեղը:
«Ինձ ուրախացնում է, որ առաջին տեղեր չկային, մրցանակաբաշխության ընթացքում, դա նշանակում է, որ էլ ստիպված չենք գլոբալ և խորը անդրադառնալ խնդրին: Սակայն մյուս կողմից դա կարող է նշանակել նաև, որ թրաֆիքինգը ձևափոխվել է և մենք դրա դեմ պայքարելու նոր ճանապարհներ պետք է փնտրենք», – ավելացրեց նա:
Իր հերթին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան «Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության» ծրագրի ղեկավար Էդվարդ Օ. Բրայենը նշեց, որ թրաֆիքինգի հետ պայքարում կարևորությունը ոչ միայն համեմատությունների մեջ է, այլ լրագրողական դաշտի միջոցով հանրության հետ անընդմեջ կապի ու աշխատանքի մեջ լինելը, քանի որ թրաֆիքինգը դեռևս վերջնական չլուծված խնդիր է:

Հաղթող աշխատանքները կարող եք տեսնել ստորև՝

Երանուհի Սողոյան` http://hetq.am/arm/news/54506/nelliin-gyuxic-cankanum-en-vtarel.html
Գոհար Արամյան` http://www.armnewstv.am/news/27660
Աննա Հայրապետյան (Ազատ գոտի)` https://www.youtube.com/watch?v=CR_smsZsYB8

 

Share

About the author

AAVR administrator