Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի այց

ByAAVR

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի այց

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի 11 ներկայացուցիչներ՝ խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանի գլխավորությամբ, 2018 թվականի ապրիլի 23-24-ին մասնակցեցին Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ալյանս թրաֆիքինգի դեմ 18-րդ խորհրդաժողովին, որի այս տարվա թեման էր՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր դերակատարությունը. ինչպես համատեղ հասնել փոփոխության»: Պատվիրակության մասնակցությունն իրականացվել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) ծրագրի օժանդակությամբ:

ԵԱՀԿ անդամ պետությունները ներկայացրել են իրենց փորձը մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում, մատնանշել այն հիմնախնդիրներն ու այն հիմնահարցերը, որոնք առկա են այս ոլորտում, ընդգծել են համագործակցության կարևորությունը և պետության կողմից մշակվող ռազմավարությունների և ծրագրերի իրատեսական և բազմակողմանի լինելը: Հայաստանից բացի, իրենց փորձը ներկայացրեցին նաև Մոնղոլիան, Ուզբեկստանը, Ղազախստանը, Մոլդովան, Բուլղարիան, Ռուսաստանը, Ալբանիան, ԱՄՆ-ն, Իտալիան և այլ երկրներ:

Հայաստանը ներկայացնում էին ՀՀ արտաքին գործերի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ կրթության նախարարությունների, ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի, ՀՀ դատախազության, ՀՀ ննչական կոմիտեի, ՀՀ ոստիկանության և թրաֆիքինգի դեմ պայքարի բնագավառում գործընկեր հասարակական կազմակերպության ներկայացուցիչները:

Նշված միջոցառմանը մասնակցելով որպես աշխատանքային խմբի ներկայացուցիչներ՝ ձեռք բերեցինք այնպիսի տեղեկություններ, որոնք օգտակար կլինի օգտագործել Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գործողությունների ազգային հերթական ծրագրի մշակման համար (2016 թվականի հուլիսի 7-ին ընդունված ՀՀ կառավարության N 726-Ն որոշումը վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում 2016-2018 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրին և ծրագրի իրականացման ժամանակացույցին, ինչը նշանակում է, որ այս տարվա ընթացքում պետք է պատրաստվի հաջորդ եռամյա ծրագիրը): «Յուրաքանչյուր ոք ունի  իր դերակատարությունը. ինչպես համատեղ հասնել փոփոխության» խորհրդաժողովի մասնակցությունն օգտակար կլինի աշխատանքային խմբի անդամների համար, որպեսզի նոր ծրագրի մշակման ընթացքում հաշվի առնվեն այն բոլոր միտումներն ու զարգացումները, որոնք առկա են ԵԱՀԿ անդամ երկրներում որպես մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցներ, և այն լավագույն փորձը, որը պետություններն արդեն իսկ գործարկել են:

Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում տարբեր պետությունների փորձի ուսումնասիրությունը և համագործակցության ուղիները, մասնավորապես երեխաների թրաֆիքինգի դեպքերով հատուկ քննարկումը, հնարավորություն կընձեռեն նախատեսվելիք ծրագրում ներառել այնպիսի կետեր, որոնք պայմանավորված կլինեն ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի առանձնահատկություններով: Մասնավորապես, ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու համար ծրագրում անհրաժեշտ կլինի հատուկ ուշադրություն դարձնել հարկադիր աշխատանքի և երեխաների շահագործման դեմ պայքարին, ինչպես նաև թրաֆիքինգի կամ շահագործման զոհերի պաշտպանությանը:

Խորհրդաժողովի առաջին լիագումար նիստի ընթացքում ելույթով հանդես եկավ դեսպան Կաժոյանը, ով ներկայացրեց Հայաստանի դրական փորձն ու վերջին տարիների կատարած աշխատանքն ու հետագա ծրագրերը: ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչները բարձր գնահատեցին կատարված աշխատանքը: Պատվիրակության անդամները մասնակցեցին ինչպե՛ս լիագումար նիստերին, այնպե՛ս էլ ընթացող հարակից միջոցառումներին (side event):

Share

About the author

AAVR administrator