Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով միջազգային փորձագետը Հայաստանում

ByAAVR

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով միջազգային փորձագետը Հայաստանում

Օրերս Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով աշխատանքային խմբի (ԱԽ) անդամները հանդիպում ունեցան Հայաստան ժամանած միջազգային փորձագետ՝ Լիլիանա Սորրենտինոյի հետ, որի այցի նպատակն էր գնահատել Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի արդյունավետությունը և տեսնել, թե ինչ մարտահրավերներ ունի Հայաստանը առաջիկայում։

Լիլիանա Սորրենտինոն միջազգային փորձագետ է, ով  ունի ավելի քան 15 տարվա հետազոտական աշխատանքի փորձ թրաֆիքինգի, մարդու իրավունքների և գենդերային հարցերի ոլորտներում, ինչպես նաև կատարել և հրապարակել է տվյալ ոլորտում առկա բացերի հայտնաբերման և գնահատման վերաբերյալ աշխատանքներ: Աշխատել է մի շարք եվրոպական և ԱՊՀ երկրներում:

Աշխատանքային խմբի ղեկավար Վ. Կաժոյանը ողջունելով հյուրին և մասնակիցներին հավաստիացրեց, որ հանդիպումը գործնական առումով արդյունավետ կլինի բոլորի համար։ Փոխադարձ ծանոթության ընթացքում մասնակիցները համառոտ ներկայացրին մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում իրենց կազմակերպության կողմից իրականացված աշխատանքները, որին հաջորդեց փորձագետի մի շարք հարցադրումներ՝ կապված թրաֆիքինգի դեմ պայքարի առաջիկա մոտեցումներին և անելիքներին:

Քննարկման առաջին հարցը Հայաստանում թրաֆիքինգի դրսևորման ձևերին և դրա հետ կապված խնդիրներին էր վերաբերվում։ Ի պատասխան առաջադրված հարցի ՀՀ քննչական կոմիտեի աշխատակից  Ա. Գրիգորյանը ներկայացրեց իրավիճակը Հայաստանում՝ որպես խնդիր կանգ առնելով երկրների իրավապահ մարմինների միջև  համագործակցությանը։ Մասնավորապես նշելով, որ եթե ՌԴ-ի դեպքում բոլոր խնդիրները փոխհամագործակցության շնորհիվ լուծվում են, ապա նույնը չի կարելի ասել Թուրքիայի մասին։  Թուրքիա-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը խոչընդոտում է Հայաստանի և Թուրքիայի իրավապահների միջև համագործակցությանը: Թուրքիան ՀՀ քաղաքացիների համար հանդիսանում է սեռական շահագործման նպատակակետ երկիր, ուստի այդ համագործակցության կարիքը ավելի քան անհրաժեշտ է:

Շարունակելով Ա. Գրիգորյանի խոսքը «ԱՄՔՈՐ Հայաստան» ՀԿ-ի աշխատակից Վ. Ավակովան նշեց, որ այլ երկրներում հարուցված քրեական գործերի քննությունները շատ երկար են տևում և այդ ընթացքում իրավապահները թույլ չեն տալիս գործով զոհ ճանաչված մեր քաղաքացիներին վերադառնալ հայրենիք, սակայն իրենք ևս չեն կարողանում կազմակերպել զոհերի հայրենադարձությունը և կամ անհրաժեշտ օգնության տրամադրումը։

«Հույս և օգնություն» ՀԿ-ի աշխատակից  Ե. Շատվորյանը նույնպես շեշտեց, որ այլ երկրներից զոհերի վերադարձի կազմակերպումը շատ լուրջ ու բարդ խնդիր է, և որպես լուծման տարբերակ ակնկալում է միջազգային կառույցների օժանդակությունը։

«Գործատուների միություն» ՀԿ-ի աշխատակից  Ա. Մակարյանն առաջ քաշեց ՔՕ-ի 132 հոդվածում «հարկադիր աշխատանք» եզրույթի բացակայության խնդիրը, որն ըստ նրա, բերում է խնդրի ոչ միարժեք մեկնաբանության։

«Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ  Ա. Հարությունյանն անդրադարձավ համացանցի միջոցով զոհերի հավաքագրման խնդրին, որպես արդի մարտահրավերի՝ միաժամանակ նշելով, որ բարեբախտաբար Հայաստանում դեռևս նման դեպքեր չունենք, սակայն հարկ է պատրաստ լինել նաև դրա դեմ պայքարին։ Ա. Հարությունյանն անդրադարձավ նաև միջազգային մասշտաբով հնարավոր մեդիա համագործակցության խնդրին՝ մասնավորապես Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների բացակայության պարագայում՝ որպես տարբերակ առաջ քաշելով այդ համագործակցությունը: Տվյալ համագործակցությունը մեծապես կարող է նպաստել զոհերի հայտնաբերման և վերադարձի կազմակերպման գործին։

Սոց. ցանցերի միջոցով թրաֆիքինգի զոհերի հավաքագրման խնդրի կարգավորման կարևորության մասին ակնարկով հանդես եկավ ԱԽ քարտուղար  Լ. Հակոբյանը՝ նշելով, որ վերջերս մասնակից է եղել միջազգային համաժողովի, որտեղ խորհին մտահոգություն են հայտնել վերոհիշյալ խնդրի շուրջ՝ ցավով նշելով, որ ինտերնետ հսկողության իրականացումն առայժմ իրագործելի չէ. իսկ թրաֆիքյորները ակտիվ օգտվում են տեխնոլոգիաներից։

Փորձագետն այնուհետև հանդես եկավ թրաֆիքինգի զոհերի հայտնաբերման հարցում աշխատանքային տեսչության կարևորության և ներկայումս Հայաստանում դրա բացակայության խնդրին։

Ի պատասխան հարցադրմանը ՀՀ առողջապահության նախարարության աշխատանքային պայմանների վերահսկման աշխատակից Ս. Շահումյանը փաստեց, որ երկար ժամանակ է, ինչ տեսչության լինել-չլինելու հարցը կախված է օդում և իրենք չեն կարողանում լիարժեք կազմակերպել թրաֆիքինգի զոհերի հայտնաբերման իրենց գործառույթը։ Նա միաժամանակ հույս հայտնեց, որ հարցը շուտով դրական հանգուցալուծում կստանա:

Անդրադառնալով փորձագետի առաջ քաշած այն հարցին, թե նոր օրենքի գործարկումից հետո ինչ տեսանելի խոչընդոտներ կամ դժվարություններ կան, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակից Է. Վիրապյանը նշեց, որ օրենքի կիրարկումից հետո բնական է, որ շտկումների և լրացումների անհրաժեշտություն ի հայտ կգա։ Նա մատնանշեց անչափահասների թրաֆիքինգի դեպքում անչափահասներին օրենքով սահմանված միանվագ գումարի տրամադրման խնդիրը՝ որպես լրացման կարիք ունեցող դրույթ։

Ըստ գործող ՀՀ օրենքի անչափահասն իրավունք չունի ստանալ հասանելիք գումարը, քանի դեռ չափահասության տարիքը չի լրացել: Անչափահասի փոխարեն այդ գումարը չեն կարող ստանալ ո՛չ ծնողները և ո՛չ խնամակալները։

Ստացվում է, որ անչափահասը պետք է տարիներով սպասի գումարը ստանալու համար, մինչդեռ այն անհրաժեշտ է հնարավորինս շուտ՝ ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար։

Հանդիպման ընթացքում բոլորի կողմից նշվեց այն հաջողությունների մասին, որոնք գրանցել է Հայաստանը մարդկանց թրաֆիքնգի դեմ պայքարի ասպարեզում՝ մատնանշելով ԱՄՆ պետքարտուղարության տարեկան հաշվետվությունները, որտեղ վերջին հինգ տարիների ընթացքում ՀՀ-ն դիտվում է որպես առաջին խմբի երկիր: Չնայած տարիներ շարունակ գրանցած բաձր ցուցանիշներին, բոլորն այն կարծիքին են, որ անելիքներ դեռ կան ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու համար։  

Հանդիպման ավարտին փորձագետ Լ. Սորրենտինոն շնորհակալություն հայտնելով մասնակիցներին՝ տեղեկացրեց, որ առաջիկա օրերին կլինեն նաև առանձին հանդիպումներ պետական, հասարակական կազմակերպությունների և մեդիա դաշտի ներկայացուցիչների հետ, որից հետո Հայաստանում իրականացված մշտադիտարկման արդյունքների հիման վրա կձևավորվի իր հաշվետվությունը, որը կտեղադրվի նաև www.antitrafficking.am կայքում:

Ծանուցում.

Հանդիպումը կամակերպել էր Միգրացիայի միջազգային կազմակերպությունը  (ՄՄԿ) Հայաստանում, Թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի քարտուղարության հետ համատեղ։

Հանդիպման ֆոտոշարքը այս հղումով՝  https://goo.gl/upkp85

Share

About the author

AAVR administrator