FOX NEWS: Դեսպան Քալիսթա Գինգրիխ. Մարդկանց թրաֆիքինգի ավարտը պետք է գլոբալ առաջնահերթություն լինի բոլորիս համար

ByAAVR

FOX NEWS: Դեսպան Քալիսթա Գինգրիխ. Մարդկանց թրաֆիքինգի ավարտը պետք է գլոբալ առաջնահերթություն լինի բոլորիս համար

Հեղինակ՝ Քալիսթա Գինգրիխ, ԱՄՆ դեսպան Վատիկանում, FOX NEWS

Կարլա Հասինտոն ասում է, որ չորս տարվա ընթացքում իրեն բռնաբարել են ավելի քան 40 հազար անգամ: Մեքսիկայի Տենանսինիո քաղաքում լքված լինելով 12 տարեկանում, նա դառնում է կավատի զոհ, որը դաժանության և հարկադրանքի միջոցով ստիպում է նրան զբաղվել մարմնավաճառությամբ: Շահագործողները 15-ամյա Կարլայի ձեռքից խլում են նրա նորածին դստերը,որն աշխարհ էր եկել բռնաբարության արդյունքում և ստիպում շարունակել մարմնավաճառությունը:

Կարլան ի վերջո շահագործումից ազատվում է 16 տարեկանում՝ թրաֆիքինգի դեմ պայքարի գործողության արդյունքում:

Աշխարհում ավելի քան 25 միլիոն տղամարդ, կին և երեխա թրաֆիքինգի զոհեր են: Այս զոհերը, ինչպես Կարլան, շատ հաճախ գայթակղվում են իրենց կողմից վստահելի մարդկանց կեղծ խոստումներով և ստիպողաբար ներգրավվում մարմնավաճառության, տնային ստրկության և ժամանակակից ստրկության այլ ձևերի մեջ:

Միացյալ Նահանգները հաստատակամ են դադարեցնելու այս ահավոր պրակտիկան։ Նախագահ Թրամփը պարտավորվել է ԱՄՆ կառավարության «ամբողջ ուժն ու կշիռը» ներդնել  «համաճարակի» դեմ պայքարում:

Պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը 2017 թ.-ի «Մարդկանց թրաֆիքինգի մասին» զեկույցում ասել է. «Ներկայումս մարդու իրավունքների ոլորտում թրաֆիքինգը հանդիսանում է ամենաողբերգական խնդիրներից մեկը: Այն քայքայում է ընտանիքները, խաթարում գլոբալ շուկաները, խարխլում օրենքի գերակայությունը և խթանում անդրազգային հանցավոր գործունեությունը»:

Անցյալ տարվա սեպտեմբերին Թիլլերսոնը հայտարարել է Պետդեպարտամենտի կողմից 25 միլիոն դոլար մրցանակի մասին, որը տրվելու է Գլոբալ հիմնադրամին՝ ժամանակակից ստրկությանը վերջ տալու համար: Այդ պահից սկսած Կոնգրեսը սկսել է հատկացնել այդ գումարը:

“Ես որպես ԱՄՆ դեսպան Սուրբ աթոռում, նվիրված եմ այն ​​ամենին, ինչ օգնում է պայքարելու մարդկանց թրաֆիքինգի դեմ: Միացյալ Նահանգները և Սուրբ Աթոռը կիսում են ընդհանուր ջանքերը այս նախաձեռնության իրականացման համար:

Փետրվարին ես խոսեցի Հռոմի Սանտա Մարտա կոնֆերանսում, որտեղ Միացյալ Նահանգների և ամբողջ աշխարհի իրավապահ մարմինների ղեկավարները միացան կաթոլիկ հոգևորականներին և մյուսներին՝ ժամանակակից ստրկության դեմ պայքարի լավագույն փորձի փոխանակման նպատակով:

Ես կարևորեցի ԱՄՆ դաշնային իրավապահ մարմինների զոհակենտրոն մոտեցումը, որը զգալի ազդեցություն է թողել ինչպես քրեական հետապնդման, այնպես էլ փրկվածների վերականգնման վրա: Զոհակենտրոն ​​մոտեցումը երաշխավորում է, որ մարդկանց թրաֆիքինգի հոգեբանական և ֆիզիկական դրսևորումները հասկացնող փորձագետները անմիջականորեն աշխատեն իրավապահ մարմինների հետ՝ փրկվածներին աջակցելու համար:”

Այս մոտեցման օրինակն է «Operation Safe Haven»-ը, որը հանգեցրել է Մեքսիկայից և Կենտրոնական Ամերիկայից մի քանի տասնյակ թրաֆիքյորների ձերբակալմանը: Ծրագիրը վարվում է Ներքին անվտանգության հետաքննությունների՝ Ներքին անվտանգության ԱՄՆ դեպարտամենտի հետաքննչական մարմնի կողմից:

Operation Safe Haven-ի զոհակենտրոն մոտեցումը օգտագործվել է փրկվածների վիճակի կայունացման և խնամքի ապահովման համար: Թրաֆիքինգի զոհերի կողմից տրված խիզախ ցուցմունքների շնորհիվ ձերբակալված բոլոր հանցագործները դատապարտվել են մարդկանց թրաֆիքինգի մեղադրանքով:

Չափազանց կարևոր է, որ իրավապահ մարմինները շարունակեն զարգացնել ուժեղ և կայուն գործընկերություն ոչ կառավարական և կրոնական կազմակերպությունների հետ, որոնք գտնվում են փրկվածներին աջակցելու առաջնագծում:

Ինչպես Ներքին անվտանգության հետաքննությունները, այնպես էլ Դաշնային հետաքննությունների բյուրոն ամբողջ երկրով մեկ իրենց խոշոր ստորաբաժանումներում հիմնել են զոհերին աջակցելու պաշտոններ, որոնք համակարգում են զոհերին ծառայություններ մատուցողների գործողությունները: Այս նախաձեռնության մեջ ներգրավված են ավելի քան 300 ոչ կառավարական և կրոնական կազմակերպություններ:

Կաթոլիկ ապաստարանները նույնպես վճռորոշ դեր են խաղում փրկվածների խնամքի և վերականգնման գործում: Վերջերս Իտալիայի Կասերտայի Casa Rut կատարած այցի ժամանակ պատիվ եմ ունեցել հանդիպել փրկվածների: Վերջին երկու տասնամյակների ընթացքում հարյուրավոր կին-միգրանտներ գտել են ապաստան և աջակցություն Ursuline-ի միանձնուհիների կողմից:

Անցյալ տարի Վատիկանում կայացած այցից հետո Նախագահի ավագ խորհրդական  Իվանկա Թրամփը հանդիպեց Նիգերիայի և Աֆրիկյան եղջյուրի թրաֆիկինգի զոհերի հետ, որոնց նա անվանել է «անբացատրելի արհավիրքների և փորձությունների առջև ուժի, հավատի և կամքի վկայություն»:

Երբ Կարլա Հասինտոն փախավ իր գերությունից, նա մտավ Մեքսիկայի տեղական ապաստարան, որտեղ ստացավ «օգնություն, խնամք, ժամանակ, ուշադրություն և սեր, որոնց կարիքը ես ունեի», ինչպես նա ասաց ԱՄՆ Կոնգրեսի անդամներին: 2015-ին Կարլան իր պատմությունը պատմեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին:

Այսօր Կարլան ճանապարհորդում է ամբողջ աշխարհում մարդկանց թրաֆիքինգի և ժամանակակից ստրկության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման համար: Նրա վերականգնումը վկայում է այն փաստը, թե որքան կարևոր է զոհի աջակցությունը պայքարի առջևում և կենտրոնում դնելը:

Ոչ մի կառավարություն չի կարող վերջ տալ մարդկանց թրաֆիքինգի գլոբալ աղետին: Կառավարությունները, հասարակական, կրոնական կազմակերպությունները և փրկվածները  պետք է միասին աշխատեն, որպեսզի վերացնեն այս սարսափը:

Share

About the author

AAVR administrator