Անցկացվեց փաստաբանների վերապատրաստման շարքի երկրորդ դասընթացը

ByAAVR

Անցկացվեց փաստաբանների վերապատրաստման շարքի երկրորդ դասընթացը

Փաստաբանների ևս մեկ խումբ վերապատրաստվեց «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» (TATiP) ծրագրի շրջանակում մշակված հատուկ մոդուլով։ Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման վերաբերյալ քրեական վարույթներով զոհակենտրոն մոտեցումների և զոհակենտրոն քննության ապահովմանն ուղղված մոդուլի նպատակը տուժած անձանց հետ աշխատանքում զոհակենտրոն մոտեցումների երաշխավորումն է։

Ապրիլի 1-2-ին ՀՀ փաստաբանների պալատի աջակցությամբ կազմակերպված 2-րդ դասընթացին բացի ՀՀ հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբաններից, ներգրավվել են նաև մասնավոր ոլորտում գործող քրեական մասնագիտացմամբ փաստաբաններ (30-ից ավելի մասնակից), ինչպես նաև ՀՀ փաստաբանական ակադեմիայի դասախոսական կազմի փաստաբան-ներկայացուցիչներ։ Հիշեցնենք, որ փաստաբանների առաջին խմբի (30 հոգի) վերապատրաստումն իրականացվել էր մարտին։

«Քրեական վարույթի շրջանակում շատ հաճախ դեպքերի ենք հանդիպում, երբ վարույթի մասնակիցները՝ քննիչներ, դատախազներ, ոստիկանության ծառայողներ, այնպիսի հարցադրումներ են անում, վարվեցողության այնպիսի կանոններ են ցուցաբերում անձանց նկատմամբ, որոնք անթույլատրելի են զոհի հետ աշխատանքի տեսանկյունից և երկրորդային զոհականացում են առաջացնում, այսինքն՝ անձը, որը ահասարսուռ իրավիճակների միջով է անցել, դարձյալ վերապրում է այդ ամենը,- խոսելով դասընթացի կարևորության մասին՝ նշում է TATiP ղեկավար Տիգրան Հովհաննիսյանն ու հավելում,- այստեղ անչափ կարևոր է նաև տրավմաների մասին տեղեկացվածությունը, վարվեցողության կանոնների սահմանումը՝ հաշվի առնելով անձի տարիքը, կրթվածության մակարդակն ու սեռը։ Ծրագրի այս փուլում նախատեսում ենք առնվազն 90 փաստաբանի վերապատրաստել»։

Արդարադատության ակադեմիայի ծրագրային հենքի վրա վերապատրաստման մոդուլ է մշակվել նաև քրեական վարույթի այլ մասնակիցների համար։ Այս մոդուլով առաջին անգամ վերապատրաստվելու են ոստիկանության ծառայողներ, քննիչներ, դատախազներ, դատավորներ։

«Նույնացման հանձնաժողովի կողմից զոհի կարգավիճակ ստացած անձինք նաև Հանրային պաշտպանի գրասենյակի շահառուներ են,- նշում է դասընթացավար, Փաստաբանական ակադեմիայի ուսումնական դեպարտամենտի ղեկավար Արմինե Ֆանյանը,- Մեր երկրում վարույթի իրականացման ընթացքում հաճախ, ցավոք, պատասխանատվությունը մեղադրյալի ուսերից կարծես թե տեղափոխվում է տուժողի վրա։ Կարծրատիպային մոտեցումները կամ խտրական վերաբերմունքը քննության ընթացքում պետք է բացառել։ Այս դասընթացն անհրաժեշտ է նաև փաստաբաններին, քանի որ մեր նախորդ խմբի հետ աշխատելիս հասկացանք, որ մեծ մասը տեղեկացված չէ զոհերին տրամադրվող սոցիալական ծրագրերի առկայության, պետության պարտականությունների մասին։ Ոլորտին առնչվող բոլոր կառույցներում՝ ոստիկայությունից մինչև դատական մարմիններ, պետք է զոհի հետ աշխատանքի համար պատրաստված մասնագետներ ունենան»։

Նշենք, որ Ծրագրի շրջանակում վերապատրաստումների շարքը մեկնարկել է դեռևս 2022 թ.-ի ապրիլին։ Մինչ այժմ մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացներին մասնակցել են նաև Աշխատանքի տեսչական մարմնի տեսուչները, Սոցիալական աշխատողները և Միգրացիոն ծառայության ներկայացուցիչները։ Յուրաքանչյուր ոլորտի համար մշակվել են հատուկ մասնագիտական մոդուլներ։ TATiP ծրագրի ղեկավարը վստահեցնում է, որ վերապատրաստումները շարունակվելու են նաև ծրագրի ավարտից հետո։

«Սեմինարի ծրագիրը կազմված է շատ հմտորեն, վարող մասնագետները շատ գրագետ ու պատրաստված են։ Մեզ մատուցվում ոչ միայն պարզապես տեսական նյութ, այլև ներկայացվում են նորմերը, միջազգային պայմանագրերը, կոնվենցիան, գործնական առաջադրանքներ ունենք, երբ կոնկրետ իրավիճակներ ենք քննարկում։ Կոնկրետ ինձ համար շատ կարևոր է, որովհետև առօրյայում էլ շատ հաճախ հանդիպում ենք նման իրավիճակների, և պետք է մասնագիտորեն պատրաստված լինել»,- ասում է դասընթացի մասնակից, փաստաբան Գայանե Սարգսյանը։ 

«Միասին ընդդեմ մարդցկանց թրաֆիքինգի» ծրագիրն իրականացնում է «Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը՝ Աուդիո–վիզուալ լրագրողների ասոցիացիայի և Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի հետ համատեղ՝ ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսավորմամբ։ 

Share

About the author

AAVR administrator