Ինչպես երեխայի հետ խոսել թրաֆիքինգի մասին
Ծնողները, խնամակալները, դայակները, դասավանդողները վաղ տարիքից պետք է խոսեն երեխայի հետ Թրաֆիքինգի մասին:
Պետք է գիտակցել, որ մեզանից յուրաքանչյուրն այս խնդրի լուծման և կանխարգելման մեջ ուրույն տեղ է զբաղեցնում: Իրազեկման ճանապարհով ապահով միջավայրի ստեղծումը կօգնի նվազեցնել վախն ու անհանգստությունը, շրջանցել վտանգները և հնարավորություն կտա երեխային ապահով ապրել հասարակության մեջ:
Անշուշտ, յուրաքանչյուր ծնող գիտի, թե ինչպես դաստիարակել իր երեխային, սակայն այս առանցքային հաղորդագրությունները օգտակար կլինեն նրանց՝ մարդկանց թրաֆիքինգի խնդրի մասին հստակ տեղեկատվություն հասցնելու հարցերում:
Ծանոթություն
Թրաֆիքինգը մարդկանց ստրկական, սեռական, բռնի և չնչին վարձատրությամբ աշխատանքի տեսքով անօրինական շահագործումն է։ Այն ծանր հանցագործություն է, որը ոտնահարում է մարդկանց իրավունքները: Ամբողջ աշխարհում մոտավորապես 2.5 միլիոն մարդ՝ 127 երկրներից ենթարկվում են թրաֆիքինգի, որոնց 1/3-ը երեխաներ են։
Թրաֆիքյորներն այն մարդիկ են, ովքեր զբաղվում են մարկանց վաճառքով և վերջինիս շահագործմամբ: Կան նաև միջնորդներ, ովքեր օգնում են առևանգել զոհին, այնուհետև փոխանցել թրաֆիքյորին՝ հետագա շահագործման համար: Խարդախությամբ, խաբեությամբ նրանք գրավում են զոհերին, ովքեր շատ ավելի ուշ են տեղեկանում իրենց իրական կարգավիճակի մասին։ Հարկ է նշել, որ թրաֆիքյորներն ու միջնորդները հաճախ ծանոթ են լինում զոհին, որն էլ նրանց վստահում է:
Թրաֆիքինգի կարող է ենթարկվել ցանկացած մարդ` մեծահասակ, երեխա, կին, տղամարդ, նշանակություն չունի ո՛չ տարիքը, ո՛չ ազգությունը և ո՛չ հավատքը: Թրաֆիքյորները հավաքագրում են զոհերին՝ ուժի, խարդախության, հարկադրանքի միջոցով և ենթարկում շահագործման: Բացահայտվել են շահագործման այլ ձևեր ինչպիսիք են՝ հարկադիր ամուսնությունը, օրգանների հեռացումը և վաճառքը, երեխաների ապօրինի որդեգրումը և շահագործումը մուրացկանության ճանապարհով:
Ի՞նչ նշաններ կարող են հուշել, որ անհատը թրաֆիքինգի զոհ է դարձել
Հարկ է նշել, որ այս ցանկը ամբողջական չէ և ներկայացնում է հնարավոր մի քանի հուշանշաններ:
- Աշխատում է հարկադրանքի միջոցով, այսինքն՝ հակառակ իր կամքին:
- Անչափահասի աշխատանք, որը նրան հասցնում է ֆիզիկական, հոգեբանական, սոցիալական և բարոյական մեծ վնասներ, զրկում է կրթությունից, զարգացումից և ընտանիք ունենալուց:
- Աշխատում է չափազանց երկար և անսովոր աշխատանքային գրաֆիկով:
- Առկա են անսովոր աշխատանքային սահմանափակումներ՝ ընդմիջումների բացակայություն, տեղաշարժվելու իրավունքի բացակայություն…
- Ֆիզիկական/սեռական բռնության, բանտարկության, խոշտանգումների նշաններ են նկատվում:
- Ինքնուրույն չի հաղորդակցվում մարդկանց հետ. միշտ առկա է երրորդ անձը, որը վերահսկում է նրան և նրա խոսքը:
- Իր գտնվելու վայրի/տեղանքի/քաղաքի/երկրի մասին բավարար տեղեկատվության պակասը, այն բացատրելու անկարողունակությունը:
- Խոսքի մեջ նկատելի են բազմաթիվ անհամապատասխանություններ:
Խորհուրդներ երեխաներին
- Հարկավոր է ծնողների կամ դասավանդողների օգնությամբ և վերահսկողությամբ «զինվել» բավարար տեղեկատվությամբ:
- Սոցիալական կայքերում մի՛ ընդունեք անծանոթներից ստացված ընկերության հրավերները:
- Իրազեկ եղե՛ք, թե ինչպես են թրաֆիքյորները հավաքագրում մարդկանց և ուշադրություն դարձրե՛ք ձեր շրջապատին:
- Անձնական տվյալներ (անուն, ազգանուն, դպրոց կամ հասցե)մի՛ տվեք անծանոթներին կամ սոցիալական կայքերի ընկերներին՝ անկախ նրանց սիրալիրության աստիճանից:
- Մի՛ համաձայնեք հանդիպել անծանոթների հետ, առանց որևէ չափահաս և վստահելի մարդու ներկայության (ծնող, ուսուցիչ, բարեկամ):
- Եթե անհանգստացնող հարցեր ունեք, ապա անպայման խորհրդակցեք ծնողերի հետ, ովքեր կօգնեն Ձեզ գտնել ճիշտ ելքը:
- Անձնական տեղեկություն պարունակող տվյալներ կամ փաստաթղթեր (անձնագիր, նույնականացման քարտ, կացության թղթեր)երբեք մի՛ թողեք հասարակական վայրերում կամ մի՛ տվեք այլոց:
- Եթե վտանգի մեջ եք, հոգեբանական և ֆիզիկական վնաս են հասցնում Ձեզ, ապա անմիջապես դիմեք օգնության՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով՝
0 800 50 558;
0 800 80 801;
0 800 50 550:
Օժանդակող ձեռնարկներ
«Մեր բակի օդապարուկը»
Կոմիքս ձևաչափով մի փոքրիկ պատմվածք, ինչը երեխաների շրջանում կբարձրացնի թրաֆիքինգի մասին անհրաժեշտ տեղեկատվությունը:
Հեղինակներ՝ Արզուման Հարությունյան եւ Տիգրան Մանգասարյան,
Հովանավոր՝ «Մարդը կարիքի մեջ» (PIN) կազմակերպություն:
Թրաֆիքինգ (մարդկանց շահագործում)
Ուսումնաօժանդակ ձեռնարկ ավագ դպրոցում սովորողների համար:
«Մարդկանց առևտուրը կանխելուն ուղղված դպրոցական կրթություն Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում»
Արվեստի լեզվով ներկայացրած պատմվածքներ, էսսեներ, նկարներ, լրագրողական անդրադարձներ:
Գրքույկը նախատեսված է 15 և ավել տարիքի ընթերցողների համար:
Թրաֆիքինգ. մարդկանց շահագործում
Ուսումնաօժանդակ ձեռնարկ ուսուցիչների համար
Նրանք իրենց կամքով չէ, որ զբաղվում են մուրացկանությամբ