Աուդիո-Վիզուալ թիմի այցելությունը «Մեր Տուն»

Փետրվարի 27-ին «Աուդիո-վիզուալ» ՀԿ-ի թիմը անցկացրեց դասընթաց Էջմիածնում՝ «Մեր տուն» սոցիալ-հասարակական կազմակերպության սաների համար: Դասընթացի թեմաները երկուսն էին՝

«Մարդկանց թրաֆիքինգ. ոլորտը կարգավորող օրենսդրություն»,
«Մարդը որպես սոցիալական խնդրի կրող»:
Դասընթացը վարեցին ՀՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության ՀԿԳ ավագ քննիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը և «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, ռեժիսոր, սոցիալական գովազդի մասնագետ Արզուման Հարությունյանը:

«Մեր տուն»-ը հիմնադրվել է 2006 թվականին Տիգրանուհի Կարապետյանի ջանքերով:
Տարիներ առաջ նա խնդիր դրեց և իրագործեց մի նախագիծ, որի նպատակն էր 18 տարին լրացած մանկատան աղջիկներին մեկ հարկի տակ պահելը, դաստիարակելը, կրթելը, մասնագիտական հմտություններով զինելն ու օգնելը:

Նման հաստատությունների սաները թրաֆիքինգին վերաբերող հարցերում չափազանց խոցելի են, և մեր թիմը միշտ աչալուրջ է նման խմբերի իրազեկությունը ապահովելու հարցում:
«Աուդիո-Վիզուալ» թիմը պարբերաբար այցելում է «Մեր տան» սաներին՝ իրազեկման արշավների շրջանակներում, ուստի այս անգամ ևս թիմի այցը պատահական չէր:

Հանդիպման ձևաչափը բաղկացած էր երկու հատվածից: Առաջին հատվածում Դ. Թումասյանը ներկայացրեց մարդկանց թրաֆիքինգի հասկացությունը, ոլորտը կարգավորող օրենսդրությունը ու նրա զարգացման պատմությունը, պոտենցիալ զոհի իրավունքներն ու թրաֆիքինգից խուսափելու ճանապարհները, ինչպես նաև վտանգի մեջ հայտնվելու դեպքում օգնության աղբյուրներն ու իրավական համակարգի հետ համագործակցության սկզբունքները:

Անդրադարձ արվեց և տրվեց հանգամանալից բացատրություն նաև ոլորտի սահմաններում կիրառվող տերմինաբանությանը: Հույժ կարևոր էին լսարանի բարձրացրած հարցերի վերլուծությունները, քննարկումները, պատասխանները…

Միջոցառման երկրորդ հատվածի պատասխանատու Ա. Հարությունյանն իր հերթին ներկայացրեց թրաֆիքինգին վերաբերող սոցիալական գովազդի ստեղծման ամբողջական ճանապարհը՝ գաղափարի առաջադրում, պատվիրատուի հետ աշխատանք, եզրույթների ու նշանների ճիշտ օգտագործում, հոլովակների հեռարձակում:

Հանդիպումը անցավ ջերմ և փոխներգործուն մթնոլորտում. ներկայացումը կառուցված էր այնպես, որ ներկաներից յուրաքանչյուրին տրվեց հնարավորություն քայլ առ քայլ անցնել թրաֆիքինգ եզրույթի տարածման, գրագետ լուսաբանման և կանխարգելման ճանապարհը՝ իրեն բնորոշ բոլոր առանձնահատկություններով:

Ներկայացման ընթացքում ցուցադրված հոլովակները, որոնք նկարահանվել են «Աուդիո վիզուալ»-ի կողմից, բուռն քննարկումների և վերլուծությունների առիթ տվեցին:

Այցի լուսանկարները հասանելի են Այցելություն “Մեր Տուն” հղումով:

Share