“Աուդիո-Վիզուալ” թիմի հանդիպումը ԳՐԵՏԱ-ի փորձագետների հետ

Այս օրերին տարածաշրջանի կառավարությունների թրաֆիքինգի դեմ պայքարի գնահատման այցի 2-րդ փուլի շրջանակներում Հայաստանում էն գտնվում Եվրոպայի խորհրդի թրաֆիքինգի դեմ պայքարի ԵԽ փորձագիտական (GRETA) խմբի փորձագետները: 

Այցի շրջանակներում փորձագետները դեկտեմբերի 14-ին հանդիպեցին նաև “Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա” ՀԿ-ի թիմի հետ, որի ընթացքում ՀԿ-ի նախագահ Արզուման Հարությունյանը ներկայացրեց կազմակերպությունը և վերջին մի քանի տարիների ընթացքում կազմակերպության կողմից թրաֆիքինգի դեմ պայքարին առնչվող արված աշխատանքները:

Նախ և առաջ, հանդիպման ընթացքում խոսվեց “Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացում” ծրագրի մասին, որը ֆինանսավորվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից: Խոսվեց ծրագրի քաղաքականությունից, գրանցած հաջողություններից, իրականացված գործունեությունից, զարգացումներից, համագործակցություններից և սպասելիքներից:

Մանրամասնորեն ներկայացվեց թրաֆիքինգին վերաբերող հայկական մեդիա դաշտը՝ զարգացումներն ու տենդենցները, Աուդիո-Վիզուալի կողմից արված դիտարկումներն ու վերլուծությունները: Այս համատեքստում ՀԿ-ի թիմը պատմեց նաև Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության մասին, որի կազմակերպչական աշխատանքներին Աուդիո-Վիզուալը ակտիվորեն մասնակցություն է ցուցաբերում, տրամադրելով կազմակերպիչներին տարվա կտրվածքով մոնիտորինգի ենթարկված և առանձնացված լրագրողական բոլոր նյութերը:

Այնուհետև թիմը պատմեց մի այլ՝ ժամանակակից քաղաքական զարգացումների համատեքստում Հայաստանի համար մի կարևորագույն նախագծի մասին, որին այս տարվա սեպտեմբերին ձեռնամուխ էր եղել Աուդիո-Վիզուալը: Խոսքը Թուրքիա այցի մասին էր, որն իրագործվել էր Հրանտ Դինք հիմնադրամի “Հայաստան-Թուրքիա Ճանապարհորդական Դրամաշնորհ”-ի շրջանակներում:

Թրաֆիքինգի դեմ պայքարի գործում Հայաստան-Թուրքիա հասարակական սեկտորի համագործակցությունը էլ ավելի կարևոր է դառնում դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայամաններում: Այս համագործությանը հիմք դնելու միջոցով Աուդիո-Վիուալը փորձում է ուղի հարթել զոհերի հայտնաբերման և մեդիա համագործակցության համար:

Հանդիպման ժամանակ ՀԿ-ի նախագահ Արզուման Հարությունյանը նշեց, որ նմանատիպ համագործակցություն նույնիսկ սկսելու միտքը արդեն ինքնին դյուրին չէ, հաշվի առնելով թե՛ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, թե՛ թուրքական մեդիայի և հասարակության կողմից թրաֆիքինգ երևույթի բացարձակ մերժման պայմանները:

Սակայն հաշվի առնելով Սիրիայից փախստականների հոսքը և դրանից բխած սոցիալական խնդիրները, կարելի է ենթադրել, որ մարդկանց թրաֆիքինգի հետ կապված խնդիրները Թուրքիայում շուտով ծայրահեղ հրատապ կդառնան: Ուստի համագործակցության ուղիներ փնրտրելը գոնե հասարակական կազմակերպությունների հարթությունում այս գործում պիոների դեր ստանձնած Աուդիո-Վիզուալի համար կարևորագույն կանխարգելիչ նպատակներից մեկն է:

Հանդիպման ժամանակ նաև խոսվեց “Գիտելիքների մրցարշավ ընդդեմ թրաֆիքինգի” նախագծի մասին: Այս ծրագիրը Աուդիո-Վիզուալը հաջողությամբ իրականացնում է արդեն երկրորդ տարին շարունակ Սպորտի և Երիտասարդության հարցերով նախարարության հետ մեկտեղ:

ԳՐԵՏԱ-ի փորձագետները հետաքրքրված էին կանխարգելիչ միջոցառումների նմանատիպ ձևաչափով, որը Հայաստանում առաջին անգամ մշակվել և կիրառվել է “Աուդիո-Վիզուալ”-ի նախաձեռնությամբ, 2014 թվականին Սիսիանում: Փորձագետները ձևաչափը կիրառելու մասին շատ հարցեր հղեցին, իսկ վերջում բարձր գնահատական տվեցին երիտասարդներին թրաֆիքինգի մասին գիտելիքներ փոխանցելու և կանխարգելիչ աշխատանքների նման մոտեցում ցուցաբերելու համար:

Քննարկվեց նաև www.antitrafficking.am կայքի գործունեությունը:

Ինչպես քննարկման ընթացքում նշեց փորձագետ Դավիդ Դոլիդզեն, այս կայքից երբեմն օգտվում են նաև ԳՐԵՏԱ-ի փորձագետները՝ ինչը արդեն հաճելի անակնկալ էր թիմի համար…

Հանդիպման լուսանկարներն արդեն մեր ֆեյսբուքյան էջում են՝  “Աուդիո-Վիզուալ” թիմի հանդիպումը ԳՐԵՏԱ-ի փորձագետների հետ