Գիտելիքների մրցարշավ ընդդեմ թրաֆիքինգի Ստեփանավանի երիտասարդների համար

Օգոստոսի 15-ին ՀՀ 2015 թ.-ի երիտասարդական մայրաքաղաք՝ Ստեփանավանում “Արտ Սայթ” ՍՊԸ-ն ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ իրականացրեց արդեն իսկ ավանդույթ դարձած “Գիտելիքների մրցարշավ ընդդեմ թրաֆիքինգի” ծրագրի առաջին փուլը:

Ծրագիրը բաղկացած է երկու փուլից` դասընթացից և եզրափակիչ Brain Ring խաղից:

Դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան փորձագետների միջոցով ծանոթանալու մարդկանց թրաֆիքինգի երևույթին, Հայաստանում և աշխարհում թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի մանրամասներին, Ստեփանավանի պատմամշակութային անցյալին ու ներկաին, ինչպես նաև միջազգային միգրացիոն հոսքերում հայերի տեղի ու դերին:

Սեմինարը անցավ ջերմ և ինտերակտիվ մթնոլորտում. մասնակիցները հետաքրքրությամբ լսում ու հարցեր էին տալիս փորձագետներին:

Դասընթացի ընացքում ՀՀ Ոստիկանության գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, Ոստիկանության փոխգնդապետ, ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի անդամ Ռոբերտ Գրիգորյանը պատմեց մասնակիցներին թե ինչ է իրենից ներկայացնում մարդկանց թրաֆիքինգն ու շահագործումը, ինչպես նաև ներկայացրեց մարդկանց թրաֆիքինգի և շահագրծման` հարկադիր աշխատանքի նպատակով իրավական նրբությունները:

Ստեփանավանի քաղաքապետարանի աշխատակից, լրագրող Նազելի Ավագյանը ներկայացրեց դասընթացի մասնակիցներին “Լոռէ – Ջալալօղլի – Ստեփանավան” և “Անվանի Ստեփանավանցիներ” ներկայացումները:

Հայկական սփյուռքի մասին պատմեց միգրացիայի հարցերով փորձագետ Արմեն Մելքոնյանը:

Այս տարի, ինչպես և անցած տարի Սիսիանում Արտ Սայթի ստեղծագործական թիմը “Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա” ՀԿ-ի հետ գործընկերությամբ կկրկնի երիտասարդների հետ գիտելիքները կիսելու նոր, հետաքրքիր ձևաչափը. Brain Ring խաղը` ծրագրի երկրորդ փուլը, որը թույլ կտա մրցման միջոցով մարդկանց թրաֆիքինգի գիտելիքներն ամրապնդել և տարածել:

Խաղը կանցնի օգոստոսի 21-ին Ստեփանավանի Մշակույթի տանը իսկ մասնակիցները ժամանակ կունենան ավելի լավ յուրացնել դասընթացից ստացած գիտելիքները և պատրաստվել խաղին:

Խաղի գլխավոր սկզբունքն է Brain Ring խաղի սկզբունքը՝ ճիշտ և արագ:

2013թ.-ի ՀՀ կառավարության “ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ տարված աշխատանքների վերաբերյալ” հաշվետվության մեջ նշված է, որ ի տարբերություն մեծ քաղաքների, փոքր քաղաքներում և գյուղական բնակավայրերում մարդկանց թրաֆիքինգի իմացության մակարդակը համեմատաբար ցածր է: Այդ առումով առավել կարևոր է երիտասարդների հետ աշխատանքը:

Brain Ring խաղի անց կացման մասին մանրամասներն ու խաղի հաղթոների մասին նորությունները կարդացեք մեր առաջիկա նյութերում:

Դասընթացի լուսանկարները հասանելի են “Գիտելիքների մրցարշավ ընդդեմ թրաֆիքինգի” հղումով:

Share