Դեսպան Վահրամ Կաժոյանի ելույթը «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ԵԽ կոնվենցիայի իրականացման տասը տարի. ազդեցությունը և առաջիկա մարտահրավերները» համաժողովին

Դեսպան Վահրամ Կաժոյանի ելույթը «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ԵԽ կոնվենցիայի իրականացման տասը տարի. ազդեցությունը և առաջիկա մարտահրավերները» համաժողովին և թրաֆիքինգի դեմ պայքարի ազգային համակարգողների և զեկուցողների հանդիպմանը
Ստրասբուրգ, 22-23 մայիսի, 2018

      Հարգելի տիկին Նեստորովա,
      Հարգելի տիկին Ժարբուսինովա,
      Մեծարգո դեսպաններ,
      Հարգելի գործընկերներ,
      Տիկնայք և պարոնայք,

 

Թույլ տվեք  իմ խոսքը սկսել շնորհավորելով բոլորիս` ամենակարևոր իրավական գործիքներից մեկի ուժի մեջ մտնելու 10-ամյակի կապակցությամբ, որը մարդկանց թրաֆիքինգին անդրադառնում է մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից՝  հստակ սահմանելով թրաֆիքինգը որպես մարդու իրավունքների խախտում ևհանցանք մարդու արժանապատվությանը և անձեռնմխելիության դեմ: Այսօր, հաշվի առնելով աշխարհում գոյություն ունեցող միգրացիայի/ներգաղթի/ ճգնաժամըև մարդկանց թրաֆիքինգի միտումների փոփոխական բնույթը, չափազանց կարևոր է օգտագործելմեր տրամադրության տակ գտնվող բոլոր գործիքները՝խորացնելու համագործակցությունը ու համակարգելու մեր քայլերը ուղղված թրաֆիքինգի զոհերի աջակցությանը և թրաֆիքինգի դեմ պայքարիժամանակակից հասարակության ստեղծմանը:

Վերջին 10 տարիների ընթացքում թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ արձանագրված մեր հաջողությունների գրավականն է նաև առկա մոտինորինգային համակարգը, որը հսկողություն է իրականացնում մեր համատեղ պարտավորությունների իրականացման ուղղությամբ:

Վերջին ժամանակներում մարդկանց թրաֆիքինգի միտումները փոխվել են նախորդ տարիների համեմատ. սեռական շահագործման դեպքերի նվազման հետ մեկտեղ ավելանում են աշխատանքային շահագործման դեպքերը: Աճում է նաև ներքին թրաֆիքինգը կանանց սեռական շահագործման և տղամարդկանց հարկադիր աշխատանքի ուղղությամբ։

Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքները համակարգվում են ՀՀ-ում մարդկանց թրագիքինգի և շահագործման դեմ պայքարի Խորհրդի կողմից, որը ղեկավարում է ՀՀ փոխվարչապետը: Խորհրդի ընթացիկ աշխատանքները կազմակերպելու նպատակով ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության հովանու ներքո գործում է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի նպատակն է քաղաքականության մշակումը և ոլորտում բոլոր շահագրգիռ մարմինների կողմից իրականացվող քայլերի համակարգումը:

Խորհրդի և նրան կից աշխատանքային խմբի գործունեությանն ակտիվորեն մասնակցում են ոլորտում ակտիվ հասարակական կազմակերպությունների ու Հայաստանում ներկայացված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: Ընդ որում, պետք է նշել, որ խմբի բոլոր անդամներն, անկախ նրանից, թե որ կառույցն են ներկայացնում, ունեն հավասար իրավունքներ: Աշխատանքային խումբը տարեկան հաշվետվություն է ներկայացնում խորհրդին իրականացված աշխատանքի վերաբերյալ: Հաշվետվությունը հաստատվում է կառավարության կողմից, այնուհետև` տեղադրվում ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում: Հրատապ կամ մանրակրկիտ ուսումնասիրման անհրաշեշտութուն ունեցող հարցերի քննարկման համար, ըստ անհրաժեշտության աշխատանքային խմբի ներքո ստեղծվում են հատուկ ենթախմբեր:

Սկսած 2004 թվականից ՀՀ կառավարության կողմից ընդունվել է հինգ գործողությունների ազգային եռամյա ծրագիր: Ներկայումս գործում է հինգերորդ ազգային ծրագիրը՝ 2016-2018 թվականների համար: Ներկայումս ԱԽ կողմից մշակվում է վեցերորդ գործողությունների ազգային ծրագիրը՝ 2019-2021 թվականների համար:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Պալերմոյի արձանագրության, Եվրոպայիխորհրդի «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի մասին» կոնվենցիայի պահանջներին և այլ միջազգային պարտավորություններին համապատասխանեցնելու նպատակով, ընդունվել է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև օրենքի կիրարկումն ապահովող 7 ենթաօրենսրդրական ակտերը:

Օրենքը կարգավորում է թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված, այդ թվում՝ օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց նույնացման և աջակցության, նրանց համապատասխան կացության կարգավիճակ տրամադրելու և անվտանգ վերադարձի ընթացակարգերը: Օրենքի դրույթների համաձայն՝ թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց նույնացումը և նրանց տրամադրվող աջակցությունը փոխկապակցված չէ վերջիններիս կողմից իրավապահ մարմինների հետ համագործակցելու հանգամանքից: Աջակցությունը ներառում է նաև պետության կողմից տրամադրվող միանվագ դրամական փոխհատուցում:

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված զոհերի նույնացման կարևոր առանձնահատկություններից մեկը, որն ամրագրվել է նոր Օրենքով, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի ստեղծումն է՝ որպես առանձին մարմին, որում ներկայացված են մասնագետներ թե՛ իրավապահ մարմիններից և սոցիալական աջակցության գործընկերներից և թե՛ հասարակական կազմակերպություններից՝ ներգրավված զոհերի աջակցության տրամադրման ծրագրերում: Այսինքն, ցանկացած պահի, երբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները կասկածում են, որ անձը կարող է լինել թրաֆիքինգի կամ շահագործման զոհ, նրանք անմիջապես ուղղորդում են այդ անձին զոհերի նույնացման հանձնաժողով և տեղեկացնում վերջինիս:

Երկրորդ կարևոր կետը` օրենքի ընդունումով չեղարկվեց 2008 թ. ընդունված «Մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ ենթարկված անձանց ազգային ուղղորդման կարգը» և վերանայվեցին թրաֆիքինգի ենթարկված անձանց նույնացման ընթացակարգերը: Փոփոխությունները կատարվել են հիմք ընդունելով Եվրոպայի խորհրդի GRETA առաջին գնահատման զեկույցը, ԵԱՀԿ պատվիրակության  Հայաստան կատարած այցի արդյունքում լույս տեսած զեկույցը և ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մեր գործընկերների կողմից իրականացվող մոնիտորինգի արդյունքները: Ներկայումս, նոր օրենքի համաձայն, զոհի նույնացումը կատարվում է երկու փուլով` նախնական նույնացում և նույնացում, ինչը լիովին տարանջատված է քրեական դատավարությունից և որևէ կերպ չի դիտարկում որպես զոհի կողմից իրավապահ մարմինների հետհամագործակցության նախապայման:

Միջգերատեսչական համագործակցությունը մեր հաջողությունների գրավականն է զոհերի նույնացման, ուղղորդման, աջակցության և վերաինտեգրման բոլոր փուլերում, ինչպես նաև նրանց անվտանգ վերադարձի գործընթացներում: Զոհերի կարիքներն ու շահերն ընկած են նրանց պաշտպանության հիմքում, քանզի այդ համագործակցության հիմնական նպատակն է` զոհերի իրավունքների վերականգնումը:

Սա հնարավոր է դարձել նախ և առաջՀՀ իշխանությունների քաղաքական կամքի արդյունքում: Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից մեկն է:

Շնորհակալություն։

Share