ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Մադինա Ժարբուսինովայի հանդիպումը ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի հետ

Հոկտեմբերի 13-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում կայացավ ՀՀ-ում Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի անդամների հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահի` մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ և համակարգող Մադինա Ժարբուսինովայի և նրան ուղեկցող գործընկերների հետ:

Հանդիպման մեկնարկին ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի միջգերատեսչական խորհրդի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը  ողջունեց հյուրերին  և ըստ տարիների ներկայացրեց ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի գործընթացում կատարված աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները և ձեռքբերումները:

Ելնելով հանդիպման ձևաչափից՝ աշխատանքային խմբի յուրաքանչուր անդամ ներկայացրեց իր գործառույթը թրաֆիքինգի դեմ պայքարում և իր ներկայացրած կառույցի կատարած և սպասվելիք աշխատանքների ամփոփ նկարագիրը:

Հանդիպման շրջանակներում խոսվեց Թրաֆիքինգի զոհերի աջակցության օրենքի, ազգային ծրագրի և թեմայի առնչությամբ ՀԿ-ների կատարած աշխատանքների, ինչպես նաև ՀՀ նախարարությունների ներգրավվածության մասին: Նշվեց, որ թրաֆիքինգի հետ առնչություն ունեցող դեպքերը քննվում են ՀՀ քննչական կոմիտեի առանձնացված ստորաբաժանումում և  այս ուղղությամբ հատուկ մասնագիտացված քննիչներ են աշխատում: Մադինա Ժարբուսինովայի հարցին, թե ինչու՞ է 2015-ին հարուցված 14 քրեական գործերից միայն 3-ը դատարան ուղարկվել, ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները պարզաբանեցին, որ ստացված տեղեկատվությունը ճշտելու համար պետք է քրեական գործ հարուցել և լինում են դեպքեր, երբ պայմանական զոհերի ցածր իրավագիտակցության պատճառով նրանք իրավիճակները ներկայացնում են որպես թրաֆիքինգ, սակայն գործի հետագա քննությունը ցույց է տալիս, որ երևույթը չի առնչվում թրաֆիքինգին: Որպես ասվածի հավաստում ներկայացվեց նաև իրական մի քանի օրինակներ և պարզաբանումներ:

ԱԱԾ-ի ներկայացուցիչը իր խոսքում ներկայացրեց այն աշխատանքները, որոնք իրականացվում են ՀՀ-ից ԱՄԷ և Թուրքիա մեկնող և ժամանող ուղևորների իրազեկության մակարդակի բարձրացման գործում: Տիկին Ժարբուսինովան, որպես աշխատանքների հավելում, առաջարկեց նաև կատարել ռիսկային վերլուծություն և մշակել մեխանիզմներ՝ ՀՀ-ից դեպի նշյալ երկրներ մեկնողների մասին տեղեկատվություն վերցնելու միտմամբ:

Հանրության իրազեկության և գործող www.antitrafficking.am կայքի մասով տիկին Ժարբուսինովան առաջարկեց «Աուդիո-Վիզուալ լրագրոների ասոցիացիա» ՀԿ-ին շարունակել ընդլայնել գործունեության ծավալները՝ անընդհատ ներգրավելով նոր շահառուների:

Երեխաների և պատանիների իրազեկության առումով ԿԳՆ-ի (Կրթության և գիտության նախարարություն) և ՄՄԿ-ի (Միգրացիայի միջազգային կոմիտե) աշխատակիցները ներկայացրին, որ զգալի աշխատանքներ արդեն կատարվել են հանրակրթական միջնակարգ և ավագ դպրոցների մասնագետների վերապատրաստման և թեման կրթական ծրագրերում ներմուծելու նպատակով: Առաջարկվեց դպրոցահասակ երեխաների բացակայությունների և դրանց պատճառների դիտարկում կատարել՝ երեխաների թրաֆիքինգը կանխարգելելու նպատակով:

Մադինա Ժարբուսինովան խոսեց նաև թրաֆիքինգի ենթարկված երեխաների բարոյական և ֆինանսական փոխհատուցման կանոնակարգի հստակեցման և բարելավման անհրաժեշտության մասին:

Հանդիպման ավարտին թրաֆիքինգի հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը մեկ անգամ ևս անդրադարձավ, որ չնայած ՀՀ-ում խնդրի առնչությամբ դեպքերը սակավաթիվ են, այնուհանդերձ անհրաժեշտ է բարձրացնել կանխարգելման աշխատանքների ծավալներն ու արդյունավետությունը: Նա հավելեց նաև, որ շուտով կհրապարակվի ԵԱՀԿ զեկույցը՝ ՀՀ-ում թրաֆիքինգի կանխարգելման, և զոհերի աջակցության առումով տարվող աշխատանքների վերլուծությամբ, նկատառումներով և  առաջարկություններով:

Հանդիպման լուսանկարներն այս հղմամբ` https://www.facebook.com/pg/Anti-Trafficking-Information-Platform-in-Armenia-815159858497419/photos/?tab=album&album_id=1463092947037437

 

Share