Երեք օր ”anti-trafficking” տիրույթում

Byadmin

Երեք օր ”anti-trafficking” տիրույթում

Հարցազրույց “Մեդիա նախաձեռնությունների կենտրոն” ՀԿ-ի (նախկին Ինտերնյուս), www.media.am կայքի պրոդյուսեր, դասընթացի փորձագետ Գեղամ Վարդանյանի հետ

– Որպես լրագրող, ո՞վ ունի մեծ փորձ թրաֆիքինգի լուսաբանման ոլորտում, ինչպե՞ս էք գնահատում այսօրվա հայ լրագրողների իրազեկվածությունը թրաֆիքինգի լուսաբանման հարցում:

– Իրականում սա բավականին բարդ հարց է, քանի որ ոլորտում առկա է լրագրողների անընդհատ հոսք` նրանք ավելանում են, պակասում են: Դրա համար ավելի ճիշտ կլինի խոսել խմբագրություններում կիրառվող ավանդույթների մասին, այսինքն ինչպիսի ավանդույթներ ունեն խմբագրությունները բարդ մարդկային ճակատագրերը լուսաբանելիս:

Լրագրողը, որը լուսաբանում է թրաֆիքինգը` լուսաբանում է մի դժբախտության պատմություն ու եթե խմբագրությունը չունի նման պատմությունների հետ ճիշտ աշխատելու, ճիշտ լուսաբանելու, անձնական տվյալները պաշտպանելու, նյութի հերոսին վնաս չտալու ավանդույթ, ապա խնդիրներ միշտ էլ կլինեն: Հայաստանում տարիներ շարունակ թրաֆիքինգի լուսաբանումը եղել է իմպուլսիվ: Հիմնական լուսաբանումները եղել էն ինֆորմացիոն առիթի, օրինակ, աղմկահարույց գործերի դեպքում: Իսկ իրականում այս ժանրը ենթադրում է երկարատև աշխատանք, հետևողական ուշադրություն դատալսումներին և այլ: Այսինքն գլոբալ կարգավորված մոտեցում թրաֆիքինգի թեմային հայկական մեդիայում դեռ չի կազմավորվել:

Այս խնդիրը գալիս է նաև նրանից, որ ընդհանուր հայկական մեդիադաշտը ունի խնդիրներ մարդկային պատմություններ լուսաբանելու հետ: Գրեթե ամեն օր դրան բախվում ես. օրինակ, օրերս հայկական լրատվամիջոցներից մեծ մասը անդրադարձան 15 տարեկան աղջկա ինքնասպանությանը, նշելով թե՛ նրա անուն-ազգանունը, թե՛ այն գյուղի անունը, որտեղ նա ապրում է՝ բոլոր անձնական տվյալները բաց գրված էին: Նման նյութը` թրաֆիքինգի ենթարկված զոհերի մասին նյութերի նման, ողբերգության պատմություն է, որոնց մասին գրելիս լրագրողը առավել քան երբևէ պարտավոր է պահպանել լրագրողական էթիկայի պարզ կանոնները:

Ասածս այն է, որ սա ընդհանուր մեդիա դաշտի խնդիրն է, ուղղակի, քանի որ թրաֆիքինգը հանցագործություն է, և գոյություն ունեն թրաֆիքինգի հետ կապված տարբեր կազմակերպություններ, որոնք գրում են այն մասին, թե ինչպես է պետք լուսաբանել թրաֆիքինգը, ինչպես է պետք աշխատել զոհի հետ, ապա լրագրողի աշխատանքը բավականին հեշտանում է:

Իմ գնահատմամբ՝ այսօր Հայաստանում կան բոլոր նախապայմանները թրաֆիքինգի ոլորտը լուսաբանելիս լավ նյութեր գրելու համար։ Հետևաբար, եթե լրագրողը ուզում է անել լավ աշխատանք, ապա նա այն կանի. այստեղ կա միայն ցանկության և ավանդույթների խնդիր:

– Դասընթացի ընթացքում շատ խոսվեց լրագրողական էթիկայի մասին: Որքանո՞վ է կարևոր այն պահպանելը, թրաֆիքինգի զոհին չվնասելու համար:

– Թրաֆիքինգի ոլորտը լուսաբանելիս՝ լրագրողական էթիկան ամենակարևոր հարցերից մեկն է: Երբ դասընթացի ժամանակ խոսում էինք այն մասին, որ զոհի դեմքը պետք է ծածկված լինի, անձնական տվյալները նյութի մեջ չպետք է նշվեն, լրագրողների հիմնական հարցը լինում էր.

“Ւսկ մարդիկ մեզ ինչպե՞ս կվստահեն, արդյոք ընթերցողի կամ հեռուստադիտողի մոտ հարց չի՞ առաջանա, պատմությունն իրակա՞ն է, թե ոչ”:

Այս հարցերը բնական են: Սկսենք նրանից, որ լրագրողական էթիկան պետք է միշտ առկա լինի լրագրողի աշխատանքում: Հետո էլ, հաճախ խմբագրությունը էթիկայի հետ կապված հարցերը վերցնում է իր վրա. ինքնակամ սահմանափակումներ է դնում իր աշխատանքում, որպեսզի հասարակությանը ասի “ես պարտավորված չեմ պահպանել այս կանոնները, բայց ես դրանք պահպանում եմ, որպեսի հասարակության վստահությունն իմ հանդեպ ձեռք բերեմ”:

Այսինքն էթիկան` վստահության խնդիր է: Իսկ այնպիսի բարդ թեման, ինչպիսին թրաֆիքինգն է, լուսաբանելիս էթիկայի կանոնների պահելը առավել քան կարևոր է զոհին չվնասելու, նրա ճակատագիրը չխեղաթյուրելու համար: Հայաստանում այսօր այնպիսի իրավիճակ է, որ ոչ բոլոր լրատվամիջոցներն են իրենց վրա վերցնում այդ սահմանափակումները: Լրատվամիջոցների մի խումբ կա, որ ստորագրել է էթիկայի կանոնակարգ, կան նաև առանձին լրատվամիջոցներ, որոնք ունեն իրենց սեփական կանոնակարգը, կա նաև լրագրողական էթիկայի դիտորդ մարմին, բայց մեկ է այդ ամենի հետ մեկտեղ պետք է այսպես կոչված ինքնակարգավորում, ինչի հետ Հայաստանում այսօր խնդիրներ կան:

Էթիկայի կարևոր պայմաններից է զոհին չվնասելը, նրա զգացմունքները, սոցիալական դիրքը չվնասելը, անհատական տվյալները պաշտպանելը, չէ՞որ թրաֆիքինգը մարդու անձնական կյանքին է վերաբերվում և, չպահպանելով էթիկայի կանոնները, կարելի է վնասել մարդու ճակատագիրը:

– Ո՞րոնք են այն հիմնական սխալները, որոնք անում են այսօր լրագրողները՝ թրաֆիքինգի թեմային անդրադառնալիս:

– Դասընթացի ընթացքում մենք ներկայացրեցինք մեր կողմից արված հայկական լրատվական դաշտի հետազոտությունը` 2013 թվականին հրապարակված բոլոր նյութերը, որոնք կապ ունեին թրաֆիքինգի հետ: Հոդվածները, որոնք ուսումնասիրել էինք, մի քանի խմբի բաժանեցինք:

Նախ` թրաֆիքինգ երևույթը, ինքն իրենով երբեմն սխալ է ընկալվում։ Այսինքն թրաֆիքինգ բառը ասոցացվում է շահագործման, որոշ դեպքերում ընտանեկան բռնության, որոշ դեպքերում՝ մարմնավաճառության հետ։ Այսինքն, ինչ-որ առումով այդ բառը հասարակության համար դարձել է մեմ: Դա է սխալներից ամենատարածվածը: Որոշ դեպքերում այս բառը օգտագործվում է որպես բնորոշում և այդքան էլ ճիշտ չի ընկալվում։ Նման անփույթ օգտագործման հետևանքով ցանկացած աշխատանքային պայմանագրի պայմանների խախտում կարելի է ներկայացնել որպես թրաֆիքինգ, ինչն ակնհայտ սխալ է։ Այսինքն, այստեղ մենք ունենք խնդիր բառի սխալ կոնտեքստում օգտագործելու հետ:

Լինում են սխալներ, երբ լրագրողը նյութը կազմում է այնպես, որ հնարավոր է դարձնում զոհին ճանաչելը` այսինքն հնարավոր է լինում հասկանալ, թե զոհը որտեղից է, ով է նա` դա ևս շատ տարածված սխալ է:

Կան հոդվածներ, երբ այդքան էլ ճիշտ չի ներկայացվում տեղեկատվությունը։ Խոսքը վերաբերվում է դատական լսումների լուսաբանմանը:

Դատավարություն ներկայացնելը րոպեական գործ չէ` դատավարությունները կարող են տևել մի քանի ամիս, տարի և ավելին: Եթե լրագրողը ուզում է ներկայացնել դատավարություն, ապա նա պետք է գնա բոլոր դատական նիստերին, հետևի գործի զարգացումներին, համադրի այն ամենը, ինչ տեղի է ունենում գործի շրջանակներում, և, ի վերջո, ամփոփի այդ ամենը մեկ նյութում, երբ պարզ է գործի ամբողջական պատկերը, կամ էլ հետազոտի նյութը և հետագայում ստանա հոդվածների շարք: Իսկ մեր մոտ պատկերը այսպիսին է. կա Datalex-ը` դատական համակարգ, որտեղ առկա են բոլոր դատական գործերը ըստ հոդվածների, ըստ անունների, ըստ դատավորների և առկա են դատական եզրակացությունները: Լրագրության մեջ կա մի հասկացություն` “բազմոցային լրագրություն”, երբ լրագրողը չգնալով դատական նիստին գտնում է Datalex-ի միջոցով նիստերի մասին տեղեկությունները և, փոխելով ընդամենը մի քանի ձևակերպում, պատրաստում է նյութ: Քանի որ այդ նյութի մեջ կա “թրաֆիքինգ”, “սեռական բռնություն”, “սեռական հարաբերություններ” եզրույթները մարդկանց հետաքրքրությունը այդ նյութի հանդեպ ապահոված է: Իսկ իրականում այդ ընթացքում լրագրողը վնասում է իր հերոսին, դարձնելով նրա անձնական կյանքի ողբերգությունը հանրային:

Անձնական տվյալների հետ աշխատանքը ևս տարածված լրագրողական սխալ է: Իհարկե, հասկանալի է, որ այդ տեղեկությունները ազատ դրված են դատական կայքում, բայց դժվար թե հասարակ մարդը սկսի փնտրել տեղեկություններ դատական կայքում: Սակայն երբ նույն տեղեկատվությունը արտատպում է լրագրողը, հասանելի դարձնելով այն լայն լսարանին, էլ չեմ խոսում կիրառված ձևակերպումների և լրագրաղական էթիկայի խախտումների մասին, դա արդեն վերածվում է վատ լրագրության:

– Երեք օր շարունակ անընդմեջ շփման մեջ էիք “Ինչպես լուսաբանել թրաֆիքինգը ԶԼՄ-ներով” դասընթացի լրագրող-մասնակիցների հետ: Ինչպիսի՞ տպավորություններ մնացին դասընթացից:

– Շատ լավ կազմ էր հավաքվել՝ մարդիկ, ովքեր իրոք հետաքրքրված էին թրաֆիքինգի լուսաբանմամբ: Ես տեսա մարդկանց, ովքեր պատրաստվում էին հաղորդում նկարահանել թրաֆիքինգի թեմայով, կային մարդիկ ովքեր արդեն պատրաստել էին և ուզում էին հասկանալ թե ինչը կարելի է շտկել, մարդիկ ովքեր արդեն գրել էին հոդվածներ և ուզում էին նորից գրել։ Այսինքն մասնակիցների մեծ մասը շատ հետաքրքրված էր երևույթի լուսաբանման մեջ: Կային նաև երիտասարդ լրագրողներ, որոնք շատ ակտիվ էին մասնակցում դասընթացին:

Նաև պետք է նշեմ, որ դասընթացը շատ հետաքրքիր էր կազմված կոնտակտների հաստատման առումով: Սովորական ժամանակ լրագրողը այդքան էլ մոտ չի թրաֆիքինգով զբաղվող ոստիկանության, հասարակական կազմակերպությունների աշխատակիցներին, միշտ չէ, որ լրագրողները կարողանում են ուղիղ կոնտակտի մեջ գտնվել ոլորտի փորձագետների հետ, այն էլ այդքան անմիջական:

Եվ կոնտակտների փոխանակման, ծանոթությունների ձեռքբերման առումով դասընթացը շատ հաջողված էր:

Նաև շատ հաջող էր ընտրված դասընթացի փորձագիտական կազմը` մասնագետները, որոնք երեք օրվա ընթացքում լրագրողների հետ կիսեցին իրենց գիտելիքները մարդկային պատմությունների հետ ճիշտ աշխատելու մասին:

Share

About the author

admin administrator

Leave a Reply