0

Երեք օր ”anti-trafficking” տիրույթում

Հարցազրույց մարդկանց Ուկրաինայի Միգրացիայի Միջազգային Կազմակերպության (ՄՄԿ) ներկայացուցչության թրաֆիքինգի հետ պայքարի ծրագրի ավագ մասնագետ Կատերինա Արդանյանի հետ

– Որպես թրաֆիքինգի ոլորտի միջազգային էքսպերտ, ի՞նչ ընդհանուր խնդիրներ կառանձնացնեիք, որոնք բնորոշ են հետխորհրդային տարածաշրջանին:

– Իրականում մարդկանց թրաֆիքինգի խնդիրը այսօր ակտուալ է ամբողջ աշխարհում, սակայն հետխորհրդային տարածաշրջանում աղքատության բարձր մակարդակի և բնակչության սոցիալական անբարենպաստ իրավիճակի պայմաններում այս խնդրի հրատապությունը աճում է շատ արագ տեմպերով:

Կարելի է ասել, որ տարածաշրջանում հենց ընդհանուր սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներն են որոշիչ դարձել մարդկային թրաֆիքինգի համար: Տարածաշրջանի երկրների մեծ մասը հանդիսանում է թրաֆիքինգի զոհերի ծագման երկրներ, ավելի հազվադեպ` տարանցիկ և նպատակակետ երկրներ:

Մարդկային թրաֆիքինգի բավականին բարձր ցուցանիշ կա նաև հենց տարածաշրջանի ներսում. օրինակ`Ուկրաինայի թրաֆիքինգի զոհերի մեծ մասի նպատակակետ երկիրը Ռուսաստանն է, իսկ Ռուսաստանի, Ուկրաինայի և Կենտրոնական Ասիայի քաղաքացիները հիմնականում ստրկության զոհ են դառնում Ղազախստանում և նման օրինակներ քիչ չեն:

Տարածաշրջանում ընդհանուր խնդիրների օրինակներ կարելի է շատ բերել, ես մասնավորապես կնշեմ զոհերի ուղղորդման և աջակցման մեխանիզմների աշխատանքը, զոհերի և վկաների պաշտպանությունը քրեական գործընթացի ընթացքում, խոցելի խմբերի հետ աշխատանքը, մարդկանց ստրկության մեջ ընկնելու առանցքային պատճառների կանխարգելումը (աղքատություն, քաղաքացիների ցածր գիտելիքները իրենց իրավունքների մասին, հավաստի տեղեկությունների մատչելիություն և այլն):

Մարդկանց թրաֆիքինգը ոչ թե ստատիկ, այլ դինամիկ խնդիր է, որն անընդհատ փոփոխվում և ձևափոխվում է՝ կախված է բազմաթիվ գործոններից:

Այստեղ յուրաքանչյուր երկրի համար շատ կարևոր է կարողանալ հետևել ակտուալ միտումներին ինչպես առանձին երկրներում, այնպես էլ տարածաշրջանում տեղի ունեցող ընթացքներին. օրինակ` ներքին թրաֆիքինգի աճը, աշխատանքային շահագործման աճը: Պետք է կարողանալ հնարավորինս արագ արձագանքել դրանց, մասնավորապես փորձի փոխանակման եղանակով և ժամանակակից ստրկության դեմ պայքարի ուժերը միավորելով:

– Թրաֆիքինգի դեմ պայքարի ճանապարհը շատ մասնագետներ ի սկզբանե գրեթե կուրորեն են հարթում: Ի՞նչ եք կարծում սխալները կարելի է բնականոն համարել, թե կան կանխարգելելու և նրանց շրջանցելու ուղիներ:

– Այսօր, երբ թրաֆիքինգի դեմ պայքարում արդեն բավականաչափ աշխատանք է կատարված, նույնիսկ երիտասարդ մասնագետները պարտադիր չի կուրորեն սկսեն իրենց գործունեությունը, քանի որ արդեն ամբողջ աշխարհում գոյություն ունեն ընդունված չափանիշներ և սկզբունքներ, օրենսդրություն և համաշխարհային գլոբալ զարգացումներ:

Այո, ճանապարհի սկզբին կարող են լինել հարցեր, սակայն եթե կա ցանկություն և ձգտում, ապա պատասխանները անպայման կգտնվեն: Կարծում եմ հենց դա է աշխատելու ճիշտ ուղին, որը և կբերի սխալների եթե ոչ ամբողջական վերացմանը, ինչը բնորոշ է շատ մասնագիտությունների, ապա գոնե ամենալուրջ, երկարաժամկետ և անդառնալի հետևանքներ ունեցող սխալների կանխարգելմանը:

– Արդյոք գոյություն ունեն ռիսկային խմբերի իրազեկման ընդհանուր կանոններ, հետևելով որոնց հնարավոր է մաքսիմալ կերպով խուսափել հասարակության մեջ թրաֆիքինգի դրսևորումներից:

– Վստահ չեմ ընդհանուր են այդ կանոնները թե ոչ, սակայն մեր փորձը ցույց է տալիս, որ ինչքան ավելի նեղ թիրախային լսարան է ընտրված աշխատանքի համար, այդքան ավելի հեշտ է հասցնել նրան ինֆորմացիան:

Այսինքն հարկավոր է տարբերակել թրաֆիքինգի դրսևորումները և աշխատել տարբեր թիրախային խմբերի հետ, հասցնել տեղեկությունները ոչ միայն պոտենցիալ թրաֆիքինգի զոհերին այլև այսպես կոչված “հաճախորդներին” (addressing the demand side).

Շատ կարևոր է, որպեսզի ռիսկային խմբերի տեղեկատվությունը հասնի իրենց հասանելի ԶԼՄ-ների միջոցով, այսինքն, եթե մենք խոսում ենք սոցիալական գովազդի մասին, ապա այն պետք է տեղադրվի այնտեղ, որտեղ այն մաքսիմալ հասանելի կլինի ռիսկային խմբին (օրինակ` կայաններ, հիմնական նպատակակետ երկրների հյուպատոսություններ և այլն):

Պետք է համոզված լինել, որ տեղեկատվական հաղորդակցությունը հավելված է նաև գոյություն ունեցող ռիսկերի, թեժ գծերի և վեբ-կայքերի մասին տեղեկություններով, որոնք կարող են լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն հանդիսանալ:

– Հայաստանում երեք օր hայ լրագրողների հետ անմիջական շփման մեջ անցկացնելուց հետո ի՞նչ կարող եք ասել հայ լրագրողների պատրաստվածության մասին:

– Նախ, պետք է շնորհակալությունս հայտնեմ դասընթացի կազմակերպիչներին միջոցառման ամբողջ ընթացքում թարգմանություն ապահովելու համար, դա ինձ թույլ տվեց ավելի լավ հասկանալ քննարկումները, լսել մասնակիցների կարծիքները:

Ասեմ, որ հաճելիորեն տպավորեց հայ լրագրողների ակտիվությունը և նրանց հետաքրքրվածությունը թեմային: Շատ հարցերում և մեկնաբանություններում ակնհայտ զգացվում էր, որ լրագրողները այս ոլորտում նորեկ չէին, և ինձ թվում է, որ ժամանակակից ստրկությունը լուսաբանելու հետաքրքրվածություն կա, բայց կա նաև անհրաժեշտություն սովորեցնել լրագրողներին իրենց նյութերը պատրաստել ոչ միայն հետաքրքիր կերպով, այլ նաև որակյալ, համապատասխան լրագրողի սոցիալական պատասխանատվության չափանիշների և նաև օգտակար: Չէ որ հենց լրագրողն է տարածում տեղեկությունները հիմնական ռիսկերի մասին՝ լուծելով կանխարգելման խնդիրները: Նույն կերպ ինչպես բժշկության մեջ, լրագրության մեջ ևս ավելի լավ է կանխել հիվանդությունը, քան բուժել: Թրաֆիքինգի հետ պայքարում արդյունավետ կանխարգելումը նշանակում է վերաինտեգրման ավելի քիչ կարիք:

– Կա՞ն ընդհանուր հատկանիշներ որոնք դուք կարող եք ընդգծել համեմատելով հայկական և ուկրաինական մեդիա դաշտերը , որոնք զբաղվում են թրաֆիքինգի լուսաբանմամբ:

– Բավականին դժվար է անց կացնել լիարժեք համեմատական վերլուծություն արդեն իսկ տպագրված նյութերի մասին, սակայն կարող եմ ասել, որ խնդիրները, որոնք ծառացել են թե հայ, թե ուկրաինացի լրագրողների առջև շատ նման են, և դա հասկանալի դարձավ դասընթացի ընթացքում առաջին իսկ հնչեցրած հարցերից:

Դասընթացի ընթացքում մենք շատ խոսեցինք լրագրողական էթիկայի և բարոյական ընտրության մասին. այստեղ էլ կարելի է գտնել շատ զուգահեռներ և օրինակներ Ուկրաինայից, որոնք կարող են ակտուալ լինել նաև Հայաստանում:

Նմանությունները շատ են, սակայն ես չէի ուզենա ընդհանրացնել, քանի որ դասընթացի ընթացքում նկատածս հիմնական կետերից էր մասնակից-լրագրողների իրարից շատ տարբեր լինելը: Այս նկատառումս շատ կարևոր է մարդկային թրաֆիքինգը լուսաբանող լրագրողների վերապատրաստման ընթացքում` հենց լրագրողների տարբերությունն է թույլ տալիս ընդգրկել տարբեր ԶԼՄ-ներ` ավանդական և նոր, տարածաշրջանային և ազգային:

Ես այս հարցին նայում եմ պրագմատիկ տեսանկյունիցս, քանի որ հասկանում եմ, որ հարցը սերտ կապված է տեղեկությունները տարբեր ռիսկային խմբերին հասցնելու մասին: Չէ որ ինչ որ մեկը ստանում է այդ տեղեկատվություները միայն տեղական թերթերից, իսկ ուրիշ մեկը ընդհանրապես հրաժարվել է թերթերից և նորությունները կարդում է համացանցում: Բոլոր այս տարբերությունները օգնում են որպեսզի լուսաբանումը դառնա ավելի ընգրկուն, ընդգրկի ռիսկային բոլոր խմբերը և մշակվեն տեղեկությունները մատուցելու այնպիսի մեթոդներ, որպեսզի ինչպես կոնկրետ ընթերցողը կամ կոնկրետ հանդիսատեսը, այնպես էլ ամբողջ հասարակությունը մաքսիմալ օգուտ քաղի այդ տեղեկություններից:

– Ինչպիսի՞ տպավորություններ Ձեզ մոտ մնացին դասընթացից, Հայաստանից, և, իհարկե, հայ լրագրողների հետ համատեղ աշխատանքից:

– Տպավորություններս ամենաջերմն են, ինչում հավանաբար մեղավոր են նաև իմ հայկական արմատները և կազմակերպիչների հյուրընկալությունը:

Նման միջոցառումների ժամանակ, երբ մասնակիցները միասին անցկացնում են 24 ժամ, չափազանց կարևոր է ստեղծել մի մթնոլորտ, որում աշխատանքային և ընկերական շփումը լրացնում են միմյանց:

Այս միջոցառումը շատ լավ ցույց տվեց, որ նման միջոցառումների ազդեցությունը շատ ավելին է, քան պարզապես աշխատանքային նիստերինը:

Ընկերական շփումը և քննարկումները համատեղ աշխատանքի ընթացքում բացահայտում են նոր թեմաներ, աշխատանքային կարգով արդեն իսկ քննարկված թեմաների նոր ասպեկտներ: Ահա այսպես էլ նոր կապեր են հաստատվում, որոնք հետագայում շատ օգտակար կլինեն մասնագիտական գործունեության մեջ:

Ինձ նաև թվում է, որ բացի դասընթացի հիմնական նպատակից` “կիսվել փորձով և սովորացնել”, դասընթացը հասավ ոչ պակաս կարևոր նպատակի` “ոգեշնչել”:
Ինձ, ամեն դեպքում դասընթացը շատ ոգեշնչեց, հուսով էմ նաև բոլոր մասնակիցներին:

Աննա Թավաքալյան
“Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացում” ծրագրի լրագրող

Share

Leave a Reply

Your email address will not be published.