Երեք օր “anti-trafficking” տիրույթում

Byadmin

Երեք օր “anti-trafficking” տիրույթում

Եզրափակիչ դասընթաց լրագրողների համար

“Ինչպես լուսաբանել թրաֆիքինգը ԶԼՄ-ներով”` սա էր այն թեման, որի շուրջ Աղվերանում հավաքվել էին հանրապետության բոլոր մարզերից և Երևան քաղաքից հրավիրված լրագրողները, որոնք ցանկություն ունեին ավելացնել իրենց գիտելիքները մարդկանց թրաֆիքինգի լուսաբանման հարցում:

“Աուդիո Վիզուալ լրագրողների ասոցիացիա” ՀԿ-ի կողմից կազմակերպված այս դասընթացը եզրափակում էր շուրջ մեկ տարի առաջ մեկնարկած դասընթացների շարքը, որն ուղղված է մարդկանց թրաֆիքինքի դեմ պայքարի տեղեկատվական հարթակի (պլատֆորմի) զարգացմանը և կայացմանը:

Դասընթացի օրակարգը չափազանց խիտ էր և ի ուրախություն կազմակերպիչների և փորձագետների՝ մասնակիցները միանգամից ընկղմվեցին աշխատանքային գործընթացի մեջ:

Դասընթացը բացեց “Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա” ՀԿ-ի նախագահ՝ Արզուման Հարությունանը, որն իր ելույթում, շնորհակալություն հայտնելով մասնակիցներին, փորձագետներին մասնակցության, իսկ ԱՄՆ ժողովրդին միջոցներ տրամադրելու համար, ներկայացրեց դասընթացի նպատակներն ու խնդիրները:

Մասնակիցներին ողջունեց Հայաստանում Թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի ղեկավար՝ Վահրամ Կաժոյանը, ով իր հերթին շեշտելով դասընթացի կարևորությունը՝ նշեց լրագրողների առանցքային դերը մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն՝ Էդվարդ Օ՛Բրայենը, որը մասնավորապես նշեց Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում Հայաստանի ձեռքբերումների և այդ ձեռքբերումներում լրագրողների դերի մասին:

Օրակարգի հաջորդ կետով ներկայացվեցին դասընթացի փորձագետներն ու մասնակիցները, որին հաջորդեցին փորձագետների ներկայացումները:

“Մարդկանց թրաֆիքինգի իրավիճակը Հայաստանում” ներկայացրեց ԵԱՀԿ փորձագետ, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ՝ Դավիթ Թումասյանը:

“ԶԼՄ-ների կողմից մարդկանց թրաֆիքինգի խնդիրներին անդրադառնալու անհրաժեշտությունն ու կարևորությունը, երևույթի կանխարգելման խնդրում լրագրողների դերն ու նշանակությունը” ներկայացրեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պրոդյուսեր՝ Գեղամ Վարդանյանը:

Ավելի ուշ փորձագետը ներկայացրեց նաև 2013թ.-ին ԶԼՄ-ներով թրաֆիքինգի թեմայով տարածված նյութերի վերլուծությունը, որն էլ հանդիսացել էր դասընթացի թեմաների ընտրության հիմքը:

Դասընթացի ողջ ընթացքում մարդկանց թրաֆիքինգի լուսաբանման միջազգային փորձը մասնակիցներին փոխանցեց ոլորտի լավագույն գիտակ, միջազգային փորձագետ՝ Կատերինա Արդանյանը, որին կազմակերպիչները հրավիրել էին Ուկրաինայի Միգրացիայի միջազգային կազմակերպությունից:

Նշենք, որ դասընթացում ներգրավված էին թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային և տեղական լավագույն փորձագետները:

Դասընթացի երկրորդ օրը բացվեց ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանի՝ “Թրաֆիքինգի դեմ պայքարի նախապատմությունը Հայաստանում” ներկայացմամբ, որը լրագրողներին փոխանցեց թրաֆիքինգի դեմ պայքարի Հայաստանի անցած ուղու մասին համապարփակ տեղեկատվություն:

Այդ օրվա մի զգալի մաս նվիրված էր լրագրողների և թրաֆիքինգի դեմ պայքարող ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպմանը, որի ժամանակ ներկայացվեց նշված կառույցների գործունեությունը թրաֆիքինգի դեմ պայքարում, աշխատանքային փորձը և ամենակարևորը՝ մշակվեցին մեխանիզմներ հետագա արդյունավետ համագործակցության համար: Մասնավորապես, ներկայացումներով հանդես եկան՝ Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ՝ Նունե Ասատրայանը, ԱՄՔՈՐ-Հայաստան կազմակերպության ներկայացուցիչ՝ Վիկտորիա Ավակովան և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ներկայացուցիչ՝ Օվսաննա Բաբայանը:

Ներկայացումների և քննարկումների ժամանակ լրագրողների ուշադրությունը հիմնականում հրավիրվում էր նրանց սոցիալական, իրավական պատասխանատվության և լրագրողական էթիկայի նորմերի պահպանման հարցերին: Այս թեմաները դարձան երկարատև քննարկումների առարկա, քանի որ մարդկանց թրաֆիքինգի թեմայով նախկինում հրապարակված նյութերում շատ էին այս տիպի խնդիրները:

Որպես շարունակություն մասնակիցներին ներկայացվեց նաև լրագրողական դաշտը ինքնակարգավոր ԶԼՄ-ների դիտորդ մարմնի դերն ու նշանակությունը: Այն ներկայացրեց “Խոսքի ազատության կենտրոն” ՀԿ-ի ղեկավար, Դիտորդ մարմնի անդամ՝ Աշոտ Մելիքյանը, ով օրինակի վրա ցույց տվեց ԶԼՄ-ների դիտորդ մարմնի աշխատանքը և արդյունքները:

Երկրորդ աշխատանքային օրվա ավարտից հետո հաճելի անակնկալ էր սպասվում մասնակիցներին՝ երեկոյան ներկայանալ պարահրապարակ իրենց հետ ունենալով մարդկանց թրաֆիքինգը կանխարգելող ուղերձներ: Լավագույն ուղերձը պարգևատրվելու էր: Երեկոն իսկապես կայացավ և մասնակիցները բավականին ուշ լքեցին պարահրապարակը՝ սպասելով, թե ում ուղերձն է ճանաչվելու լավագույնը: Երեկոյի ընթացքում ներկաներին անակնկալ մատուցեցին նաև դասընթացի կամավորները՝ իրենց “STOP TRAFFICKING” բեմականացված պարով:

Դասընթացի եզրափակիչ օրը դարձավ այսպես կոչված “ստացած գիտելիքների դրսևորման” օր: Դասընթացի կազմակերպիչները լրագրողներին հրավիրել էին պայմանական թեմայով մամլո ասուլիսի, որի ընթացքում մասնակիցները պետք է կարողանային պատրաստել մամլո հաղորդագրություն և հարցադրումների միջոցով պարզաբանել խնդրո առարկան, թեմայի շուրջ նյութեր պատրաստեին և ներկայացնեին: Հումորի էլեմենտներով ասուլիսը կայացավ և մասնակիցները պատրաստեցին նյութեր՝ ներկայացնելով թերթային, հեռուստատեսային և on-line տարբերակներով:

Դասընթացն ավարտվեց և հայտարարվեց մրցանակաբաշխության հաղթողը՝ լրագրող Արա Եղիշյան իր “People are not energizers. Use your power” ուղերձով: Իսկ մասնակիցներին ու փորձագետներին հանձնվեցին յուրահատուկ խորհրդանշական հավաստագրեր՝ փակցված ժամացույցների վրա:

Երեք օր “anti-trafficking” տիրույթում՝ հագեցած մարդկանց թրաֆիքինգի ճիշտ լուսաբանման գիտելիքներով:

Սա ընդամենը դասընթացի ընդհանրական ներկայացում էր: Շուտով կներկայացվի նաև դասընթացի մասնակիցների և փորձագետների կարծիքները, թե որքանով է Հայաստանում կայացած մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմը իր երեք ռեսուրսներով:

Աննա Թավաքալյան
“Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացում” ծրագրի լրագրող

Share

About the author

admin administrator

Leave a Reply