Թրաֆիքինգի զոհերի աջակցության օրենքի պարզաբանումը Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի պետական կառույցների ներկայացուցիչներին

 «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն իրազեկման արշավ իրականացրեց Վայոց Ձորի մարզում՝ մարդկանց թրաֆիքինգի ենթարկված զոհերի աջակցության թեմայով:

Դասընթացի նպատակը «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքի ներկայացումն ու պարզաբանումն էր:

Հանդիպմանը մասնակցեցին Վայոց Ձոր և Սյունիք մարզերի սոցիալական աջակցության տարածքային գործակալության, աշխատանքի անվտանգության վերահսկողության, զբաղվածության պետական գործակալությունների, խնամակալության և հոգաբարձության կենտրոնների, արհեստակցական միության աշխատակիցներ, ինչպես նաև իրավաբաններ և իրավախորհրդատուներ: Դասընթացը վարեցին ոլորտի հմուտ մասնագետներ Դավիթ Թումասյանը, Նվեր Սարգսյանը և Արզուման Հարությունյանը:

Դասընթացի մեկնարկին ներկայացվեց մարդկանց թրաֆիքինգի հասկացությունը և մարդկանց թրաֆիքինգի ոլորտը կարգավորող օրենսդրությունը, այնուհետև սխեմատիկորեն ցուցադրվեց ու նշվեց, թե ինչ դրույթներ են անհրաժեշտ, որպեսզի դեպքը թրաֆիքինգ որակավորվի: Մանրամասն քննարկվեց հարկադիր աշխատանքի էությունը, ինչպես նաև հատուկ առանձնացվեց, թե ինչը հարկադիր աշխատանք չէ:

Քննարկվեց զոհերին տրամադրվող փաթեթները, ինչպես նաև հավանական զոհերին, հատուկ կատեգորիայի զոհերին և նրանց օրինական ներկայացուցիչներին տրամադրվող պաշտպանության ապահովման մանրամասները, ինչպես նաև թրաֆքինգի ենթարկվածներին տրամադրվող պետական և ոչ պետական աջակցության ծրագրերը:

Փորձագետների ներկայացրած յուրաքանչյուր հասկացություն ուղեկցվում էր իրական օրինակներով, ինչը թույլ էր տալիս մասնակիցներին ավելի դյուրին ըմբռնել մատուցվող տեղեկատվությունն ու հարցին հարող խնդիրները:

Դասընթացին ներկայացվեց, թե ինչ է Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) և ինչ գործառույթներ է այն իրականացնում, ապա քննարկվեց, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ հարկադիր աշխատանքը երկրի համար:

Մասնակցների հնչեցրած յուրաքանչյուր հարց ստացավ մասնագիտական որակավորում ու պարզաբանում: Քննարկումների ժամանակ երևան եկան բազմաթիվ իրարամերժ կարծիքներ՝ թրաֆիքինգի ենթարկված զոհին աջակցություն ցուցաբերելու և հասարակության մեջ ինտեգրելու հարցերում:

Գործնական աշխատանքների ժամանակ մասնակիցները քննարկեցին թրաֆիքինգի տարրեր ընդգրկող դիպվածներ, արծարծեցին թեմային հարող առկա և հավանական խնդիրները, մշակեցին հավանական զոհի աջակցությանն ուղղված ձեռնարկվելիք միջոցառումների շարքը,  պատկերեցին հարկադիր աշխատանքի հետևանքների սխեման՝ ըստ փորձագետների արդեն իսկ մատուցած տեղեկատվության:

Չնայած, հանդիպման մեկնարկին մասնակիցներից մի քանիսը նշել էին, որ արդեն անցել են վերապատրաստում թրաֆիքինգի թեմայով, գործնական աշխատանքը ցույց տվեց, որ դասընթացն անհրաժեշտ էր ու արդարացված:

 Դասընթացի ավարտին մասնակիցների դրական արձագանքները փաստեցին, որ ստացած գիտելիքներն ու թեմատիկ պաստառներն իրենց կօգնեն հետագայում զոհին աջակցություն ցուցաբերելու հարցում:

Հանդիպումը եզրափակեց Ա. Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին և դասընթացի կայացմանն օժանադակող կառույցների պատասխանատուներին:

Հանդիպման լուսանկարներն այս հղմամբ՝ https://www.facebook.com/media/set/?set=a.1457981740881891.1073741892.815159858497419&type=1&l=aa172909fc 

Share