Թրաֆիքինգի խնդրի և օրենքի իրազեկման արշավները Գյումրիում

Գյումրու քաղաքապետարանում «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպվեց դասընթաց Շիրակի և Լոռու մարզերի քաղաքապետարանների և մարզկենտրոնների զբաղվածության պետական գործակալությունների, աշխատանքի անվտանգության վերահսկողության, սոցիալական աջակցության, իրավաբանական բաժինների, խնամակալության և հոգաբարձության կենտրոնների աշխատակիցների և ուսանողների համար:

Դասընթացի հիմնական նպատակը ներկաներին թրաֆիքինգի թեմայի վերաբերյալ տեղեկատվության և ՀՀ օրենսդրությամբ կանոնակարգվող զոհերի պաշտպանության և աջակցության մեխանիզմների ներկայացումն էր:

Դասընթացն սկսվեց փոխադարձ ծանոթացումով և  հարցադրումով, թե երբևէ իրենց գործունեության ժամանակ հանդիպել են թրաֆիքինգի դեպքերի։ Ծանոթության ավարտին պարզ դարձավ, որ 25 մասնակիցներից միայն մեկն էր, որ առնչություն էր ունեցել թրաֆիքինգի զոհի հետ։ Այնուհետ, փորձագետ Դավիթ Թումասյանը, ներկայացնելով թրաֆիքինգի գործերով  վիճակագրությունը, հայտնեց, որ փաստորեն լավ է պահպանված զոհերի անձնական տվյալների մասին գաղտնիությունը։

Հաջորդիվ փորձագետները մասնակիցներին տեղեկացրին թրաֆիքինգի սահմանման և մեխանիզմների, ստրկության, զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի աջակցության և պաշտպանության, ինչպես նաև հարկադիր աշխատանքի մասին:

Աշխատանքի հետ կապված խնդիրների լուծման օրենսդրական հնարավորություններին, դրանց գործնական կիրառման հարցերին, ինչպես նաև  միջազգային մոտեցումներին անդրադարձավ փորձագետ Նվեր Սարգսյանը, ով մանրամասնեց Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) դերը, գործառույթները: Դասընթացի գործնական մասում, վարժանքի օգնությամբ մասնակիցներն իրենք առանձնացրին երկրի ներսում  ի հայտ եկող հարկադիր աշխատանքի հետևանքները և մատնանշեցին իրավիճակը կարգավորող երեք կառույցների դերը (կառավարություն, գործատուներ և արհմիություններ):

Նման հանդիպումները գործիք են նաև թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի համար. խնդրի և զոհերի առկայության դեպքում բացահայտելու կարգավորող կառույցների դերը, գործառույթները և գործելաոճի թույլ և ուժեղ կողմերը:

Դասընթացների արդյունքներով կարող ենք նշել, որ թրաֆիքինգի, հարկադիր աշխատանքի և կամ  զոհերի աջակցման և ուղղորդման մասին տեղեկատվությունը երբեմն հարկ է լինում մի քանի անգամ կրկնել, քանի որ դեռևս առկա են կարծրատիպեր պետական ծառայողների շրջանում, որոնց վերացումը օրվա հրամայականն է։

Վերոհիշյալի հավաստումն էր Գյումրիում կայացած քննարկումը, երբ աշխատանքի անվտանգության վերահսկողության մասնագետները, չուզենալով ընդունել նոր օրենքի զոհակենտրոն դրույթները, շարունակում էին պիտակավորել թրաֆիքինգի զոհերին և փորձում էին իրենց ոչ ճիշտ մոտեցումները ամրագրել իրենց փորձառությամբ։ Եղան նաև ծառայողական խնդիրների առումով ոչ տեղին հասցեագրված դիտարկումներ, «գործիքներ»-ի տրամադրման պահանջ, որոնց առկայությունը միայն  կտա գործունեություն ծավալելու հնարավորություն։

Փորձագետներ Արզուման Հարությունյանը և Դավիթ Թումասյանը բացատրեցին, որ իրենց խնդիրը գիտելիքներ փոխանցելն է, որպեսզի մասնակիցներն իրենց աշխատավայրերում կարողանան ճիշտ օգնել և ուղղորդել թրաֆիքինգի զոհերին:

Բարձրաձայնված  խնդիրների և աշխատանքային գործունեության սահմանափակումների առումով փորձագետները խոստացան հաղորդակից դարձնել պատկան մարմիններին՝ լուծում գտնելու ակնկալիքով։ Այս քննարկմանը իր տեսակետը հայտնեց և հնարավոր լուծումների մասին խոսեց նաև ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի ծրագրերի համակարգող Մարիցա Հովհաննիսյանը:

Մասնակիցների կողմից առաջադրված խնդիրները գրանցվեց «Աուդիո-Վիզուալ»-ի կողմից և այն կներկայացվի թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբին, որն էլ իր հերթին ամփոփ հաշվետվությամբ և առաջարկներով հանդես կգա Թրաֆիքինգի դեմ պայքարի խորհրդի առջև։

Այս հանդիպումով ավարտվեցին մարզային դասընթացները, որոնց ընթացքում թեմայի շրջանակներում վերապատրաստումներ անցան ՀՀ տասը մարզերի շուրջ 130 թիրախային խմբեր:

Առջևում է Երևան քաղաքի համապատասխան կառույցների աշխատակիցների համար նախատեսված դասընթացը։

Հանդիպման լուսանկարներն այս հղմամբ`

https://www.facebook.com/pg/Anti-Trafficking-Information-Platform-in-Armenia-815159858497419/photos/?tab=album&album_id=1465404023472996