Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության սկիզբը. 2012 թվական

2015 թվականի “Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխությանն” ընդառաջ “Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա” ՀԿ-ի թիմը ձեզ է ներկայացնում մրցանակաբաշխության ժամանակագրությունը և մրցանակակիրներին իրենց աշխատանքներով՝ մրցույթի հիմնադրման 2012 թվականից սկսած:

Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության մրցույթը առաջին անգամ հայտարարվել է 2012 թ.-ի մարտին՝ 2011 թ. հրապարակված և հեռարձակված նյութերի համար, ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով Խորհրդի կողմից:

2012-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը հայտարարել էր, որ մրցույթը պետք է դառնա ամենամյա և խրախուսի թրաֆիքինգ երևույթի և դրա դեմ պայքարի լուսաբանումներ ներկայացնող լրագրողներին, ինչպես նաև հանրությանը տեղեկացնի այդ երևույթի, դրա դրսևորումների, ինչպես նաև դրա դեմ տարվող պայքարի մասին: Մրցույթն անց էր կացվել երկու անվանակարգով՝ «Տպագիր և առցանց լրատվամիջոցներ» և «Հեռուստատեսություն և ռադիո»:

Անկախ մասնագիտական ժյուրին, որի կազմում ընդգրկված էին լրագրողական հինգ կազմակերպությունների ներկայացուցիչներ և թրաֆիքինգի հարցով երկու փորձագետ, ներկայացված ավելի քան մեկ տասնյակ աշխատանքներից ընտրեցին լավագույններին:

Ինչպես ցույց տվեցին հետագա մրցանակաբաշխությունները, գաղափարը արմատավորվեց և զարգացավ, տարեց տարի էլ ավելի շատ լրագրողներ ընդգրկելով…

Առաջին մրցանակաբաշխությունն անց էր կացվել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում 2012 թ.-ի մայիսի 3-ին, ինչի կապակցությամբ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը` ներկաներին շնորհավորելով Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ ասել էր. «Այս հարցում մենք գործընկեր ենք համարում լրատվամիջոցներին և կարևորում ենք նրանց կողմից հանրության իրազեկման աշխատանքները: Մենք հուսով ենք, որ լրատվամիջոցները կընդունեն համագործակցության այս առաջարկը»…

Արմեն Գևորգյանը նաև շնորհակալություն էր հայտնել միջազգային գործընկերներին, մասնավորապես` ՀՀ-յում ԱՄՆ դեսպանատանն ու ՄԱԿ-ի փախստականների գլխավոր հանձնակատարի երևանյան գրասենյակին մրցանակաբաշխության համար անհրաժեշտ ծախսերը ֆինանսավորելու համար, ինչպես նաև ժյուրիին` կատարած աշխատանքի համար:

2012 թ.-ին հաղթողներին շնորհավորեց ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահի պաշտոնը ստանձնած Արմեն Գևորգյանը:

2012 թ.-ի հաղթողներն էին.

Առաջին մրցանակը «Հեռուստատեսություն և ռադիո» անվանակարգում շնորհվեց Արզուման Հարությունյանին «Արմենիա» հեռուստատեսությամբ ցուցադրված սոցիալական հոլովակաշարի համար:

Երրորդ տեղը շնորհվեց Սիրանուշ Մուրադյանին` «Երկիր մեդիա» հեռուստաընկերությամբ ցուցադրված «Ճորտերը» ռեպորտաժի համար: Այդ անվանակարգում թափուր էր մնացել երկրորդ տեղը:

Մասնագիտական ժյուրին մրցանակային տեղեր չէր շնորհել «Տպագիր և առցանց լրատվամիջոցներ» անվանակարգում: Փոխարենը ժյուրին որոշել էր դիմել Խորհրդին` առաջարկելով քննարկել «Հետք» պարբերականին խրախուսական մրցանակ շնորհելու հնարավորությունը` տարիներ շարունակ թրաֆիքինգի թեմային հետևողականորեն անդրադառնալու համար: Խորհուրդն ընդունել է ժյուրիի առաջարկը:

Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, պաշտոնատար այլ անձինք, հրավիրյալներ:

Այլ հրապարակումներ՝

Անցկացվել է թրաֆիքինգի դեմ պայքարի լրագրողական մրցույթ

Առաջին անգամ անցկացվեց Թրաֆիքինգի դեմ պայքարի լրագրողական մրցույթ

Թրաֆիքինգի դեմ պայքարի առաջին մրցույթում հաղթող է ճանաչվել Արզուման Հարությունյանը

Հայտնի են Թրաֆիքինգի դեմ պայքարի լրագրողական առաջին մրցույթի հաղթողները

Share