Կայացավ ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով աշխատանքային խմբի արտագնա նիստը

Հուլիսի 10-ից 12-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ ՀՀ-ում Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին կից միջգերատեսչական աշխատանքային խմբի (ԹԱԽ) արտագնա նիստը աշխատանքային խմբի ղեկավար ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ, թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանի ղեկավարությամբ:

Երեք օրվա ընթացքում նիստի մասնակիցները ներկայացրեցին ու քննարկեցին Աշխատանքային խմբի անդամ գերատեսչությունների կատարված աշխատանքների մասին զեկույցներն ու ՀՀ-ում 2016-2018 թթ. ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման Ազգային Ծրագրի իրականացման ժամանակացույցի վերախմբագրումը:

Նիստի ընթացքում իրենց զեկույցներով ներկայացան նաև ԵԱՀԿ Երևանի գրասենյակի փորձագետները:

«Հայաստանի Հանրապետությունում հարկադիր աշխատանքի և մարդկանց թրաֆիքինգի բացահայտման նպատակով փորձնական հարցման հաշվետվություն»-ը ներկայացրեց Ռուբեն Եգանյանը (հետազոտությունը կատարել են Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը/ՀՌԿԿ Հայաստան/ և փորձագետ, ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը):

«Հետազոտություն Հայաստանի Հանրապետության երեխաների խնամքի և պաշտպանության և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում գտնվող երեխաների թրաֆիքինգի և հարկադիր աշխատանքի հնարավոր ռիսկերի վերաբերյալ» զեկույցը ներկայացրեց Լուսինե Սիմոնյանը (հետազոտությունը և դրան նախորդող հարցումն իրականացրել են Ավետիք Մեջլումյանն ու Լուսինե Սիմոնյանը):

Իր հերթին ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ժողովրդավարության զարգացման ծրագրի ազգային պատասխանատու Օվսաննա Բաբայանը նշեց, որ վերջին շրջանի հետազոտությունները կամփոփվեն մեկ զեկույցում, կհամալերվեն դաշտի իրավական վերլուծությունով և կհրատարակվեն այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Ծրագրի իրականացնողն է ԵԱՀԿ Երևանի գրասենյակը՝ ԱՄՆ Պետ. Դեպարտամենտի Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի և մշտադիտարկման գրասենյակի ֆինանսավորմամբ:

Նիստի երեք օրվա ընթացքում նաև քննարկվեց և վերախմբավորվեց ՀՀ 2016-2018 թթ. ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման Ազգային Ծրագրի իրականացման ժամանակացույցը:

Ազգային Ծրագրի կարևոր նպատակային կետերից են. օրենսդրական դաշտի կատարելագործումն ու կիրառելիության ապահովումը, միջազգային իրավապայմանագրային դաշտի բարելավումը, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վտանգի մասին վերաբերյալ բնակչության իրազեկության բարձրացումը, բնակչության հետ անմիջական կապի մեջ գտնվող պետական կառույցների աշխատողների՝ մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վտանգի մասին վերաբերյալ բնակչության իրազեկության բարձրացումը, անչափահասների շահագործման (թրաֆիքինգի) կանխարգելումը, սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացոմն ու զանգվածային լրատվամիջոցների դերի բարձրացումը մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման գործընթացում, մարդկանց շահագործմանը (թրաֆիքինգի) ենթարկված անձանց պաշտպանության և աջակցության, ուսումնասիրությունների կատարումը, մշտադիտարկումն ու գնահատումը:

Քննարկումների ընթացքում խոսվեց նաև թրաֆիքինֆի դեմ պայքարի գործում մեդիայի կարևոր դերի մասին և www.antitrafficking.am կայքի յուրահատուկ առաքելության և վերը նշված բոլոր գերատեսչությունների կողմից տարվող աշխատանքները մեդիա դաշտում միավորելու և լուսաբանելու կարևոր դերի մասին:

Խմբագրված Ազգային Ծրագիրը առաջիկայում կհանձնվի ՀՀ կառավարություն վերջնական հաստատման:

Նիստի լուսանկարները հասանելի են Թրաֆիքինգի հարցերով Խորհրդին կից ա/խ արտագնա նիստ Ծաղկաձորում հղումով:

Share