0

Կայացավ ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի հերթական նիստը

Փետրվարի 19-ին ՀՀ փոխվարչապետ, Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանի ղեկավարությամբ կայացավ ՀՀ «Մարդկանց շահագործման/թրաֆիքինգի/ հարցերով խորհրդի» նիստը:

2013թ.-ին կատարված աշխատանքների մասին համառոտ զեկույցով հանդես եկավ խորհրդին կից Թրաֆիքինգի դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի (ԹԱԽ) ղեկավար Վահրամ Կաժոյանը:

Վ.Կաժոյանը մասնավորապես նշեց, որ Ազգային ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքներն ու միջոցառումներն իրականացվել են ըստ նախատեսած ժամանակացույցի, միաժամանակ ընգծելով, որ այս տարվա աշխատանքներն ուրիշ տարիների հետ համեմատ առանձնացել են յուրահատուկ ոգևորությամբ, ինչը հատկանշական է, քանի որ ԱՄՆ Պետքարտուղարության մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վերաբերյալ տարեկան զեկույցի համաձայն` Հայաստանն առաջին անգամ դասվել է երկրների 1-ին խմբին (երկրներ, որտեղ կա թրաֆիքինգ և կառավարությունը բավար միջոցառումներ է իրականացնում երևույթի կանխարգելման ու զոհերի պաշտպանության և աջակցության ուղղությամբ): ԹԱԽ ղեկավարի խոսքերով նման արդյունք ստացվել է պետական, հասարակական կազմակերպությունների և շահագրգիռ կառույցների ակտիվ և համատեղ աշխատանքի շնորհիվ:

Օրակարգի երկրորդ հացով հանդես եկավ ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Ա.Օսիկյանը:

Նա ներկայացրեց նոր օրենքի՝ «Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին ՀՀ օրենքի նախագծի» հիմնական դրույթները:

«Նախագիծը նաև նախատեսում է թրաֆիքինգի զոհերի աջակցման հնարավորություն, որի շրջանակներում զոհերին կցուցաբերվի սոցիալ-առողջապահական, իրավաբանական, ֆինանսական աջակցություն, պաշտպանություն և սոցիալական վերաինտեգրման հնարավորություն», – ավելացրեց Ա.Օսիկյանը:

Փոխոստիկանապետը նաև ընդգծեց, որ սահմանված կարգով շրջանառության մեջ դրված նախագծի վերաբերյալ ստացվել են մի քանի դիտողություններ, որոնց մի մասը հաշվի է առնվել նախագծում, իսկ մյուս մասը՝ մերժվել:

ԹԱԽ ղեկավար Վ.Կաժոյանը Ա.Օսիկյանի զեկույցը հավելեց տեղեկատվությամբ այն մասին, որ փաստաթուղթն ուղարկվել է ԵԽ Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խմբին (ԳՐԵՏԱ)-ին և ԱՄՆ պետքարտուղարությանը` փորձագիտական գնահատական ստանալու համար:

Խորհրդի նիստին ներկա ԳՐԵՏԱ-ի փորձագետ Գ.Շահինյանն իր ելույթում ներկայացրեց մեկնաբանություններ նախագծի վերաբերյալ, հատկապես ընգծելով նախագծում օգտագործվող որոշ տերմինների վերաբերյալ իր մոտեցումները:

«Օրենքը միջազգային տեսակետից շտկելու տեղեր ունի, հատկապես խոսքը վերաբերվում է «թրաֆիքինգ» և «շահագործում» տերմիններին, որոնք տարբեր նշանակություն ունեն», – նշեց Գ.Շահինյանը: Փորձագետի խոսքերով այդ երկու տերմինների նույնացումը կարող է դժվարացնել զոհերի նույնացման գործընթացը:

Գ.Շահինյանը ավելացրեց նաև այն հանգամանքը, որ չնայած օրենքը այսպես կոչված զոհակենտրոն է, բայց բավականին բարդացված է զոհերին տրամադրվող աջակցության մեխանիզմը, որի մասին փաստել են նաև ԳՐԵՏԱ-ի փորձագետները:

Ի պատասխան փոխվարչապետն առաջարկեց փաստաթուղթը լրամշակել և լրացուցիչ քննարկել շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ:

«ԱՄՔՈՐ-Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչ Վ.Ավակովան իր ելույթում առաջարկեց վերանայել զոհերի կացարաններում մնալու օրենքով սահմանված ժամկետները, քանի որ պրակտիկայից ելնելով երբեմն անհրաժեշտություն է լինում զոհերին ավելի երկար պահել կացարաններում, քան նախատեսված է օրենքի նախագծում: Ըստ Վ.Ավակովայի օրենքը այս ճկունությունը չունի: Հավելեց նաև, որ դեռևս լրիվ չվերաինտեգրած զոհերը դուրս մնալով կացարաններից, կարող են նոր խանդիրներ ունենալ:

Ի պատասխան պ-ն Օսիկյանը նշեց, որ նախագծի կետերից մեկում նախատեսված է կացարաններում մնալու ժամկետների կարգավորման հարցը:

Իր հերթին «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի ներկայացուցիչ՝ Հ.Էդիլյանն իր ելույթում անդրադառնալով օրենքի նախագծի շուրջ ծավալված քննարկումներին, նշեց, որ ՀԿ-ները բավարար տեղեկացված չեն շահագրգիռ նախարարությունների դիրքորոշումներին և առաջարկեց կառավարության կողմից արված դիտարկումները ավելի հասանելի դարձնել շահագրգիռ ՀՆ-ներին:

Այս խնդրի կարգավորման համար Ա.Գևորգյանը հանձնարարեց Վ.Կաժոյանին հասանելի դարձնել բոլոր նախարաությունների դիտողությունները ՀԿ-ներին:
Նիստի ավարտին քննարկվեց օրակարգի մյուս հարցը՝ թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի մասին լավագույն լրագրողական աշխատանքների ընտրության ամենամյա մրցանակաբաշխության կազմակերպումը:

Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնարար Ա.Քարամյանը նշեց, որ մրցանակաբաշխության կազմակերպման հետ կապված աշխատանքների ֆինանսավորումը դրված է իրենց նախարարության վրա և իրենք պատրաստ են գործող կարգով իրականացնել այդ ֆինանսավորումը:

Որոշվեց նաև, որ 2013թ.-ի մրցույթը կհայտարարվի փետրվարի 25-ին, աշխատանքների ընդունման վերջնաժամկետը՝ մայիսի 2-ը, իսկ մրցանակների հաձնման արարողությունը՝ հունիսի 6-ին:

Աննա Թավաքալյան
«Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացում” ծրագրի լրագրող

Leave a Reply

Your email address will not be published.