ՀՀ Ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի զեկույցը ՀՀ ԱԺ հերթական նիստին “Թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց նույնացման մասին” օրենքի նախագծի վերաբերյալ

Նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ ՀՀ Ազգային Ժողովի հերթական նիստը, որի ընթացքում ըստ օրակարգի քննարկվեց նաև կառավարության կողմից ներկայացված “Մարդկանց թրաֆինքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին” վարչական իրավախախտումների վերաբերյալ” ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և “Օտարերկրացիների մասին” ՀՀ օրենքում փոփոխությունների մասին, օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցողն էր` ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Ստորև ներկայացնում էնք զեկույցի ամբողջական տեքստը.

“Հարգարժան նախագահող, հարգելի պատգամավորներ:

Առաջին ընթերցմամբ Ազգային Ժողովի քննարկմանն է ներկայացվում “Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին” վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին և “Օտարերկրացիների մասին” ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը:

“Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին” ՀՀ օրենքի նախագծի նախապատրաստումը պայմանավորված է ՀՀ օրենսդրությունը Եվրոպայի Խորհրդի “Մարդկանց թրաֆինգի դեմ գործողությունների մասին” թիվ 197-րդ Կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ և նպատակ ունի բարելավելու թրաֆիքինգի ենթարկված անձանց նույնացման գործընթացը, ապահովելու աջակցության տրամադրումը թրաֆիքինգի ենթարկված բոլոր զոհերին` անկախ ազգությունից, քաղաքացիությունից, օրենքով ամրագրելու մտորման ժամանակահատվածը, երաշխավորելու փոխհատուցման և իրավաբանական հասանելիությունը թրաֆիքինգի զոհերի համար, ստեղծել թրաֆիքինգի զոհերի պաշտպանության ճկուն և արդյունավետ համակարգ:

Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց հայտնաբերման, նույնացման և աջակցության հետ կապված հարաբերությունները ներկայումս որոշակիորեն կարգավորվում էն ՀՀ Կառավարության 2008 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 1385Ա որոշմամբ հաստատված “Մարդկանց շահագործման ենթարկված անձանց Ազգային Ուղղորդման կարգ”-ով, որը լիարժեք չի արտացոլում միջազգային նորմերով բնորոշված մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի զոհակենտրոն էությունը:

Գործող կարգով նախատեսվում է զոհերի եռափուլ նույնացում` յուրաքանչյուր փուլին համապատասխան աջակցության տրամադրմամբ, ընդ որում, նույնացման երկրորդ, երրորդ փուլերը և դրանցից բխող աջակցությունը հնարավոր է զոհերին տրամադրել միայն այն դեպքերում, երբ նրանք թրաֆիքինգի վերաբերյալ քրեական գործերով ճանաչվել էն տուժող, կամ երբ առկա է համապատասխան գործով դատավճիռ:

Փաստացի, աջակցության տրամադրումը երկրորդ և երրորդ փուլերում կախված է իրավապահ մարմինների հետ զոհի հարաբերություններից և համագործակցության հանգամանքից, ինչում և կայանում է Կոնվենցիայի հետ հիմնական հակասությունը:

Ներկայացված օրինագծով փորձ է կատարվել միջազգայնորեն ճանաչված չափանիշներին համապատասխանող, առավել ամբողջական և արդյունավետ կարգավորումներ նախատեսել թրաֆիքինգի զոհերի պաշտպանության և աջակցության ոլորտում:

Մասնավորապես. առաջին անգամ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց կարգավիճակին առնչվող հարաբերությունները կարգավորվելու էն ՀՀ առանձին օրենքով: Օրենքը հավասարապես կիրառելի է լինելու ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ օտարերկյա ցանկացած պետության քաղաքացու, քաղաքացիություն չունեցող կամ ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ունեցող անձանց համար:

Այս հանձնաժողովը կազմավորվելու է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհերի նույնացնելու գործում փորձառու գործընկեր հասարակական կազմակերպությունների, ՀՀ Գլախավոր դատախազության, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչներից, որոնք նույնացման հանձնաժողովում ներկայացված են լինելու անդամների հավասար քանակով և հանդես էն գալու հավասար իրավունքներով:

Նույնացման հանձնաժողովի նախագահ է նշանակվելու ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը: Նույնացման հանձնաժողովի աշխատակարգը սահմանվելու է ՀՀ Կառավարության որոշմամբ:
Օրինագծի համաձայն նախանույնացման փուլում անձին տրամադրվում է աջակցության և պաշտպանության միջոցներ մարդասիրական սկզբունքներից ելնելով, ինչպես նաև զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին նույնպես տրամադրվելու է աջակցություն: Աջակցության տրամադրման կարգն ու չափերը սահմանվելու էն ՀՀ Կառավարության կողմից օրենքի ընդունումից հետո:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ գործող օրենսգրքում նախատեսված չէ դրույթ, որը թույլ կտա մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց ազատել այդ իրավախախտումների համար սահմանված վարչական պատասխանատվությունից, որոնք նրանք հարկադրաբար կատարել են իրենց նկատմամբ իրականացված մարդկանց թրաֆինքինգի կամ շահագործման ընթացքում:

Օտարերկրացիների մասին ՀՀ օրենքով նախատեսված չէն մարդկանց թրաֆինքիգի կամ շահագործման ենթարկված անձանց կացության կարգավիճակ և աշխատանքի թույլտվություն տալու վերաբերյալ հստակ դրույթներ: Օտարերկրացիների մասին ՀՀ օրենքում նախատեսվող լրացումներով կկարգավորվեն մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց ժամանակավոր կացության կարգավիճակ և աշխատանքի թույտվություն ստանալը, մտորման ժամկետում գտնվելիս ՀՀ տարածքում օրինական բնակվելու հետ կապված հարաբերությունները:

Օրինագծերի ընդունման արդյունքում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված զոհերի նույնացման, աջակցության և պաշտպանության ապահովման հետ կապված ՀՀ-յում գործող ընթացակարգերը կհամապատասխանեցվեն Եվրոպայի Խորհրդի “Մարդկանց թրաֆիքինգի դեմ գործողությունների մասին” թիվ 197-րդ Կոնվենցիայի դրույթների պահանջներին:

Կարևորելով թրաֆիքինգի դեմ պայքարը` ներկայացված օրինագծերը ևս մեկ քայլ են օրենսդրական բարեփոխումների, զոհերի աջակցության գործընթացը բարելավելու ուղղությամբ:

Հարգելի պատգամավորներ, առաջարկում եմ օրենքի նախագծերը ընդունել առաջին ընթերցմամբ:
Շնորհակալություն”:

Զեկույցի տեսաշարը կարող էք տեսնել ՀՀ Ազգային Ժողովի կայքում 3-րդ ժամից սկսցված` http://parliament.am/live.php?lang=arm

Share