ՀՀ 2017թ.-ի երիտասարդական մայրաքաղաք Չարենցավանի երիտասարդները թրաֆիքինգի դեմ պայքարի հարթակին

Մայիսի 13-ին «Արտ Սայթ» ստուդիան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ մեկնարկեց «Թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցառումների իրականացում» ծրագիրը, որը բաղկացած է 2 փուլից՝ դասընթաց և մրցախաղ:

Դասընթացը տեղի ունեցավ 2017 թվականի երիտասարդական մայրաքաղաք Չարենցավանում, որի հիմնական նպատակն էր երիտասարներին իրազեկել և կրթել մարդկանց թրաֆիքինգի, իրավունքների, միգրացիայի, ինչպես նաև Չարենցավանի պատմամշակութային թեմաներով:

Հանդիպումը սկսվեց փոխադարձ ծանոթությամբ` մասնակիցների, կազմակերպիչների, փորձագետների և հյուրերի միջև, որից հետո այն շարունակվեց թրաֆիքինգի հարցերով փորձագետ, ի.գ.թ., դոցենտ Դավիթ Թումասյանի պարզ հարցադրումով. «Ի՞նչ է մարդկանց թրաֆիքինգը»:

Զարմանալի չէր, որ երիտասարդներին հաջողվեց համատեղ ուժերով տալ սահմանումը և բացատրել, թե ինչպես են հասկանում և ընկալում թրաֆիքինգ եզրույթը:

Այնուհետև Դ. Թումասյանը մասնակիցներին ներկայացրեց վիճակագրական տվյալներ Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ և ևս մի շատ կարևոր հարց տվեց. «Ներկաները տեղեկացվա՞ծ են Չարենցավանում թրաֆիքինգի դեպք գրանցվե՞լ է, թե՞ ոչ»։ Մասնակիցները միաբերան պատասխանեցին, որ «ոչ»։ Պատասխանն իհարկե ճիշտ չէր, սակայն գովելի իրավապահների համար, քանի որ այն փաստում էր նրանց պրոֆեսիոնալ և հմուտ աշխատանքի մասին։

Դ. Թումասյանը կոնկրետ դեպքերի քննարկմամբ ներկայացրեց թրաֆիքինգի իրականացման մեխանիզմը և հստակեցրեց, թե որ դեպքերում է երևույթը որակավորվում թրաֆիքինգ։ Հատուկ ուշադրություն դարձվեց երեխայի թրաֆիքինգին և երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերին:  Երիտասարդների հետաքրքրությունն առավելագույնս սևեռված էր աշխատանքային և սեռական թրաֆիքինգի դեպքերին և ոլորտը կարգավորող օրենսդրությանը:

ՀՀում թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի անդամ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչ Լուսինե Սարգսյանը նույնպես մասնակիցների օգնությամբ սահմանեց, թե որոնք են մարդու իրավունքները և ինչ օրենդրությամբ է այն կարգավորվում։ Որպես շարունակություն, նա տեղեկացրեց, թե որն է Մարդու իրավունքների պաշտպանի  (ՄԻՊ) գրասենյակի առաքելությունը, կառուցվածքը, գործառույթներն ու իրականացվող աշխատանքները: Լ. Սարգսյանը մասնավորապես պարզաբանեց, թե ինչ գործնական քայլեր կարող է իրականացնել ՄԻՊ գրասենյակը թրաֆիքինգի դեպքերի ժամանակ:

Դասընթացի ընթացքում նա խոսեց նաև երիտասարդներին առավել հետաքրքրող մարդու իրավունքների սահմանափակումների, ինչպես նաև սահմանափակման ոչ ենթակա իրավունքների մասին: Ներկայացման դիտակետում էին նաև միջազգային համաձայնագրերն ու մարդկանց շահագործման հետ ուղղակի կապ ունեցող և միջազգային իրավունքում արգելված գործողությունները: Համատեղ քննարկվեցին անմեղության կանխավարկածի և թրաֆիքինգի զոհերի անձնական տվյալների պաշտպանության հարցերը:

ՀՀում թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի անդամ, ՀՀ ՏԿԶՆ  Միգրացիոն պետական  ծառայության պետի տեղակալ, փորձագետ Իրինա Դավթյանն անդրադարձավ միգրացիային և դրանից բխող խնդիրներին, ներկայացրեց, թե ինչ առաջնային փաստաթղթեր են անհրաժեշտ արտերկիր մեկնելու, այնտեղ աշխատելու և կամ ապաստան հայցելու համար:

 

Ի. Դավթյանը հստակեցրեց, թե ինչ է արտոնագիրը և ներկայացրեց արտոնագրերի  տեսակներն  ըստ նպատակների: Նա նաև անդրադարձ կատարեց սահմանահատմանը Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղստան, ինչպես նաև խոսեց արտերկրում հաշվառման, աշխատանքի, գտնվելու ժամկետների, սոցիալական ապահովության, բժշկական օգնության և կրթության մասին:

Դասընթացի թեմաներից էին նաև արտերկրում քաղաքացիություն ձեռք բերելու ընթացակարգը, հարկադիր վերադարձը, արտաքսումը, մուտքի արգելքները և ռեադմիսիան:

Դասընթացի վերջին հատվածում Չարենցավանի երիտասարդական կազմակերպության փոխնախագահ  Մարի Հովակիմյանը ներկայացրեց Չարենցավանի պատմությունն ու անցած ճանապարհը, խոսեց պատմամշակութային հուշարձաններից և կոթողներից, ներկայացրեց հին ու նոր կառույցներն ու տեսարժան վայրերը:

ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նախագահ Վաչե Գաբրիելյանի օգնական Լուսինե Մնացականյանը ներկա գտնվելով դասընթացին փաստեց, որ ծրագիրն արդյունավետ է ու արդարացված երիտասարներին թիրախային խնդիրների իրազեկման և նոր գիտելիքներով զինման համար:

Դասընթացն ամփոփեց ՀՀում թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբրի անդամ, «Արտ Սայթ» ստուդիայի տնօրեն, փորձագետ Արզուման Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանն արդյունավետ համագործակցության և երիտասարդների իրազեկման նկատառումներով գիտելիքների ավելացմանն ուղղված ջանքերի համար։

Այնուհետև անդրադարձավ ծրագրի երկրորդ փուլի՝ մրցախաղի, պայմաններին ու ժամկետներին։ Պատասխանելով մասնակիցներին հետաքրքրող հարցերին Ա. Հարությունյանը երիտասարդներին կոչ արեց լավագույնս պատրաստվել մրցախաղին, քանի որ այն հիանալի ձև է ունեցած գիտելիքները խորացնելու և ինչու՞ ոչ՝  խաղի ավարտին նվերներ շահելու համար:  

Երիտասարդներն մրցախաղին պատրաստվելու և լավագույն արդյունքներ գրանցելու համար ունեն երկու շաբաթ , որից կշահեն ոչ միայն իրենք, այլև ողջ հասարակությունը թրաֆիքինգի դեմ պայքարում:

Մրցախաղը տեղի կունենա մայիսի 27-ին: Խաղին, մասնակիցներից բացի, ակնկալում ենք նաև երկրպագուների և Կոտայքի մարզի ԶԼՄ-ների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը։

Հանդիպման ֆոտոշարքը այս հղումով՝ https://goo.gl/g4HCVI 

Դասընթացի ներկայացումները այս հղումով՝  https://goo.gl/uYxXQw 

Share