Մարդկանց թրաֆիքինգ. քննարկումներ ԱԺ-ում և փորձագիտական մեկնաբանություններ

2019թ․-ի ապրիլի 22-ին ՀՀ ԱԺ-ի նիստերի դահլիճում տեղի ունեցած հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր հարցադրումով հստակեցում պահանջեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ  Գեմաֆին Գասպարյանից 04.10.2018-19.10.2018-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում քննարկման դրված «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին»  ՀՀ օրենքում ակնկալվող փոփոխությունների և լրացումների առնչությամբ։

Նախագիծը ներկայացնողի հիմնավորումն այսպիսին էր․

«2018թ․-ի վիճակագրությամբ ունեցել ենք դրամական փոխհատուցում տրամադրելու մասին երկու միջնորդություն 8 թրաֆիքինգի զոհի համար, որից բավարարվել է միայն՝ 6-ը,  քանի որ զոհ ճանաչված մնացյալ 2 անձինք եղել են անչափահաս: Միանվագ դրամական փոխհատուցում հատուկ կատեգորիայի երեխա զոհերին հնարավոր չի եղել տրամադրվել։ Օրենքի փոփոխությամբ անչափահասի օրինական ներկայացուցչի միջոցով հնարավոր կլինի նրա առաջնային կարիքները հոգալու նպատակով կատարել փոխհատուցում։

Օրենքի փոփոխման մյուս գործոնն էլ վերաբերվում է թրաֆիքինգի ենթարկված երեխաների ուղղորդման մեխանիզմների ներդրմանը։ Թրաֆիքինգի զոհի ուղղորդման ազգային կարգի մեխանիզմներում (ընդունված 20.11.2008) առկա չեն եղել անչափահասների առումով հստակեցումներ, որոնց բացակայությունը խոչընդոտել է գործընթացի կազմակերպմանը։ Կառավարության նոր որոշմամբ հնարավորություն կլինի հաստատել անչափահասների առումով ուղղորդման մեխանիզմների կարգը» ։

Ա․Աբովյանը օրենքի փոփոխման առումով բացատրությունները լսելուց հետո հավելեց, որ պետք է տույժերն ու պատիժը հազարապատկել, երբ խոսքը վերաբերվում է թրաֆիքինգին, մասնավորապես երեխաների թրաֆիքինգին և որ ՀՀ քրեական և ադմինիստրատիվ օրենսդրությունը շատ մեղմ է, ինչի շուրջ ԲՀԿ խմբակցությունը կտանի աշխատանքներ։

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուսումնասիրելով պատգամավորի և նախարարի առաջին տեղակալի երկխոսության թեմատիկ/ մասնագիտական սպեկտորները՝ հասկանում ենք, որ

  • դրանք խիստ տարբեր են և չունեն բովանդակային հաջորդականություն, քանի որ հարցադրողը խոսում է ոլորտի քրեաիրավական կարգավորումներից, իսկ պատասխանողը՝ սոցիալական, որը դեռ 2014թ.-ից օրենսդրորեն հստակ տարանջատվել է։
  • Պատասխանում օրենքի փոփոխման անհրաժեշտության մասին խոսելիս հղում է կատարվում Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց ազգային ուղղորդման կարգին, որը հաստատվել է ՀՀ կառավարության N 1385-Ա որոշմամբ  2008 թվականի նոյեմբերի 20-ին։ 17.12.2014թ․-ին, «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքի  ընդունմամբ  վերոհիշյալ ուղղորդման կարգը պետք է դադարել գործել, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասն ուղղակի ամրագրում է, որ  իրավական ակտերի նորմերի միջև կոլիզիաների դեպքում պետք է կիրառվի ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի նորմը։ Այն, որ օրենքն ունի ավելի բարձր իրավաբանական ուժ, քան կառավարության որոշումը՝ անհերքելի է: Այսպիսով նախարարի առաջին տեղակալը խոսում  է չգործող ուղղորդման մեխանիզմի մասին, որին փոխարինել է հենց այն օրենքը, որում կատարվում են փոփոխություններ։

Հավանաբար նախարարի առաջին տեղակալը ցանկացել է խոսել նախագծով օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասում առաջարկվող հետևյալ դրույթի մասին. «3. Հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին սույն օրենքով նախատեսված աջակցության տրամադրման կարգը և չափերը, ինչպես նաև աջակցության և պաշտպանության նպատակով հատուկ կատեգորիայի երեխա զոհերի ուղղորդման ընթացակարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:» Այս լիազորող նորմով ՀՀ կառավարությունն ապագայում հնարավորություն կունենա ուղղորդման կարգ սահմանել: Նման պահանջը բխում է ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածից, որին և համապատասխանեցվում է օրենքը:

  • Հարցադրողը երկխոսության վերջում անսպասելի անդրադառնում է թրաֆիքինգ իրականացրած անձի նկատմամբ տույժերի ու պատիժների հազարապատկմանը, սակայն, հավանաբար անտեղյակ է հետևյալի մասին՝
  1. Ադմինիստրատիվ օրենսդրությունը թրաֆիքինգի համար պատասխանատվություն չի նախատեսում, այն ՀՀ-ում հանցագործություն է 2003թ.-ից և ամրագրված է 18.04.2003թ․-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ, իսկ հետագայում նաև 132.2-րդ հոդվածներում,
  2. ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածում օրենսգրքի ընդունումից հետո 5 անգամ կատարվել են փոփոխություններ /վերջին իրականացվել է 01.03.11թ.-ի ՀՕ-69-Ն օրենքով/: Այդ փոփոխություններով իրականացվել է նաև պատիժների խստացում և տուգանք պատժատեսակն այդ հոդվածով նախատեսված չէ առհասարակ: 2011թ.-ից ի վեր մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման համար /կախված հոդվածի մասից/ նախատեսված է պատիժն էազատազրկումը՝ 5-14 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:
  3. Երեխաների թրաֆիքինգի դեպքում այդ պատիժներն ավելի խիստ են և այդ արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ 7-15 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

Մոտ 1 ամիս սպասեցինք, թե ինչ քննարկումներ կնախապատրաստի ԲՀԿ խմբակցությունն այս հարցի կապակցությամբ, որպեսզի այնտեղ բարձրաձայնենք մեր մտահոգությունները, սակայն խմբակցությունն այդպես էլ որևէ քայլեր չձեռնարկեց՝ ենթադրելով երևի, որ այս ամենը մոռացվել է:

Փորձագիտական մեկնաբանությունը Դավիթ Թումասյանինն է:

Share