Մեղավոր է միայն շահագործողը, այլ ոչ թե երեխան կամ նրա ծնողը․ Դ․ Թումասյան

Byadmin

Մեղավոր է միայն շահագործողը, այլ ոչ թե երեխան կամ նրա ծնողը․ Դ․ Թումասյան

Փետրվարի 11-ին Սահմանադրական դատարանում որոշվելու է Լանզարոտում ստորագրված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների Սահմանադրությանը համապատասխանության հարցը։

Նշենք, որ դեռևս ամիսներ առաջ ՀՀ Կառավարությունը հավանություն էր տվել «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիային։

Կոնվենցիայի վավերացման անհրաժեշտության մասին NewArmenia.am-ը զրուցել է երեխաների պաշտպանության փորձագետ, ի.գ.թ., փաստաբան Դավիթ Թումասյանի հետ։

Կոնվենցիայի վավերացման դեպքում ի՞նչ գործառույթներ է պարտավոր իրականացնել մեր պետությունը։ Ի՞նչ բացեր է լրացնում Կոնվենցիան։

-Կոնվենցիայի վավերացումը պարտավորեցնելու է պետությանը վերանայել իր օրենսդրությունը և պրակտիկան՝ երեխաների սեռական շահագործման և բռնության դեպքերի առնչությամբ: Մասնավորապես, պետությունը կստանձնի հետևյալ պարտավորությունները՝

  1. կանխարգելել և պայքարել երեխաների սեռական շահագործման և բռնության դեմ,
  2. պաշտպանել սեռական շահագործումից և բռնությունից տուժած երեխաների իրավունքները,
  3. նպաստել ազգային և միջազգային համագործակցության զարգացմանը՝ երեխաների սեռական շահագործման և բռնության դեմ մղվող պայքարում:

Նախևառաջ կընդլայնվեն հանցագործությունների սահմանները և քրեորեն պատժելի պետք է դառնա երեխաների սեռական հետամտումը, մանկական պոռնոգրաֆիայի հետ կապված որոշ գործողությունները, որոնք ներկայումս քրեականացված չեն: Պետությունը կպարտավորվի ունենալ լայնածավալ կանխարգելիչ ու աջակցող ծրագրեր և երեխայակենտրոն մոտեցում դրսևորի վերը նշված դեպքերի քննության ընթացքում: Դա վերաբերում է ոչ միայն իրավապահ, այլ նաև սոցիալական աջակցություն ու պաշտպանություն տրամադրող մարմիններին:

Մեր երկրի իրավապահ համակարգում ինչ խնդիրների առաջ են կանգնում սեռական բռնության ենթարկված երեխաները։ Արդյո՞ք բավարար են այդ համակարգի աշխատողների իրազեկվածության մակարդակը։

-Ինչպես նշվեց երեխաների մասնակցությամբ քննությունը պետք է լինի երեխայակենտրոն, իսկ հաշվի առնելով, որ այստեղ խոսվում է սեռական բռնության և շահագործման մասին, ապա երեխաների խոցելիությունը կրկնապատկվում է տարբեր կարծրատիպերի և սովորույթների պատճառով: Նախևառաջ պետք է բացառվի ցանկացած խտրականություն, և պետք է հիշել, որ երեխան մեղավոր չէ, որ նրա նկատմամբ կատարվել է սեռական բռնություն կամ շահագործում, որքան էլ երեխան դրսևորի վիկտիմ վարքագիծ: Օրինակ, աղջիկ երեխան փախել է տանից, թափառաշրջիկ է և ունի լարված հարաբերություններ ծնողների հետ, այդ հանգամանքներն օգտագործելով երեխային շահագործել են: Այս դեպքում մեղավոր է միայն շահագործողը, այլ ոչ թե երեխան կամ նրա ծնողը, ով միգուցե թերացել է երեխայի դաստիարակության և խնամքի հարցերում:

Իրավապահ բոլոր մարմիններում կան մասնագիտացված ստորաբաժանումներ կամ անհատներ, ովքեր իրազեկ են երեխաների սեռական շահագործման և բռնության ու այդ դեպքերի քննության առանձնահատկությունների մասին: Սակայն, առկա են մոտեցումներ, որոնք դեռ չեն կիրառվում ազգային պրակտիկայում, սակայն նախատեսված են միջազգային մոտեցումներով, օրինակ՝ երեխայի հարցաքննությունը հոգեբանի, այլ ոչ թե քննիչի կողմից, երեխայի հարցաքննության տեսաձայնագրման պարտադիր լինելն ու դրա վերարտադրումը դատարանում, Բարնահաուսի մոդելի կիրառումը և այլն: Այս ամենի համար պետք է իրականացվեն օրենսդրական փոփոխություններ, որոնք արդեն մասամբ նախաձեռնված են:

–ՀՀ-ում կա՞ն համապատասխան ապաստարաններ ընտանիքում սեռական բռնության ենթարկված երեխաների համար, եթե ոչ, ապա կա արդյո՞ք անհրաժեշտություն։

-Սեռական բռնության կամ շահագործման ենթարկված երեխաների համար առանձին ապաստարան չկա, սակայն դրա կարիքն ակնհայտ է՝ հաշվի առնելով թե՛ դեպքերի քանակը, թե՛ այդ երեխաների կարիքները: Սակայն այդ կացարանները ստեղծելուց առաջ պետք է տալ օրենսդրական հստակ կարգավորումներ, քանի որ այն շոշափելու է երեխայի հիմնարար իրավունքները, անդրադառնալու է երեխայի և ծնողների փոխհարաբերությունների վրա և պետք է հավասարակշռված պահպանել երկու կողմերի իրավունքները: Ընտանիքում սեռական բռնություններն առավել սպեցիֆիկ են և պահանջում են նեղ մասնագիտացված մոտեցումներ:

Կոնվենցիայի հոդված 2-ը խտրականության արգելման սկզբունքն է սահմանում, որտեղ անդրադարձ է արվում տուժածների իրավունքներին և նշվում է նաև «անկախ սեռական կողմնորոշումից» արտահայտությունը, արդյո՞ք անչափահաս երեխաների համար այս արտահայտությունը տեղին է ընդգրկված։

-Խտրականության արգելքը խստորեն պետք է պահպանվի և ցավոք Հայաստանում առկա են դեպքեր, երբ սեռական բռնության ենթարկված տղա երեխաներին են մեղադրում իրենց հանդեպ կատարված բռնության համար կամ այդ երեխային «այլ աչքով են նայում»՝ ենթարկելով երկրորդային զոհացման: Եթե երեխան ենթարկվել է համասեռական բռնության, նա նույն պաշտպանության կարիքն ունի և պետք է օգտվի նույն իրավունքներից, ինչ ցանկացած այլ երեխա:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածում հստակեցված է, որ մեր պետությունը պետք է ձեռնարկի համապատասխան միջոցներ, որպեսզի երեխաները տարրական և միջնակարգ կրթության ընթացքում ստանան տեղեկություններ սեռական շահագործման և չարաշահման հետ կապված վտանգների, ինչպես նաև ինքնապաշտպանության միջոցների մասին։ Ինչպես եք դիտարկում դպրոցում վերոնշյալ տեղեկատվության տրամադրման անհրաժեշտությունը։

-Նույն հոդվածը նշում է, որ նման տեղեկատվությունը, որն անհրաժեշտության դեպքում կտրամադրվի նաև ծնողների հետ համագործակցելով, պետք է տրամադրվի սեռական դաստիարակության առավել ընդհանուր համատեքստում և հարկավոր է առանձին ուշադրություն հատկացնել վտանգավոր իրավիճակների վրա, մասնավորապես՝ կապված տեղեկատվական և հաղորդակցության նոր տեխնոլոգիաների օգտագործման հետ: Այդ տեղեկատվությունը ներառելու է տեղեկատվություն համացանցում տարաբնույթ ոտնձգություններից երեխաների պաշտպանվածության, վտանգավոր վայրերի, ներառյալ՝ հասարակական վայրերի, օգնության կանչելու, ոստիկանություն, ՄԻՊ դիմելու հնարավորության մասին, ինչպես նաև տարբեր պաշտպանական այլ գործողություններ կատարելու վերաբերյալ: Իհարկե, այդ տեղեկատվությունը պետք է տրամադրվի շատ զգուշորեն՝ երեխայի տարիքին և հասունությունը համապատասխան և միայն մասնագիտական քննարկումներից հետո, քանի որ սխալ տրամադրված տեղեկատվությունը կարող է ավելի վատ, իսկ երբեմն՝ խիստ բացասական հետևանքներ առաջացնի երեխայի համար:

-Հնարավոր է արդյո՞ք այլ իրավական ակտերով ամրագրել այն դրույթները, որոնք ներառված են Կոնվենցիայում։

-Լանզարոտեի կոնվենցիայով նախատեսված դրույթները նախևառաջ պետք է ամրագրվեն ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում, որոշակի փոփոխություններ պետք է կատարվեն նաև ՀՀ ընտանեկան օրենսգրքում, Երեխայի իրավունքների մասին օրենքում, որից հետո համապատասխան փոփոխություններ կիրականացվեն նաև ՀՀ կառավարության որոշումներում և այլ իրավական ակտերում:

Նարա Մարտիրոսյան

Սկզբնաղբյուրը՝ https://newarmenia.am/%d5%b4%d5%a5%d5%b2%d5%a1%d5%be%d5%b8%d6%80-%d5%a7-%d5%b4%d5%ab%d5%a1%d5%b5%d5%b6-%d5%b7%d5%a1%d5%b0%d5%a1%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%b8%d5%b2%d5%a8-%d5%a1%d5%b5%d5%ac-%d5%b8%d5%b9-%d5%a9%d5%a5-%d5%a5/?fbclid=IwAR33WzPRBi_aE9XSEKD87SlEAG_01h0CQpMSJ6NjF36nT5frb9TIA3K02W8

Share

About the author

admin administrator