0

Ցանկացած նոր օրենք պետք է ճանապարհ անցնի, որպեսզի կայանա

“Ցանկացած նոր օրենք պետք է ճանապարհ անցնի, որպեսզի կայանա”
Օվսաննա Բաբայան – ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ծողովրդավարացման ծրագրերի ազգային պատասխանատու

– Ինչպե՞ս առաջացավ Հայաստանում թրաֆիքինգի խնդիրների կարգավորման համար օրենք ունենալու գաղափարը:

– Թրաֆիքինգի զոհերի ազգային ուղղորդման մեխանիզմը մշակելու ուղղությամբ ժամանակին բավականին մեծ աշխատանք տարվեց: Հատուկ աշխատանքային խումբ ստեղծվեց այդ նպատակով, որի կազմում ընդգրկված էր նաև ԵԱՀԿ-ն: Մենք մեկնեցինք այս ոլորտում հաջողություն գրանցած երկրներ, որպեսզի ուսումնասիրենք լավագույն փորձը, հասկանանք, թե ինչպես են նրանք աշխատում և այլն: Արդյունքում ունեցանք “Ազգային ուղորդման կարգ”, որը բավականին արդյունավետ գործում էր: Բայց ժամանակն առաջ է գնում, միջազգային կոնվենցիաներն ու պարտավորություններն ավելանում են: Միջազգային փորձագետները և Թրաֆիքինգի դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամները ժամանակի ընթացքում եկան այն եզրակացության, որ անհրաժեշտ է ունենալ դաշտը կարգավորող մի փաստաթուղթ, որն ավելի համապարփակ ու միասնական կներառի թրաֆիքինգի զոհերի նույնացման, աջակցության և փոխհատուցման հարցերը:

– Ձեր կարծիքով, օրենքի ընդունումը ի՞նչ բարեփոխումների կբերի:

– Նախ շեշտեմ, որ այդ օրենքի ընդունման որոշումը ՀՀ պատկան մարմինները իրավասությունն է: Իսկ ինչ վերաբերում է Ձեր հարցին, որոշ դրույթներ ամրագրված կլինեն օրենքով, որոնցից խուսափելը հեշտ չի լինի, դրանք շատ ավելի ուղղորդված, շատ ավելի թիրախավորված կլինեն՝ այսինքն օրենքը կներառի իր մեջ թրաֆիքինգի զոհերի կարգավիճակին, նույնացմանն ու աջակցությանը վերաբերող յուրաքանչյուր հարցի պատասխան:

Մինչ օրենքի ընդունումը կիրառվող փաստաթղթերը որոշ կետերում մանևրելու ճկունության տեղիք էին տալիս, սակայն օրենքի ընդունումից հետո այս բոլոր հարցերը կունենան իրենց հստակ լուծումները: Դրական փոփոխություններ բնականաբար կլինեն, սակայն միանգամից սպասել դրական փոփոխությունների, գուցե, չափազանց լավատեսական է: Գիտեք ինչպես, շատ դեպքերում, Հայաստանում կամ այլ երկրներում կարևոր է հետամուտ լինել, որպեսզի օրենքը կիրարկվի, այս հարցում կարծում եմ միջազգային կառույցները կաջակցեն:

– Խոսելով հայկական օրենսդրական դաշտի մասին, կարելի է նշել, որ կա այն մտավախությունը, թե լավ օրենք ունենալը բավար չէ այն իրականության մեջ կիրառելու համար: Այս դեպքում որոնք են այն մեխանիզմները, որոնք կօգնեն, որպեսզի օրենքը պրակտիկ կիրառում ունենա:

– Այո, կարծում եմ նախ և առաջ միջազգային պարտավորությունները, որոնք ունի Հայաստանը, արդեն պետք է նշանակեն, որ օրենքի կիրառումը ապահովված կլինի:

Ինչպես տեսնում ենք, կան միջազգային կառույցներ, որոնք զեկույցներ են գրում, հաշվետվություններ են պատրաստում, մշտադիտարկում են իրականացնում, կարծիքներ են հայտնում և բարեփոխման առաջարկություններ են ներկայացնում: Մենք ունենք որոշակի միջազգային պարտավորություններ: Դա արդեն լծակ է, որպեսզի շատ կարևոր դրույթներ կյանքի կոչվեն և իրականացվեն:

Դուք ինքներդ քննարկման ժամանակ հասկացաք, որ շահագրգիռ կառույցները, իրոք, սրտացավ մոտեցում ունեն, կառուցողական երկխոսություն կա ՀԿ-֊ների և Ոստիկանության մեջ, ուստի դա էլ է մեծապես նպաստելու, որպեսզի օրենքը աշխատի:

Կարծում եմ, որ բացերը շտկելու ճանապարհով կգնանք: Ցանկացած նոր օրենք պետք է ճանապարհ անցնի, որպեսզի կայանա:

Աննա Թավաքալյան 

«Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացում» ծրագրի լրագրող

Share

Leave a Reply

Your email address will not be published.