Factor.am: «Մարմնավաճառություն էի անում, գումարը տալիս իրան»․ «Տեցի կռուգում» թրաֆիքինգի գործի հետքերով.

ByAAVR

Factor.am: «Մարմնավաճառություն էի անում, գումարը տալիս իրան»․ «Տեցի կռուգում» թրաֆիքինգի գործի հետքերով.

Երևանի «Տեցի կռուգ» կոչվող տարածքում սեռական ծառայություններ մատուցած կինը պնդում է, որ թրաֆիքինգի է ենթարկել: 2020 թվականին Աննան (անունը փոխված է) իր կամքով է հայտնվել «Տեցի կռուգում»` գումարի դիմաց սեռական ծառայություններ մատուցելու նպատակով: Շուտով, սակայն, պարզել է այս տարածքի չգրված կանոնի մասին. եթե մեքենա չունես, այն պետք է վարձակալես այդպիսի ծառայություններ տրամադրող Գոռ Վարդանյանից և ոչ այլ մեկից։

2021 թվականի հունվարին Աննան Գոռ Վարդանյանից վարձակալած մեքենայով վթարի է ենթարկվել, որից հետո, ըստ իր պատմածի, Վարդանյանը պահանջել է 1 ժամվա ընթացքում փոխհատուցել մեքենային հասցված 700 հզ դրամ վնասը: Աննան չի կարողացել 1 ժամվա ընթացքում վերադարձնել գումարը: Վարդանյանը ասել է, որ մեքենան վերանորոգելու համար ոսկի է գրավադրել, և Աննայից դրա կրկնակի գինը պահանջել: Դրանից հետո Աննան այլևս չի կարողացել ազատվել Գոռին ունեցած պարտքից ու ստիպված է եղել նրա ասած օբյեկտներում սեքսուալ բնույթի ծառայություններ մատուցել ու դրա դիմաց ստացված գումարը տալ Գոռին: Իրավապահները ստացել են տեղեկություններ այն մասին, որ Տեցի կռուգում ոչ միայն Աննան, այլ նաև այլ կանայք են սեռական շահագործման ենթարկվում, հարուցվել է քրեական գործ, որի համաձայն 2020-2021 թվականների ընթացքում կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված սեռական ծառայություններ մատուցողները հաճախորդների թվի կտրուկ նվազում են ունեցել, և »Տեցի կռուգում» տարբեր անձինք, օգտվելով այստեղ սեքսուալ բնույթի ծառայություններ մատուցող կանանց վիճակի խոցելիությունից, նրանց ֆինանսական կախվածության մեջ դնելու նպատակով շուկայականից բարձր գնով ավտոմեքենաներ ու ոսկի են տրամադրել: Սոցիալական մինիմալ խնդիրների լուծման համար այլ ելք չունեցող կանայք ստիպված են եղել համաձայնել գումար հայթայթել իրենց ոչ ձեռնտու պայմաններով: Գոռ Վարդանյանի վերաբերյալ գործն այժմ դատարանում է, նա մեղադրվում է Աննային և Տեցի կռուգում սեռական ծառայություններ մատուցող 3 այլ կանանց թրաֆիքինգի ենթարկելու մեջ: Նա մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպան Կարեն Քալանթարյանը պնդում է, որ եթե անգամ Վարդանյանը Տեցի կռուգում ավտոմեքենաներ է վարձույթով տվել ու թանկ գնով ոսկի տրամադրել, դա թրաֆիքինգի հետ կապ չունի:

Մանրամասները՝ տեսանյութում։


Արաքս Մամուլյան
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/577881.html?fbclid=IwAR0adat-NKjhSEpV3XYL0HplR7LzRn12Qz0wdvxxB5KupWJMLHhn1sVhovo

Share

About the author

AAVR administrator