Հունիսի 20-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ երիտասարդ վավերագրողների կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի հաղթողների մրցանակաբաշխության արարողությունը և հաղթող ֆիլմերի ցուցադրությունը:
Մրցութը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է` Ամերիկյան վավերագրական ֆիլմերի ցուցաշարի շրջանակներում:
Մասնակիցները պատրաստել էին վավերագրական ֆիլմեր, որոնցում, ըստ մրցույթի պայմանների, անդրադարձ էին կատարել Հայաստանում առկա տնտեսական, սոցիալական, քաղաքական, կամ որևէ այլ հարցի:
Մրցույթի մասնակիցները 17-26 տարեկան երիտասարդներ էին, որոնցից շատերը, ինչպես հենց իրենք խոստովանեցին դեսպանին, մասնակցության ընթացքում առաջին անգամ տեսախցիկ բռնեցին:
Ծրագրի շրջանակներում հունվար-մարտ ամիսներին մասնակիցները անցան մի շարք դասընթացներ միջազգային ու տեղական փորձառու մասնագետների հետ, այնուհետև երիտասարդներին առաջարկվեց ներկայացնել իրենց ֆիլմերը՝ մասնակցելու մրցութային փուլին:
Ներկայացված 28 ֆիլմերից միջազգային ժյուրին ընտրեց երեք լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմերը:
Մրցանակաբաշխության ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հայտարարեց մրցույթի հաղթողների անունները. “Լավագույն պատմություն”` Արամ Կիրակոսյան “Գեղեցիկ մարդիկ” ֆիլմով, “Լավագույն կինեմատոգրաֆիա”` Ավետիս Ավետիսյան “Իմ տնից սկսվող հայրենիքը” աշխատանքով և “Լավագույն ֆիլմ” անվանակարգում հաղթեցին Սոնա և Մարինե Քոչարյանները “Ինչպես անցնել Ջիլիզից Ջիլիզ” ֆիլմով:
Հատուկ պատվոգրերի արժանացան նաև Խաչատուր Թովմասյանը և Հովհաննես Իշխանյանը, բոլոր մասնակիցներին շնորհվեցին HD տեսախցիկներ, իսկ հաղթող “Ինչպես անցնել Ջիլիզից Ջիլիզ” ֆիլմի հեղինակները արժանացան նաև միջազգային փառատոնի մասնակցության վկայագրի:
About the author