Արմեն Գրիգորյանի գործով դատական լսում

ByAAVR

Արմեն Գրիգորյանի գործով դատական լսում

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Արմենի Գրիգորյանի գործով դատական լսում՝ երկու անչափահասների մուրացկանության մեջ ներգրավելու և շահագործելու մեղադրանքով:

Երկու վկաների չներկայանալու պատճառով նիստը չկայացավ և տեղափոխվեց, իսկ դատարանը նրանցից մեկի նկատմամբ բերման ենթարկելու որոշում կայացրեց, քանի որ այդ պահի դրությամբ պարզ չէին վկայի չներկայանալու պատճառները: Իսկ երկրորդ վկային ուղարկված ծանուցագիրը վերադարձվել էր «թերի հասցե» գրությամբ. նրա հասցեն ճշտելու նպատակով համապատասխան հարցում կուղարկվի ոստիկանություն:

Հիշեցնենք, որ դատական գործը հարուցվել էր 2013 թվականի օգոստոսի 8-ին: Դատարանը Արմենին մեղադրանք էր առաջադրել առ այն, որ նա, օգտագործելով տասնութ տարին չլրացած տղաների փողոցում հայտնվելու և ծնողական հսկողությունից դուրս մնալու խոցելի վիճակը, շահագործելու դիտավորությամբ հավաքագրել է նրանց՝ մուրացկանությամբ զբաղվելու նպատակով:

2013 թվականի հունվար ամսից մինչև մարտի 19-ը Արմենը խաբեությամբ` հետագայում խոստանալով բարեկեցիկ կյանք, դրել և պահել է անչափահասներին շահագործման մեջ` ստանալով և տնօրինելով Երևանի տարբեր փողոցներում վերջիններիս կողմից մուրացկանությամբ վաստակած գումարները:

Բացի դրանից, Արմենը 2013թ. հունվարի վերջերին, գործով դեռևս չպարզված օրը, իր կողմից շահագործման վիճակում գտնվող երկու անչափահաս տղաներին և իրենց հետ նույն հարկի տակ բնակվող մեկ այլ անչափահասին` Ավագին հայտնել է, որ իրեն անհրաժեշտ է 50.000 ՀՀ դրամ և հարցրել նրանց՝ կարող են արդյոք 1-2 օրում մուրացկանությամբ հավաքել այդքան գումար։ Ստանալով բացասական պատասխան, Արմենը հայտնել է, որ այդ դեպքում նշված 50.000 ՀՀ դրամ գումարը հայթայթելու համար պետք է կատարեն գողություն ու միաժամանակ հարցրել, ով, ինչ տարբերակ կարող է առաջարկել։

Սույն գործով մեղադրյալ Ավագը գողություն կատարելու վերաբերյալ հորդորներին ի պատասխան հայտնել է, որ իրեն հայտնի ավտոտեխսպասարկման կետում կայանում են տաքսի ավտոմեքենաներ, որոնց վրայից գիշերվա ընթացքում ապամոնտաժելու եղանակով հնարավոր է գողանալ գազի գլանանոթ։

Տեղեկանալով այդ մասին, Արմենը, գողություն կատարելու դիտավորությունն իրականացնելու, գողոնն իրացնելու նպատակով, խաբեությամբ և շահագրգռելու եղանակով, հանցագործության կատարմանը ներգրավել է իր կողմից շահագործման վիճակում գտնվող մի քանի անչափահաս տղաների, ինչպես նաև ծնողական հսկողությունից դուրս մնացած Ավագին, որոնց միջև կատարել է դերաբաշխում, այն է՝ հանձնարարևլ է անչափահաս տղաներին կատարել գազի գլանանոթի գողությունը։

09.04.2013թ. որոշում է կայացվել Ավագին որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և որպես խափանման միջոց ընտրվել է հսկողության հանձնելը։

26.07.2013թ.-ին որոշում է կայացվել Ավագ Ավագյանին նախկինում առաջադրված մեղադրանքը փոփոխելու մասին, և նոր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ որպես խափանման միջոց ընտրելով չհեռանալու մասին ստորագրությունը։

08.08.2013թ.-ին քրեական գործը ստացվել և ընդունվել է ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ.Պապոյանի վարույթ։

Այս պահին հետախուզման մեջ գտնվող ամբաստանյալ Ավագը հայտաբերվել է, և առանձին գործով նիստ է նշանակվել մայիսի 16-ին:

*Քննության մեջ գտնվող մեղադրյալների անունները փոփոխված են, իսկ տուժածների և վկաների անունները ներկայացված չեն՝ անվտանգության և լրագրողական էթիկայի նկատառումներից ելնելով:

Share

About the author

AAVR administrator