Հայաստանի Հանրապետության 2014թ.-ի երիտասարդական մայրաքաղաք՝ Սիսիանում կայացավ “Գիտելիքների մրցարշավ ընդդեմ թրաֆիքինգի” ծրագիրը:
2014թ.-ի սեպտեմբերին ՀՀ 2014 թ.-ի երիտասարդական մայրաքաղաք՝ Սիսիանում “Արտ Սայթ” ՍՊԸ-ն ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ իրականացրեց “Գիտելիքների մրցարշավ ընդդեմ թրաֆիքինգի” ծրագիրը: Այս տարի Արտ Սայթի ստեղծագործական թիմը “Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա” ՀԿ-ի հետ գործընկերությամբ մշակել էր երիտասարդների հետ գիտելիքները կիսելու նոր, հետաքրքիր ձևաչափ՝ մարդկանց թրաֆիքինգի գիտելիքներն ամրապնդել և տարածել մրցման միջոցով: Ավելի վաղ մասնակիցների համար կազմակերպված նախապատրաստական դասընթացներից հետո մասնակիցներն իրենց ստացած գիտելիքները պետք է ստուգեին մրցույթային կարգով. մարդկանց թրաֆիքինգի, հայկական սփյուռքի և Սիսիանի պատմամշակութային արժեքների թեմաներով: Որպես խաղի սկզբունք ընտրվել էր Brain Ring խաղի սկզբունքը՝ ճիշտ և արագ: 2013թ.-ի ՀՀ կառավարության “ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ տարված աշխատանքների վերաբերյալ” հաշվետվության մեջ նշված է, որ ի տարբերություն մեծ քաղաքների, փոքր քաղաքներում և գյուղական բնակավայրերում մարդկանց թրաֆիքինգի իմացության մակարդակը համեմատաբար ցածր է: Այդ առումով առավել կարևորվեց ծրագիրը Սիսիանում իրականացնելը: Ծրագրին մասնակցեցին Սիսիանի տարբեր բնագավառում աշխատող կամ սովորող 70 երիտասարդներ, ուսանողներ և ավագ դպրոցի աշակերտներ, պետական և հասարակական կառույցների, բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչներ: Դասընթացներին հրավիրված փորձագետները, որոնք նախորոք մշակել էին նաև խաղի հարցաշարը, դասընթացների ընթացքում մասնակիցների հետ կիսվեցին բոլոր այն անհրաժեշտ գիտելիքներով, որոնք հետագայում կօգնեին երիտասարդներին ոչ միայն ճիշտ պատասխաններ տալ խաղերի ժամանակ և հաղթել, այլև օգնել կանխարգելելու և պայքարելու թրաֆիքինգի դեմ: Երիտասարդների թրաֆիքինգի մասին գիտելիքների ավելացումը հնարավորություն է տալիս կանխարգելել և ավելի արդյունավետ պայքարել այդ չարիքի դեմ: Խաղի առաջին փուլում 45 մասնակիցներն ըստ կազմակերպությունների բաժանվեցին 9 թիմերի, յուրաքանչյուրում՝ 5 խաղացող: Խաղի այս փուլի արդյունքում, որը տեղի ունեցավ Սիսիանի թիվ 3-րդ ավագ դպրոցի դահլիճում, որոշվեց 3 հաղթող թիմ, որոնք էլ արդեն երկրորդ փուլում մրցեցին միմյանց հետ Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի տանը: Խաղի երկու փուլերն էլ անցկացվեցին հանրության ակտիվ մասնակցությամբ: Թիմերը հանդես էին գալիս խաղի համար հատուկ պատրաստված հանդերձանքով՝ խորհրդանշելով հայկական եռագույնը: Հանդերձանքի վրա գրված էր “STOP TRAFFICKING” ուղերձը և www.antitrafficking.am կայքի հասցեն: Խաղի երկու փուլերն էլ անցան շատ բուռն ու բովանդակալից: Խաղի թափանցիկությունն ապահովելու համար օգտագործվեց նախորոք մշակված համակարգչային ծրագիր, որն էլ ապահովեց խաղի անաչառությունը: Հաղթանակած թիվ 3-րդ ավագ դպրոցի նարնջագույն թիմը պարգևատրվեց հեծանիվով, որպես առողջ ապրելակերպի և թրաֆիքինգի վտագի մասին իրազեկման յուրօրինակ խորհրդանիշ: Իսկ երկրորդ և երրորդ տեղ զբաղեցրած թիմերը՝ “Ալ Մարի” ՀԿ-ի և Սիսիանի քաղաքային գրադարանի աշխատակիցները պարգևատրվեցին սպորտային պարագաներով և “anti-trafficking” կարգախոսով հուշանվերներով: Ծրագրի մասին ավելի մանրամասն… շուտով: Աննա Թավաքալյան “Հայաստանում թրաֆիքինգի դեն պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացում” ծրագրի լրագրող
About the author