ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության 2016 թվականի չորրորդ եռամսյակի դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն իրականացրեց «Երիտասարդ մանկավարժներն ընդդեմ թրաֆիքինգի» ծրագիրը: Նոյեմբերի 3-ից 5-ը Գյումրիում անցկացված եռօրյա դասընթացը նպատակ ուներ բարձրացնել մանկավարժների՝ որպես երիտասարդ սերունդ կրթողների, իրազեկվածությունը մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի բնագավառում: Հանդիպման նպատակներից էր նաև զինել դասավանդողներին անհրաժեշտ գործիքերով՝ երեխաներին խնդրի ճիշտ մատուցման և մոտեցումների հարցերում:
«Երիտասարդ մանկավարժներն ընդդեմ թրաֆիքինգի» ծրագրի շրջանակներում թրաֆիքինգի հարցերով փորձագետ Ռոբերտ Գրիգորյանը դասավանդողներին հստակ բնորոշում տվեց, թե ինչ է թրաֆիքինգը, ինչ միջոցներ են հարկավոր, որպեսզի դեպքը որակավորվի որպես թրաֆիքինգ:
Փորձագետը ներկայացրեց թրաֆիքինգի վիճակագրական տվյալները ՀՀ-ում և ամբողջ աշխարհում ՝ սկսած 2007 թվականից: Բանախոսը խոսեց նաև երևույթի թաքնված լինելու պատճառների, դրանց բացահայտման մեխանիզմների մասին՝ հղումներ անելով իրական կյանքից վերցված օրինակներին: Հանդիպման ընթացքում պարզաբանվեց և մեկնաբանվեց հարկադիր աշխատանք հասկացությունը առանձնացնելով, թե ինչը հարկադիր աշխատանք չէ: Խոսվեց ԱՄԿ-ի (Աշխատանքի Միջազգային Կազմակերպություն) կոնվենցիայի և ՀՀ օրենսգրքի տարբերությունների մասին:
Բարձրաձայնվեց թրաֆիքինգի ենթարկված զոհերի, նրանց հանդեպ կիրառված գործողությունների, շահագործման նպատակների, ինչպես նաև շահագործողների օգտագործած միջոցների և շահագործման հետևանքների մասին:
Ելնելով լսարանի հարցադրումներից՝ ուշադրությունն առանձնակի սևեռվեց երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերին: Հնարավորություն տրվեց մասնակիցներին հասկանալ, թե ինչ միջոցներ ձեռնարկել երևույթի հետ առնչվելիս՝ հատկապես եթե գործ ունեն երեխայի հետ. որ կազմակերպություններին դիմել, ինչպես խոսել զոհի հետ և ինչ վարք ցուցաբերել:
Փորձագետի ուղղորդմամբ կոնկրետ իրավիճակների վերլուծումն ու քննարկումը հնարավորություն ընձեռնեց մասնակիցներին ինքնուրույն բնորոշել իրավիճակը և սահմանել ձեռնարկվելիք գործողությունների հաջորդական ընթացքը:
Ծրագրի շրջանակներում հոգեբան-փորձագետ Սոֆիկ Մինասյանը գործնական պարապմունքների միջոցով ներդրեց խնդրի հնարավոր հանգուցալուծումների տարբերակների մեխանիզմները և տեղեկատվության ճշգրիտ փոխանցման ճանապարհները: Հանդիպման ընթացքում քննարկվեց, թե ինչու են երեխաները համարվում մարդկանց առևտրի առանձնահատուկ ռիսկային խումբ և մասնակիցներին հնարավորություն ընձեռնվեց ավելի ընդգրկուն պարզաբանել առաջադրված խնդիրը:
Դասընթացն ամփոփեց փորձագետ Արզուման Հարությունյանը՝ թիրախային սոցիալական հոլովակների ցուցադրմամբ, քննարկմամբ և վերլուծությամբ:
Վերոնշյալ ձևաչափով լուսաբանվեց մարդկանց թրաֆիքինգի ենթարկման հնարավոր պատճառները և ամփոփվեց ստացված գիտելիքները՝ վեր հանելով իրազեկման բարձրացման միջոցներն ու տեսակները: Հոլովակների միջոցով հանգամանալից անդրադարձ կատարվեց սոցիալական խնդրի առաջադրմանը, սիմվոլների կիրառման և ճիշտ ըմբռնման ձևերը, դրանց արդյունավետության ու հասանելիության մակարդակները:
Հոլովակային ձևաչափով տեղեկատվության տարածումը ամենաարդյունավետն է, քանի որ բանական էակը ինֆորմացիայի մեծ չափաբաժինը ստանում է տեսողական և լսողական զգայարանների միջոցով: Խնդիրներին այս կերպ անդրադառնալը պատահական չէ, քանի որ այն առավել հասանելի է հասարակությանը:
Եռօրյա դասընթացի ավարտին տեղի ունեցավ նաև նպատակային նյութերի տարածում, ինչը կօգնի մանկավարժներին թրաֆիքինգի թեմայի շուրջ դպրոցականների հետ սպասվելիք հանդիպումներում: Պլանավորվեց նաև վերապատրաստված մանկավարժների անդրադարձի ձևաչափը՝ անցկացված դասերի/պարապմունքների հաշվետվությունների տեսքով:
Հանդիպման լուսանկարներն այս հղմամբ՝ https://www.facebook.com/pg/Anti-Trafficking-Information-Platform-in-Armenia-815159858497419/photos/?tab=album&album_id=1487670207913044
About the author