Թրաֆիքինգի կանխարգելումը կանանց և աղջիկների օգնությամբ

ByAAVR

Թրաֆիքինգի կանխարգելումը կանանց և աղջիկների օգնությամբ

Հայաստանի Ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) 2017թ.-ի ապրիլի 21-ից 22-ը տեղի ունեցավ երկօրյա գիտաժողով «Հայաստանում աղջիկների և կանանց իրավունքների ընդլայնում» խորագրով՝ նվիրված կանանց և աղջիկների իրավունքների ու հնարավորությունների ընդլայնման հարցերին:

Երկօրյա միջոցառումը համախմբել էր ուսանողներին, ՀԱՀ դասախոսական կազմին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, հաջողակ կին ձեռներեցներին, համայնքների ղեկավարներին, պետական և հասարակական սեկտորի ներկայացուցիչներին մենթորական ծրագրի մասնակիցներին և փոխանակման ծրագրերի շրջանավարտներին:

Գիտաժողովի կազմակերպիչը Շաքե Կավթարյանն էր, ով Հայաստան է ժամանել որպես Ֆուլբրայթ ծրագրի այցելու-մասնագետ: Բացման խոսքում տիկին Կավթարյանը նշեց, որ համաժողովը միտում ունի իգական սեռի ներկայացուցիչների կարողությունների հզորացումն ընդլայնած և դրական արդյունքեր գրանցած տեղի մոդելների քննարկմամբ՝ իրազեկել գենդերային անհավասարության անմիջական և երկարատև ազդեցությունների մասին: Տիկին Կավթարյանը հավելեց, որ դեռևս շարունակական ջանքեր պետք է ներդրվեն, որպեսզի Հայաստանում հաստատվի «գենդերային հավասարություն» գաղափարը առողջապահության, զբաղվածության, տնտեսության, ինչպես նաև հասարակական ու քաղաքական ոլորտներում:

ՀՀ-ից և ամբողջ աշխարհից շուրջ 50 բանախոսներ «Կանանց և աղջիկների դերը հայ հասարակության մեջ» թեմայի շրջանակներում ամբողջական հեռանկար ներկայացրին՝ անմասն չթողնելով ռազմական, աշխատանքային, առողջապահական, պետական և հասարակական ոլորտները:

ՀԱՀ ռեկտոր Արմեն Տեր-Կյուրեղյանն իր ելույթում ընդգծեց. «Ներկայումս ՀՀ-ում 18 նախարարներից 2-ը կանայք են, իսկ խորհրդարանի 131 անդամներից միայն 13-ն են իգական սեռի ներկայացուցիչներ: Այս գիտաժողովը նպատակ ունի ուսումնասիրել ուղիներ՝ հզորացնելու հայ կանանց և աղջիկների կարողությունները»: Պարոն Տեր-Կյուրեղյանն պարզաբանեց, որ կանայք կարող են լիարժեք նպաստել ՀՀ-ի տնտեսական և սոցիալական առաջընթացին:

Մարդկանց թրաֆիքինգը որպես հասարակական կարևորագույն խնդիր, նույնպես տեղ էր գտել գիտաժողովի օրակարգում։ Գիտաժողովի պանելներից մեկում բարձրաձայնեցին թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի ղեկավարն ու անդամները՝ ներկայացնելով ՀՀ գերատեսչությունների իրականացրած աշխատանքները, գործառույթները, ինչպես նաև պետական սեկտորի և հասարակական կազմակերպությունների համագործակցության արդյունքում գրանցած դրական արդյունքները:  Քննարկման դիտակետում էին նաև թրաֆիքինգի զոհերի հայտնաբման, վերադարձման, վերաինտեգրման հարցերը, նրանց տրամադրվող ծառայություններն ու փաթեթները:

ԳՐԵՏԱ-ի փորձագետ, UMCOR-ի խորհրդատու Գյուլնարա Շահինյանը շնորհակալություն հայտնելով հրավերի համար ՝ մեկնաբանեց, որ ուրախ է խոսել կանանց կարողությունների ուժեղացման մասին, քանի որ թրաֆիքինգ երևույթին անդրադառնալիս, հարկ է նշել, որ կանայք առավել խոցելի են: Տիկին Շահինյանը մասնավորապես նշեց. «Թրաֆիքինգը կամ ինչպես ընդունված է ասել՝ սպիտակ ստրկությունը մարդու իրավունքների լիակատար խախտում է, խոցելի իրավիճակի շահագործում։ Եթե առաջ մենք խոսում էինք միայն կանանց սեռական թրաֆիքինգի մասին, ապա այսօր և՛ տղամարդիկ և՛ երեխաները դառնում են թրաֆիքինգի զոհեր: Ինչպես գիտեք, այսօր սեռական թրաֆիքինգից բացի հայտնի են նաև աշխատանքային թրաֆիքինգը կամ հարկադիր աշխատանքը, օրգանների և հյուսվածքների թրաֆիքինգը և որքան էլ որ ցավալի է՝ երեխաների թրաֆիքինգը»:  Տիկին Շահինյանը կարևորեց թրաֆիքինգի դեմ պայքարի Հայաստանի հիանալի օրինակը, միաժամանակ նշելով կանաց ու աղջիկների կարողությունների հետագա ուժեղացման անհրաժեշտությունը:

ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի միջգերատեսչական խորհրդի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը նշեց, որ ՀՀ-ի հաջողության գրավականը ճիշտ ժամանակին թրաֆիքինգ երևույթին անմիջապես արձագանքելն ու կանխարգելելն է: Պարոն Կաժոյանը խոսելով ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգ երևույթի մասին հանրային իրազեկվածության մակարդակից՝ հստակեցրեց, որ բոլոր ոլորտներում իրականացված աշխատանքները գրանցել են դրական արդյունքեր, շնորհիվ նաև աշխատանքային խմբի բոլոր անդամ կազմակերպությունների համագործակցության և համակարգված աշխատանքի:

Առավելագույնս կարևորելով տեղեկատվության դերը թրաֆիքինգի դեմ պայքարում պարոն Կաժոյանն առանձնացրեց. «Մենք աշխատում ենք տարբեր աղբյուրներից տեղեկատվություն ստանալով և մեզ հասած որևէ ինֆորմացիա անուշադրության չի մատնվում: Հասանելի է www.antitraffikcing.am կայքը, որն ունենալով հետադարձ կապի և թեժ գծերի հնարավորություն՝ ամենաթեթև ահազանգի դեպքում, ստանում է համապատասխան արձագանք և վերաբերմունք»:

«Ամքոր Հայաստան» ՀԿ-ի Թրաֆիքինգի դեմ պայքարի ծրագրերի համակարգող Վիկտորիա Ավակովան իրական պատմություններով ներկայացրեց թրաֆիքինգի զոհերի կարգավիճակն ու սահմանափակ հնարավորությունները ՀՀ սահմաններից դուրս: Նա պարզաբանեց նաև, թե ինչպես է իրականացվում վերադարձը և ինչպես են թրաֆիքինգի ենթարկված անձինք վերաինտեգրվում հասարակության մեջ և վերսկսում ապրել բնականոն ու նորմալ կյանքով: Տիկին Ավակովան հատկապես ընդգծեց նշված գործընթացներում ՀՀ գերատեսչությունների, միջազգային և հասարակական կառույցների կողմից իրականացվող աշխատանքները, գործառույթները, համագործակցության դաշտերը: Նա նաև ներկայացրեց թրաֆիքինգի զոհերին տրամադրվող օգնության փաթեթները:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ, Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի նախագահ Էլեոնորա Վիրապյանը ներկայացնելով Հայաստանում թրաֆիքինգի դեպքերի վիճակագրական տվյալները նշեց, որ աշխատանքային թրաֆիքինգի և շահագործման զոհ են դառնում թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք։ Որպես նպատակակետ երկիր հիմնականում հանդես է գալիս Ռուսաստանի Դաշնությունը:

 Խոսելով երեխաների թրաֆիքինգի մասին, նա առանձնացրեց շահագործման մի քանի դեպք, երբ անչափահասները ներգրավված են եղել մուրացկանության ու հարկադիր աշխատանքի մեջ, ապրելով անմարդկային պայմաններում՝ զրկված լինելով ուսումից և տարրական կենցաղային պայմաններից: «Եթե Հայաստանում թրաֆիքինգի դեպքերը ներկայացնեմ թվերով, ապա պետք է փաստեմ, որ անցած տարի մենք ունեցել ենք աշխատանքային թրաֆիքինգի 24 զոհ, որից 4-ը կին և 20-ը տղամարդ, ովքեր շատ ծանր  պայմաններում շահագործվել են Ռուսատանում: Մի քանիսին արդեն օգնել ենք վերադառնալ Հայաստան։ Գործընթացը շարունակվում է»:

Տիկին Վիրապյանը կարևորեց օրենսդրական բարեփոխումները՝ խոսելով զոհերի նույնացման և պաշտպանության գործող համակարգից և գործընկեր կազմակերպություններից, մասնավորապես նշելով. «Նույնացման հանձնաժողովը կազմված է 7 հոգուց ՝ 2 ներկայացուցիչ ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունից, 1-ը՝ ՀՀ ոստիկանությունից, 1-ը՝ ՀՀ գլխավոր դատախազությունից և 3-ը՝ ՀԿ-ներից»:

«Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի ներկայացուցիչ Հասմիկ Էդինյանն առանձնացրեց թրաֆիքինգի կանխարգելման, զոհերի հայտնաբերման և վերաինտեգրման խոչնդոտները։ Մասնավորապես կանգ առավ կրթական ոլորտում վաղ հասակից երևույթի մասին չխոսելու և երևույթի հնարավոր հետևանքներին չանդրադառնալու խնդրին:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին, տիկին Էդինյանը նշեց օրենսդրական այն բացերը, որոնք չեն կարգավորում գյուղատնտեսության ոլորտը՝ վերահսկելու իրականացվող աշխատանքներում երեխաների հարկադիր աշխատանքի կամ շահագործման առկայությունը:

Գիտաժողովը հնարավորություն տվեց ևս մեկ անգամ անդրադառնալ մարդկանց թրաֆիքինգի հիմնախնդիրներին, որոնցում մեծ դերակատարում ունեն կանայք և աղջիկները։ Գիտաժողովում, որպես այս սոսկալի երևույթի դեմ պայքարի և կանխարգելման լավագույն տարբերակ, կարևորվեց կանանց և աղջիկների հնարավորությունների ընդլայնումն ու ուժեղացումը:

 

Share

About the author

AAVR administrator