Թրաֆիքինգի հարցերով աշխատանքային խմբի հերթական հանդիպումը թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվա նախօրեին

ByAAVR

Թրաֆիքինգի հարցերով աշխատանքային խմբի հերթական հանդիպումը թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվա նախօրեին

Թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվա՝ հուլիսի 30-ի նախօրեին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ մեկնարկեց «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով» խորհրդի աշխատանքային խմբի հերթական հանդիպումը:

Օրակագում հարցեր էին ուղղված Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքների կազմակերպմանը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից արված նպատակային հետազոտությունների և զեկույցների վերլուծություններ և քննարկումներ:

Հանդիպման մասնակիցներին ողջունելուց հետո աշխատանքային խմբի ղեկավար Վ. Կաժոյանը խոսքը փոխանցեց Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) ներկայացուցիչ Ն. Ասատրյանին, ով ներկայացրեց ՄՄԿ-ի կողմից իրականացված «Հարավային Կովկասի երկրներում մարդկանց թրաֆիքինգի հակազդման բացերի հայտնաբերում և կարիքների գնահատում» ծրագրի արդյունքները: Աշխատանքային խմբի անդամները ՄՄԿ-ի ներկայացուցչի հետ միասին վերլուծեցին ծրագրի յուրաքանչյուր հավելվածի սկզբունքները և արդյունքներն ընդունեցին ի գիտություն:

2016թ.-ի հուլիսի 1-ին ԱՄՆ Պետքարտուղարության հրապարակված զեկույցի քննարկման ժամանակ նախ նշվեց աշխատանքային խմբի բոլոր մասնակիցների ներդրումը թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքներում, ինչի շնորհիվ  Հայաստանն արդեն  չորրորդ տարին անընդմեջ ընդգրկված է առաջին խմբի երկրների ցանկում: Աշխատանքային խմբի անդամ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության «Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի»  ծրագրերի համակարգող Մ. Հովհաննիսյանի անմիջական մասնակցությամբ մանրամասն ուսումնասիրվեց նաև ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցի «Առաջարկներ Հայաստանին», «Քրեական հետապնդում», «Պաշտպանություն» և «Կանխարգելում» բաժինները: Հայաստանի 2016-2017 թթ. հակաթրաֆիքինգային գործողությունների ծրագիրը քննարկելիս, որոշվեց ջանքեր գործադրել և գործնական քայլեր ձեռնարկել՝ զեկույցում Հայաստանի մասով նշված առաջարկներն իրականացնելու համար: Առաջարկները քննարկելիս արձանագրվեց, որ տասը առաջարկից երկուսի իրականացումն այնուամենայնիվ խնդրահարույց է:

Դրանք են՝

  • աշխատանքային տեսուչներին օժտել կանոնավոր տեսչական ստուգումներ անցկացնելու ու անսպասելի ստուգայցերի միջոցով զոհերին բացահայտելու իրավասություններով,
  • աշխատել Ռուսաստանի իշխանությունների հետ հարկադիր աշխատանքի հայ զոհերին բացահայտելու և աշխատանքային թրաֆիքինգ իրականացնողների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հարցում:

Ինչ վերաբերում է տեղական մասնավոր զբաղվածության ծառայությունների լիցենզավորմանը և կանոնակարգմանը, պարզ դարձավ, որ այս ոլորտի կարգավորումը մեկ տարվա ընթացքում դժվար իրագործելի է: Քննարկումների արդյունքում որոշվեց ուսումնասիրել, ՄՄԿ-ի ռեսուրսի օգտագործմամբ, Թուրքիայում հայ զոհերի բացահայտման և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու համար անհրաժեշտ մեխանիզմի մշակման հնարավորությունները:

Որոշվեց նաև համակարգել գերատեսչությունների և ՀԿ-ների կողմից իրականացվող գործողությունները՝ բնակչության իրազեկության բարձրացմանն ուղղված աշխատանքներում:

Օրակարգի հաջորդ հարցն ուղղված էր թրաֆիքինգի զոհերի նույնացման հանձնաժողովի աշխատանքի և ծագած խնդիրների ամփոփ ներկայացմանն ու քննարկմանը: «Թրաֆիքինգի զոհերի նույնացման հանձնաժողով»-ի կատարած աշխատանքաների մասին ամփոփ զեկույցով հանդես եկավ նաև ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Է. Վիրապյանը: Ուշագրավ էին զոհերի մասով ընթացիկ վիճակագրության, ՀՀ պետական կառույցների կողմից օգնության չափերի, թիրախային խմբերի իրազեկության բարձրացմանն ուղղված աշխատանքների ներկայացումները և վերլուծությունները: Աշխատանքի ընթացքում ծագած խնդիրներից խոսելիս Է. Վիրապյանը նշեց, որ նույնացման ցուցիչների բացակայությունը հանդիսանում  է հիմնական դժվարություններից մեկը, որին ի պատասխան ՄՄԿ-ի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ մոտ ապագայում այդ ցուցիչները կմշակվեն իրենց գրասենյակի օժանդակությամբ: Է. Վիրապյանը նաև տեղեկացրեց, որ հանձնաժողովի անդամներն այցել են մի շարք մարզեր, որտեղ ներկայացրել են զոհերի նույնացման և աջակցության նոր մեխանիզմերը տարբեր շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների (բժիշկներ, խնամակալության ու հոգաբարձության  հարցերով զբաղվող աշխատակիցներ, ոստիկաններ, սոցիալական աշխատողներ, զբաղվածության գործակալներ):

Իրավական դիտարկումներ «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքի, դրա հիման վրա ընդունված և այլ իրավական ակտերի առնչությամբ օրակարգային հարցի շուրջ ելույթով հանդես եկավ ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչ Դ. Թումասյանը, ով ներկայացրեց նշված օրենքի հիման վրա ընդունված և այլ իրավական ակտերի առնչությամբ իրավական դիտարկումներ, որոնք ընդունվեցին ի գիտություն և որոշվեց այս հարցին անդրադառնալ ավելի ուշ:

Հաջորդ օրակարգային հարցը նվիրված էր ԵԱՀԿ գործող նախագահի մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հատուկ ներկայացուցիչ Մադինա Ժարբուսինովայի 2016 թ. հոկտեմբերին Հայաստան կայանալիք այցի նախապատրաստական հարցերի քննարկմանը, որը ներկայացրեց Վ. Կաժոյանը: Քննարկումների արդյունքում որոշվեց հնարավորության դեպքում կազմակերպել Մ. Ժարբուսինովայի հարցազրույցը Հանրային հեռուստատեսությամբ և բացի երկկողմ հանդիպումներից առաջարկներ ներկայացնել այցի շրջանակներում կոնֆերանսի կամ կլոր սեղանի կազմակերպման կապակցությամբ:

Օրակարգի հաջորդ հարցը մարդկանց թրաֆիքինգի զոհերի նույնացման և ուղղորդման աջակցության անդրազգային ուղղորդման մեխանիզմների ներկայացումն էր, որով հանդես եկավ աշխատանքային խմբի քարտուղար Լ. Հակոբյանը: Նա հիմնականում ներկայացրեց ս. թ. հունիսի 21-ից 22-ը Ստրասբուրգում Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ԵԽ Կոնվենցիայի կիրառման ազգային պատասխանատուների հանդիպմանը իր մասնակցության մանրամասները, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի զոհերի նույնացման և ուղղորդման աջակցության անդրազգային համագործակցության առկա մոդելները: Լ. Հակոբյանի զեկույցն ընդունվեց ի գիտություն:

Այլ հարցերի շրջանակը բավականին լայն էր՝ սկսած աշխատանքային խմբի հանդիպումներին ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչների կայուն մասնակցության հարցից մինչ www.antitrafficking.am կայքէջի անխափան աշխատանքի և ֆինանսավորման հարցերը:

Այլ հարցերի շարքում քննարկվեց նաև՝

  • Ավստրալացի իրավապաշտպանների պատրաստած ստրկության վերաբերյալ զեկույցը (Slavery index), համաձայն որի՝ Հայաստանում ստրկության մեջ ապրում է 14 100 մարդ: Որոշվեց պատրաստել պատասխան նամակի նախագիծ և հերքել այդ տեղեկատվությունը:
  • Բելառուսի կողմից իրագործված “Group of Friends United against Human Trafficking” նախաձեռնությանը միանալու հարցը: Որոշվեց, որ Վ. Կաժոյանը խմբի անդամներին կտեղեկացնի ԱԳՆ-ում այս հարցի վերաբերյալ ընդունված վերջնական որոշման մասին:
  • 2016-2018 թթ. Գործողությունների ազգային ծրագրով նախատեսված նախորդ ազգային ծրագրի մշտադիտարկման իրականացման հարցը: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Օ. Բաբայանը տեղեկացրեց, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է ֆինանսավորել մշտադիտարկման անցկացումը: Որոշվեց մինչև ս.թ. սեպտեմբերի առաջին կեսը ԵԱՀԿ-ին տրամադրել իրավասության սահմանները, ինչի հիման վրա պետք է մշակվի մեթոդաբանություն և անցկացվի անկախ փորձագետի ընտրություն:

Կայացավ ևս մեկ շատ կարևոր և արդյունավետ հանդիպում՝ ուղղված Հայաստանում մարդկանց թրաֆիքնգի դեմ պայքարի աշխատանքների կազմակերպմանը:

Share

About the author

AAVR administrator