Ժամանակակից ստրկության 10 առանձնահատկությունները

ByAAVR

Ժամանակակից ստրկության 10 առանձնահատկությունները

Ժամանակակակից ստրկության դեմ պայքարի ամենամեծ խոչընդոտներից է նրա «լատենտ» առտահայտումը․երբեմն մարդկանց թրաֆիքինքը թաքնված է անցնում, ուստի դժվարին պայքարում շատ կարևոր է երևույթին և նրա դրսևորումներին տիրապետելը, գիտելիք ունենալը:

Մարդկանց թրաֆիքինգը ավելի լավ հասկանալու և վերլուծելու համար ներկայացնում ենք 50ForFreedom բլոգի նյութերով կազմած տասը կետերից ցանկը, որը Ձեզ կօգնի էլ ավելի լավ հասկանալ թե ի՞նչ է նշանակում թրաֆիքինգը և հատկապես որ իրավիճակներում հայտնված մարդկանց կարելի է որակել իբրև թրաֆիքինգի զոհ:

1. ՆՐԱՆՑ ԽԱԲԵԼ ԵՆ

Թրաֆիքինգի շատ զոհեր խաբվել են “լավ հնարավորությունների” հեռանկարներով, ինչը հետագահում սուտ է եղել: Բերենք ձեզ մի օրինակ Զամբիայից. երիտասարդ կնոջը մատուցողի աշխատանք էին խոստացել Եվրոպայում, սակայն նշանակման վայր ժամանելուն պես պարզվել էր, որ նման աշխատանք գոյություն չունի և նրա ապագա վերադասը՝ կավատ է: Նրան բռնաբարել էին ու ծեծի ենթարկել, այնուհետև ստիպել աշխատել որպես մարմնավաճառ: Օգնություն խնդրելու հնարավորություն չկար…

2. ՆՐԱՆՔ ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ԵՆ

Թրաֆիքինգի զոհերին հաճախակի ֆիզիկապես մեկուսացնում են և ստիպում աշխատել հեռավոր վայրերում, զրկելով նրանց ընկերների, ընտանիքի հետ շփումից, կամ նույնիսկ մի այլ մարդու հետ, ով խոսում է իրենց հարազատ լեզվով:

Օրինակ, չինացի մի աղջիկա ստիպել էին Ֆրանսիայում աշխատել որպես տնային տնտեսուհի տարվա 365 օրը, արգելելով տանից դուրս գալ: Աշխատանքի տեսուչները, ովքեր զբաղվում էին այս դեպքով, իրենց հաշվետվության մեջ նշել էին, որ աղջկան մեկուսացրել էին բոլոր չինացի հարազատներից, այն դեպքում երբ նա գրեթե ֆրանսերեն չէր խոսում: Աղջիկը այդ տարվա ընթացքում չէր կարող ոչ մեկի հետ խոսել կամ օգնություն խնդրել:

3. ՆՐԱՆՑ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ ԽԼԵԼ ԵՆ

Անձնագրի կամ այլ անձը հաստատող կարևոր փաստաթղթի առգրավումը նույնպես տարածված միջոց է, որով զոհին ստիպում են ընդունել աշխատանքային ծանր պայմանները:

Օրինակ, Նեպալից մի տղամարդ, ով Մերձավոր Արևելքում աշխատում էր որպես հավաքարար, երկար ժամանակ չէր կարողանում հեռանալ իր աշխատանքից և վերադառնալ տուն, քանի որ գործատուն խլել էր նրա անձնագիրն ու հրաժարվում էր վերադարձնել այն: Առանց անձնագրի տղամարդը չէր կարող վերադառնալ տուն, իսկ ոստիկանություն գնալ վախենում էր, քանի որ մուտքի արտոնագիր չուներ:

4. ՆՐԱՆՔ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ՊԱՐՏՔԸ ՄԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Թրաֆիքինգի շատ զոհեր ստիպված հարկադիր աշխատանքի մեջ են հայտնվում, քանի որ աշխատում են պարտքը մարելու համար: Սակայն խոսքը սովորական պարտքի մասին չի գնում. թրաֆիքինգի դեպքում զոհը ո՛չ իրավունք, ո՛չ հնարավորություն ունի պարտքը վերադարձնելու պայմանների մասին բանակցություններ վարի պարտատիրոջ հետ: Ընդհակառակը՝ պարտատերը ինքն իր հայեցողությամբ յուրաքանչյուր պահի կարող է ավելացնել պարտքի չափը, կամ վերադարձնելու նոր պայմաններ առաջ բերել:

Այս երևույթը կոչվում է “պարտքի գերություն” և հատկապես տարածված է Հարավային Ասիայում:

Դիտարկենք այս կետը Պակիստանցի մի տղայի օրինակի վրա, որը վաշխառույից 200 ամերիկյան դոլարի համարժեք գումար էր պարտքով վերցրել: Երբ տղան վերադարձրեց պարտքի մի մասը վաշխառուն սկսեց պնդել, որ պարտքը կազմել է 400 դոլարին համարժեք գումար: Պակիստանցի տղան չկարողացավ ապացուցել իր պարտքի չափը և ստիպված էր աշխատել հանքում, որպեսզի մարի իր պարտքը:

5. ՆՐԱՆՑ ԲԱՐՁՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԵՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ, ԲԱՅՑ ԵՐԲԵՔ ՉԵՆ ՎՃԱՐՈՒՄ

Անկանոն կամ ուշացումով տրվող աշխատավարձը միշտ չէ, որ որակվում է որպես ժամանակակից ստրկություն: Սակայն երբ աշխատավարձը միտումնավոր պահվում է որպես ստիպողական միջոց աշխատակցին աշխատատեղը փոխելուց պահելու, ճնշում գործադրելու կամ աշխատանքային վատ պայմաններ ընդունելու համար, ապա դա արդեն կարող է որակվել, որպես հարկադիր աշխատանքի ախտանիշ:

Օրինակ, Նիգերիացի մի երիտասարդ մեկնել էր այլ երկիր ֆերմայում աշխատելու։ Նրան խոստացել էին սենյակ, սնունդ ու լավ աշխատավարձ, սակայն երբեք չէին վճարել: Ամեն անգամ երբ նա հարցնում էր իրեն հասանելիք գումարի մասին, ֆերմայի տերը խոստանում էր մի փոքր ուշ վճարել: Երբ երիտասարդը վերջապես սպառնաց, որ կլքի աշխատավայրը, ֆերմայի տերը նրան ծեծի ենթարկեց և սպառնաց, որ այլևս չի վճարի նրան:

6. ՆՐԱՆՔ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ԱՐՏԱԺԱՄՅԱ, ՍԱԿԱՅՆ ԵՐԲԵՔ ՉԵՆ ՎՃԱՐՎՈՒՄ ԴՐԱ ՀԱՄԱՐ

Մի երիտասարդ Բանգլադեշից, ով աշխատանք էր գտել շինարարական ասպարեզում պատմում էր, որ նա աշխատել է առանց հանգստի ու ընդմիջումների ընդհուպ մինչև 19 ժամ, ինչի համար երբևէ չի վճարվել և արձակուրդ չի ունեցել:

“Նրանք ինձ կենդանու պես էին վերաբերվում”, – պատմում էր այնուհետև այդ տղան:

Հավելյալ աշխատանքային ժամերը գրեթե միշտ հարկադիր աշխատանքի ցուցանիշ են, սակայն վերջնական հաստատել թրաֆիքինգ է դա արդյոք թե ոչ կարող են միայն համապատասխան իրավական մարմինները, դեպքը քննելուց հետո:

7. ՆՐԱՆՔ ԱՊՐՈՒՄ ԵՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՐԱՑՆՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Մի Բրազիլացի աշխատանքային տեսուչ հիշում է պլանտացիայում թրաֆիքինգի զոհերին փնտրելու մի պատմություն. “Պլանտացիայի տերերը այդ մարդկանց պահում էին թփերի մեջ թաքցրած փոսերում, որպեսզի թաքցնեն նրանց մինչև մեր գնալը: Այդ մարդիկ ապրում էին պլաստիկից սարքած տնակներում և կեղտոտ ջուր խմում”…

Ժամանակակից ստրկության զոհերը երբեմն դիմանում են աշխատանքային անմարդկային պայմաններին, որոնք ոչ մի այլ հանգամանքներում չէին ընդունի: Երբեմն հարկադիր աշխատանքի միակ ապացույց են հանդիսանում հենց աշխատանքային պայմանները:

8. ՆՐԱՆՑ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԿԱՄ ԱՀԱԲԵԿՈՒՄ

Սպառնալիքներն ու ահաբելումը ժամանակակից ստրկության ձևաչափերից են, հիմնականում օգտագործվում է զոհի խոցելիությունը, նրա թույլ դիրքորոշումները:

Եթովպիացի մի կին, ով Լիբանանում սպասուհի էր աշխատում որոշել էր դուրս գալ աշխատանքից: “Երբ ես ասացի դրա մասին իմ գործատու կնոջը նա սկսեց սպառնալ ինձ, որ ինձ չի ազատի աշխատանքից մինչև ես նրան 600 ԱՄՆ դոլար չվճարեմ, այլ դեպքում նա սպառնում էր իմ մասին ոստիկանությունում հայտնել և ասել, որ ես այդ երկրում գտնվելու համապատասխան փաստաթղթեր չունեմ: Ես ոչինչ անել չէի կարող, քանի որ իրոք համապատասխան փաստաթղթեր չունեի և վախենում էի, որ ոստիկանությունում ինձ չեն օգնի”:

9. ՆՐԱՆՔ “ԹԱԿԱՐԴՈՒՄ” ԵՆ ԳՏՆՎՈՒՄ

Ղազախստանցի 16-ամյա մի աղջիկ, ում տեղափոխել էին Ռուսաստան և ստիպել մարմնավաճառ աշխատել պատմում է, որ նրան մի սենյակում էին պահում, որտեղ պատուհաններին ճաղեր կային իսկ դուռը երկաթից էր:

“Փախչելը, ֆիզիկապես դուրս գալը այդ սենյակից անհնար էր”, – պատմում է աղջիկը: “Նրանք դուրս էին տանում ինձ հաճախորդների մոտ, հետո հետ բերում սենյակ պահակախմբի հսկողության տակ”:

Մարդկանց առևանգումն ու նրանց փակ տարածքում հարկադրաբար պահելը հարկադիր աշխատանքի և թրաֆիքինգի ցուցանիշներ են:

10. ՆՐԱՆՑ ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ ԿԱՄ ԲՌՆԱԲԱՐԵԼ ԵՆ

Ֆիզիկական բռնությունը ժամանակակից ստրկության ողբերգական ցուցանիշներից է: Այն օգտագործվում է զոհին վերահսկելու, “կոտրելու” համար, ստիպելու անել առաջադրանքներ, որոնք զոհը կատարել չի համաձայնվում. օրինակ, սեռական կապի մեջ մտնել գործատուի հետ, կամ աշխատել առանց վարձատրության…

Share

About the author

AAVR administrator