Կայացավ ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը

ByAAVR

Կայացավ ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը

Հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին կից Թրաֆիքինգի դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի (ԹԱԽ) հերթական նիստը աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանի ղեկավարությամբ:


Աշխատանքային խմբի անդամներից յուրաքանչյուրը ներկայացրեց թրաֆիքինգի վերաբերյալ ընթացիկ հարցեր: Քննարկումը բացվեց ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Օվսաննա Բաբայանի ելույթով, ով ներկայացրեց իրենց կողմից իրականացվող հետազոտական ծրագրի ընթացքը և այն խնդիրները, որոնք առաջ են եկել այդ ընթացքում: Առաջարկվեց բացի ընտրված մարզերի տնային տնտեսությունների հետազոտությունից, հետազոտել նաև հատուկ հաստատությունները՝ կապված երեխաների հարկադիր աշխատանքի հետ:

Այս հարցը առաջ բերեց Գիտության և կրթության նախարարության ներկայացուցիչ՝ Անահիտ Մուրադյանի դիմադրությանը, քանի որ ըստ նրա հիմնավորման՝ առավել ևս հատուկ հաստատությունների երեխաների շրջանում անցկացվող հետազոտությունների արդյունքները, որպես կանոն, շատ հեռու են լինում իրականից, քանի որ երեխաները սիրում են ֆանտազիա բանեցնել, երբ որևէ խնդրի շուրջ նրանց հետ հարցում է անցկացվում: Այնու -հանդերձ իրավաբանների միջամտությամբ քննարկվեցին հարցաշարի փորձարկման պայմանների խնդիրը, մասնավորապես երեխաների հարցաքննման վայրը, հարցաքննման ժամանակ ծնողների կամ խնամքի հաստատությունների ներկայացուցիչների և անպայման հոգեբանների ներկայության հարցը:

Երեխաների հարցման հետ կապված առաջարկվեց դրանք իրականացնել տնային տնտեսություններում: Ա.Մուրադյանի կողմից վեր բարձրացվեցին նաև հարցեր ինչպիսիք են՝ հատուկ խնամքի հաստատություններում կամ մանկատներում երեխաներին առանձին հարցաքննելու վտանգները, երեխաների հոգեկան պատրաստվածությանն համապատասխան զգուշության կիրառումը, ինչպես նաև հաշմանդամ երեխաների հետ հարցաքննման միջոցներն ու համապատասխան մեթոդոլոգիան:

Այսպիսով, հանդիպման հիմնական թեման դարձավ երեխաների համար նախատեսված հարկադիր աշխատանքի հետազոտության նպատակով կազմված հարցաշարի թիրախային խմբի ընտրությունը. թե որ երեխաների համար է նախատեսված հարցաշարը` հատուկ խնամքի հաստատությունների, թե սոցիալապես վատ պայմաններում գտնվող ընտանիքների, որտեղ երեխաներն ենթարկվում են հարկադիր աշխատանքի և երբեմն ստիպված են մուրացկանություն անել, չհաճախելով դպրոց: Այս մասով որոշում կայացվեց ընդգրկել բոլոր երեխաներին:

Օվսաննա Բաբայանը նաև անդրադարձավ մեթոդոլոգիայի խնդրին՝ նշելով որ, մինչև ձմեռ որոշ մարզերից ստանալով հարցումների արդյունքները, ԵԱՀԿ-ում կկարողանան հստակեցնել մեթոդոլոգիան, և որ մեթոդոլոգիայի վերջնական հստակեցումը անհնար է առանց հարցաշարի փորձարկման արդյունքների:

Հարկ է նշել նաև, որ հարցաթերթիկների բովանդակային մասը ԵԱՀԿ-ն համաձայնեցնում է Գիտության և կրթության նախարարության և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն հետ:

Աշխատանքային նիստի մյուս հարցը վերաբերում էր “Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին” օրենքի նախագծին: Ոստիկանության գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Ռոբերտ Գրիգորյանը նշեց, որ նախագիծն արդեն Ազգային ժողովում է, ուսումնասիրվել է համապատասխան հանձնաժողովի կողմից, և սպասում է Ազգային ժողովի օրակարգ մտնելուն:

Քննարկվող հարցերի շարքում հանդես եկավ նաև “Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա” ՀԿ-ի նախագահ Արզուման Հարությունյանը, որը ներկայացրեց կազմակերպության կողմից թողարկված սոցիալական հոլովակները Հանրային հեռուստաընկերությամբ անվճար հեռարձակելու հետ կապված խնդիրները և խնդրեց աշխատանքային խմբին միջնորդել, որպեսզի ՀՀ կառավարությունը նամակով դիմի Հ1 հոլովակները անվճար հեռարձակելու համար: Խնդրանքը բավարարվեց և Վ.Կաժոյանը ստանձնեց այս խնդրի լուծման կազմակերպման գործընթացը: Միաժամանակ Ա.Հարությունյանը իր շնորհակալությունը հայտնեց ՀՀ Ոստիկանությանը ի դեմս Տիգրան Պետրոսյանի հոլովակները Ոստիկանության “Հերթապահ մաս” և “02” հաղորդաշարերում տեղադրելու համար: Այս կապակցությամբ ՀՀ—ում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչ Մարիցա Հովհաննիսյանը նշեց, որ այս համագործակցության մասին անպայման պետք է նշել առաջիկայում ձևավորվող TIP հաշվետվության մեջ:

Նիստի ավարտին Վ.Կաժոյանը ներկայացրեց աշխատանքային խմբի նոր անդամին՝ Առողջապահության նախարարության աշխատանքային տեսչության աշխատակից՝ Ստեփան Շահումյանին:

ԹԱԽ հերթական նիստի լուսանկարները կարող եք դիտել Ֆեյսբուքի մեր պաշտոնական էջում՝ https://www.facebook.com/media/set/?set=a.972009799479090.1073741846.815159858497419&type=1

Անահիտ Առաքելյան
“Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացում” ծրագրի կամավոր

Share

About the author

AAVR administrator