Հունիսի 4-ին Երևանում կայացավ Համընդհանուր իրավունքների ամենամյա մրցանակաբաշխությունը, որին մասնակցեցին ՀՀ պետական պաշտոնյաներ, օտարերկյա դիվանագետներ, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը «Կառավարության բարեփոխիչ» անվանակարգում Համընդհանուր իրավունքների մրցանակը հանձնեց Թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբին (ԹՊԱԽ):
«Շնորհավորանքներս ԹՊԱԽ-ին Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության «Կառավարության բարեփոխիչ» պարգևին արժանանանլու համար: ԹՊԱԽ-ում նվիրյալներ են, ովքեր իրենց ներդրումն են ունենում թրաֆիքինգի դեմ պայքարում և ՀՀ կառավարության ու քաղաքացիական հասարակության համագործակցության մեջ՝ թրաֆիքինգ հանցանքի կանխարգելմանը, տուժողներին աջակցություն ցուցաբերմանը, թրաֆիքինգ իրականացնողների նկատմամբ քրեական հետապնդումների ապահովմանն ու գործընկերությունների ձևավորմանն ուղղված ծրագրերի իրականացման միջոցով:
ԹՊԱԽ-ը կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության լավագույն օրինակն է, իսկ գործունեության տպավորիչ արդյունքները փաստում են, որ երբ կառավարությունն ու քաղաքացիական հասարակությունն աշխատում են միասին, լսում միմյանց, ապա փոփոխությունների կատարմանն ուղղված նրանց ջանքերն առավել արդյունավետ են»,- ասաց դեսպան Միլսը:
Իր հերթին աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը իր ելույթում շնորհակալություն հայտնեց իր գործընկերներին՝ աշխատանքային խմբի բոլոր անդամներին, ՀՀ նախկին փոխվարչապետ և ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանին, ընգծելով, որ թրաֆիքինգի դեմ պայքարի հաջողությունն ու արդյունավետ աշխատանքը կառույցի անդամների միասնականության, իրար լսելու ու նպատակասլաց աշխատելու մեջ են:
Նշենք, որ ԱՄՆ դեսպանությունը, Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, Բրիտանական դեսպանությունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը արդեն ամենամյա դարձած Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ընթացքում իրենց գնահատականն են հայտնում այն անձանց, ովքեր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների, հաշվետու կառավարման, քաղաքացիական ակտիվության, տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումների ու ազատ խոսքի խթանման դիրքերից:
Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի հավատարմատար Դիրկ Լորենցը «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիային հանձնեց «Խիզախ կին» մրցանակը: «Եվրոպական միությունը բարձր է գնահատում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ջանքերն՝ ուղղված կանանց իրավունքների պաշտպանության խթանմանն ու Հայաստանում ընտանեկան բռնության զոհերի աջակցությանը»,- ասաց Դ.Լորենցը:
Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Քեթի Լիչը «Մեդիա գերազանցություն» մրցանակը հանձնեց Զարուհի Մեջլումյանին: «Ամբողջ աշխարհում լրագրողները վճռորոշ դեր են խաղում արդարադատության համակարգի ձախողումները վեր հանելու գործում:
Որոշ լրագրողներ իրականում շահերի պաշտպաններ են. ակտիվորեն, գիտակցաբար և հատուկ լուսաբանում են անարդարությունները, սխալը ճիշտ են դարձնում, բարձրացնում են իրազեկությունը, օգնում են անհատներին և մատնացույց են անում համակարգային խնդիրները: Ես ուրախ եմ հայտարարել, որ այս տարվա «Մեդիա գերազանցություն» մրցանակը տրվում է Զարուհի Մեջլումյանին՝ իր բացառիկ արհեստավարժության և ցմահ դատապարտյալների մասին գրելու ու նրանց իրավունքները պաշտպանելու համար»,- ասաց Ք.Լիչը:
Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար, տկն. Նատալյա Վուտովան հանձնեց «Տեղական ինքնակառավարման բարեփոխումների առաջատար» մրցանակը՝ Ախուրյանի գյուղապետ Արծրունի Իգիթյանին: «Պրն. Իգիթյանի ստեղծագործ և շրջակա միջավայրի խնդիրների նկատմամբ հոգատար ղեկավարման շնորհիվ Ախուրյան համայնքը դարձել է ապրելու համար ավելի առողջ ու բարենպաստ վայր, որտեղ քաղաքացիների սոցիալական իրավունքներն ավելի լավ են պաշտպանվում ու խթանվում»,- ասաց Ն.Վուտովան:
ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն «Ներառման խթանում» մրցանակը հանձնեց «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանին, ով ըստ ՄԱԿ-ի մշտական համակարգողի, Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների բարելավման առաջամարտիկն է: «Նրա աշխատանքը հանգեցրել է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական, տնտեսական և մշակութային ինտեգրմանը:
Նշենք մի քանի օրինակ, նա բարելավել է Երևանի հասանելիությունը՝ առավել հարմարավետ դարձնելով քաղաքային ավտոբուսները ու կառուցելով թեքահարթակներ, աշխատանքային հնարավորություններ ստեղծել հաշմանդամություն ունեցող տասնյակ անձանց համար, ինչպես նաև առաջիններից է, ով Հայաստանում նախաձեռնեց անկախ ապրելու շարժումը»,- ասաց Բ.Բուզետտոն:
Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը առաջին անգամ կազմակերպվել է 2012 թվականին Հայաստանում միջազգային հանրության կողմից, որպեսզի գնահատի այն անհատներին և կազմակերպություններին , ովքեր ամեն օր ձգտում են գերազանցության, իրավահավասարության խթանման, ներառման և բարեփոխումների՝ հաճախ կորցնելով իրենց սեփական շահերը և նույնիսկ վտանգելով իրենց կյանքը:
Այս պարգևները մրցանակակիրների կողմից մարդու հիմանարար ազատությունների պաշտպանության հարցում ցուցաբերած մշտական զոհաբերության և պայքարի միջազգային հանրության գնահատումն են:
About the author