ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը դարձել է աշխարհում 47-րդ պետությունը, որն ավարտել է Եվրոպայի խորհրդի՝ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիայի վավերացումը («Լանզարոտի կոնվենցիա»)։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքը:
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը վավերագիրը ի պահ է հանձնել գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատտաինի-Դրագոնիին:
«Ես ողջունում եմ Հայաստանի կողմից Լանզարոտի կոնվենցիայի վավերացումը։ Կոնվենցիան եզակի գործիք է կանխելու և պայքարելու ամենադաժան հանցագործություններից մեկի դեմ, որը, ցավոք, դեռևս շատ տարածված է մեր հասարակության մեջ»,- ասել է Բատտաինի-Դրագոնին:
Կոնվենցիան ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից ։
2007-ին իսպանական Լանզարոտեում ստորագրված կոնվենցիան միջազգային համաձայնագիր է, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում երեխաների սեռական շահագործման համար։ Սա առաջին միջազգային համաձայնագիրն է, որն ուղղված է երեխայի շահագործման կանխարգելմանը նաև տանն ու ընտանիքում։Կոնվենցիան վավերացրած երկրները համաձայնություն են տալիս քրեական պատասխանատվությանը սեռական համաձայնության տարիքի չհասած երեխաների հանդեպ սեռական գործողությունների համար, անկախ կոնտեքստից։ Բացի այդ, կոնվենցիան պարտավորեցնում է քրեական պատիժ սահմանել երեխաներին մարմնավաճառության մեջ նեգրավելու, ինչպես նաև մանկական պոռնոգրաֆիայի (ներառյալ այն ամենը, որտեղ երեխան պատկերված է բացահայտ սեռական բնույթի իրական կամ ձևացյալ գործողություններ կատարելիս, կամ երեխայի սեռական օրգանների ցանկացած ցուցադրում` գլխավորապես սեռական նպատակով) արտդրության, տրամադրման, տարածման, ձեռքբերման և պահման համար։ Առաջարկվում են մի շարք միջոցներ, որոնք ուղղված են երեխաների սեռական շահագործման կանխարգելմանը։ Ըստ կոնվենցիայի, երեխա է համարվում 18 տարին չլրացած անձը։
About the author