Հարց 3: Երբ ծնողներն իրենց երեխաներին դրդում են մուրացկանության, դեպքը որակավորվու՞մ է որպես թրաֆիքինգ: Ի՞նչ քրեական պատասխանատվության են ենթարկվում ծնողները:

ByAAVR

Հարց 3: Երբ ծնողներն իրենց երեխաներին դրդում են մուրացկանության, դեպքը որակավորվու՞մ է որպես թրաֆիքինգ: Ի՞նչ քրեական պատասխանատվության են ենթարկվում ծնողները:

Պատասխան՝

Եթե ծնողն իր երեխային ներգրավում է մուրացկանության մեջ, ապա արարքը որակվում է ՀՀ քրեական օրենսգրքի 166.1-րդ հոդվածի 2-րդ մասով / Երեխային ոգելից խմիչքների օգտագործմանը, ուժեղ ներգործող կամ այլ թմրեցնող նյութերի ոչ բժշկական օգտագործմանը, թափառաշրջիկությանը ներգրավելը կամ մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելը/: Այդ արարքը պատժվում է տուգանքով՝ 300000-500000 ՀՀ դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ մեկից հինգ տարի ժամկետով:Ծանրացնող հանգամանքների դեպքում արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

Եթե ծնողը չի սահմանափակվում երեխային մուրացկանության մեջ ներգրավվելով, այլ դրանից հետո երեխայի մուրած գումարները օգտագործում է իր անձնական կարիքները հոգալու համար, փաստացի շահագործում է երեխային, ապա ծնողի արարքում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունը / Երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգը կամ շահագործումը/, որը պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասնհինգ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

Եթե ծնողն ինքն է մուրացկանությամբ զբաղվում և երեխան գտնվում է ծնողի մոտ, ապա այստեղ հանցակազմը բացակայում է, եթե երեխան այն տարիքի է, որ չի գիտակցում մուրացկանության բովանդակությունը, նշանակությունը, հետևանքները: Օրինակ, 1 տարեկան երեխան գրկած մուրացող մոր արարքում հանցակազմ դեռևս չկա:

 

<– վերադառնալ

About the author

AAVR administrator