Հուլիսի 30, Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օր: Հանդիպում երեխաների հետ

ByAAVR

Հուլիսի 30, Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օր: Հանդիպում երեխաների հետ

Ամեն տարի հուլիսի 30-ին աշխարհը նշում է Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Այս տարի արշավը կրում է «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում ոչ մի երեխայի չթողնել առանց ուշադրության» ուղերձը: Տարվա գլոբալ արշավը կենտրոնանում է երեխաների խոցելիության վրա և կոչ անում ակտիվացնել երեխաների թրաֆիքինգի դադարեցման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) նախաձեռնությամբ այդ օրը շատ կարևոր հանդիպում կազմակերպվեց Աջափնյակ վարչական շրջանի երեխաների աջակցության կենտրոնի երեխաների հետ։ Հանդիպմանը նպատակն էր երեխաներին փոխանցել այնպիսի գիտելիքներ՝ որոնք կօգնեն նրանց և նրանց մերձավորներին խուսափել մարդկանց թրաֆիքինգից։

Դահլիճում հավաքված երեխաներին և մանկավարժներին ԱՍՀՆ Մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի մասնագետ Անի Թաթոյանը ներկայացրեց այցի նպատակը և Հուլիսի 30-ի խորհուրդը՝ Կապույտ սիրտը, մասնավորապես նշելով, որ 2009թ.-ին ՄԱԿ-ը նախաձեռնել է «Կապույտ սիրտ» իրազեկման արշավը, որի նպատակն է ամբողջ աշխարհում բարձրացնել մարդկանց թրաֆիքինգի և հասարակության վրա դրա ազդեցության վերաբերյալ տեղեկացվածությունը:   

Հանդիպմանը որպես հանրային իրազեկման փորձագետ հանդես եկավ «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ՝ Արզուման Հարությունյանը, ով մասնավորապես կանգ առավ ամբողջ աշխարհում և Հայաստանում երեխաների թրաֆիքինգի խնդիրներին.

«Երեխաներն ամբողջ աշխարհում ենթարկվում են թրաֆիքինգի գրեթե բոլոր ձևերին՝ հարկադիր աշխատանք, հանցավորության կամ մուրացկանության դրդում, թրաֆիքինգի նպատակով ապօրինի որդեգրում, սեռական բռնություն և շահագործում և վերջապես կիբերթրաֆիքինգ իր բոլոր դրսևորումներով: Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ ՄԱԿ-ի գլոբալ զեկույցի համաձայն՝ մարդկանց թրաֆիքինգի յուրաքանչյուր երրորդ զոհը երեխա է»:

Հանդիպմանը շատ ակտիվ երկխոսություն ծավալվեց երեխաների և և փորձագետի միջև՝ թե որտե՞ղ է թաքնված թրաֆիքինգի վտանգը, ինչպես խուսափել և անհրաժեշտության դեպքում ո՞ւմ դիմել։ Այնուհետև միասին դիտեցին և քննարկեցին antitrafficking.am կայքում զետեղված «Կանգնեցնենք երեխաների թրաֆիքինգը» ուղերձով սոցիալական հոլովակը։

Արզուման Հարությունյանը հանդիպմանը ներկայացրեց նաև ՀԿ-ի կողմից թողարկված ինքնանույնացման պաստառ և թերթոն, վերջինս երեխաների ծնողներին բաժանելու համար։

«Աուդիո-Վիուալ» թիմ

Լուսանկարները՝ Գայանե Մանուկյանի (ԱՍՀՆ լրատվության պատասխանատու)

Share

About the author

AAVR administrator