Մոր կողմից իր 6 ամսական երեխային աշխատանքային շահագործման հանձնելու գործով անմեղսունակ ճանաչված ամբաստանյալը դատարանի որոշմամբ ազատվեց քրեական պատասխանատվությունից և պատժից:
Ինչպես հայտնում է ՓաստԻնֆո-ն Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ամբաստանյալի նկատմամբ կկիրառվի բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ նա կստանա արտահիվանդանոցային հսկողության հարկադիր բուժում հոգեբույժի մոտ:
Սեպտեմբերի 7-ի նիստի ընթացքում մեղադրողը հրապարակեց մեղադրական եզրակացությունը, ըստ որի երեխայի մայրն ու ամբաստանյալը 2011 թվականի սեպտեմբերին ծնված որդուն 2012թ. փետրվարից մինչև 2013թ. հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում «դրել և պահել են ստրկությանը հավասարազոր` աշխատանքի վատթարագույն՝ մուրացկանության շահագործման վիճակում»:
Ամեն օր՝ ժամը 14:00-ից մինչ երեկո, մայրը երեխային հանձնել է ամբաստանյալին, իսկ վերջինս էլ Երևան քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գտնվող «Սթար» սուպերմարկետի մոտ նրան գրկում պահելով՝ երեխայի առկայության հանգամանքով քաղաքացիների խղճահարությունը հարուցելով, զբաղվել է մուրացկանությամբ: Ամբաստանյալն ու երեխայի մայրը օրական վաստակած 4.000-ից 6.000 ՀՀ դրամ գումարներն ուղղել են իրենց առօրյա կարիքները հոգալուն:
Երեխայի մորը և ամբաստանյալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երեխայի թրաֆիքինգը կամ շահագործումը:
Գործով երկու ամբաստանյալներն էլ նախաքննության ընթացքում կատարված փորձաքննության համաձայն, ճանաչվել էին սահմանափակ մեղսունակ, սակայն դատաքննության ընթացքում դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ ճանաչվել են անմեղսունակ:
Մեղադրողը գտնում է, որ ամբաստանյալը կատարել է հանրորեն վտանգավոր արարք, սակայն ուսումնասիրելով գործով ձեռք բերված ապացույցները՝ մեղադրողն արձանագրեց, որ ամբաստանյալը արարքը կատարելու պահին և ներկայումս ևս գտնվել և գտնվում է անմեղսունակության վիճակում, որը զրկել և զրկում է իր գործողությունների վտանգավորությունը գիտակցելու և այդ գործողությունները ղեկավարելու ունակությունից:
Ուստի և մեղադրողը միջնորդեց ազատել նրան քրեական պատասխանատվությունից և պատժից՝ նրա նկատմամբ կիրառելով բժշկական բնույթի հարկադրական միջոց՝ պարտադիր բուժում հատուկ հսկողություն հոգեբուժական բաժանմունքում:
Ամբաստանյալը դատարանին խնդրեց, որ տան պայմաններում բուժումը շարունակի:
About the author